Իրանի խորհրդարանը հաստատել է միջուկային գործունեության ակտիվացման մասին նախագիծը
Քաղաքականություն
01.12.2020 | 14:57Իրանի խորհրդարանը հաստատել է միջուկային գործունեության մասին նախագծի ընդհանուր դրույթները, հայտնել է Fars գործակալությունը։
«Պատժամիջոցները վերացնելու ռազմավարական գործողություն» անունը կրող փաստաթուղթը որոշվել է արագացված ընթացակարգով քննարկել միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունից հետո։ Խորհրդարանում օրինագծի օգտին քվեարկել է 290 պատգամավորից 251-ը։
Խորհրդարանը դեռևս ծրագրում է քննարկել փաստաթղթի առանձին դրույթները։ Բացի այդ, դրա հաստատման համար անհրաժեշտ է Սահմանադրության պահապանների խորհրդի համաձայնությունը։ Այդ դեպքում օրենքը պարտադիր կլինի կիրառման համար։
Օրինագիծը նախատեսում է տարեկան 120 կիլոգրամ ուրանի արտադրություն, որը պետք է լինի 20 տոկոս հարստացման մակարդակով։
Տաթև Ֆռանգյան