Lուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ ՏԱՍՍ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.10.2020 | 18:39Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացվում է ստորև.
ТАСС – Պարոն վարչապետ, վերջին շրջանում Դուք բազմաթիվ հարցազրույցներ եք տվել տարբեր երկրների զանգվածային լրատվության միջոցներին: Բայց իրավիճակը տարածաշրջանում շարունակում է արագորեն փոխվել: Այդ պատճառով մենք կցանկանայինք կանգ առնել, մեր կարծիքով, առավել սկզբունքային, հիմնական կետերի վրա, որոնք առանձնապես փոփոխությունների ենթակա չեն և կարող են օգնել մեր ընթերցողներին՝ ավելի լավ հասկանալ Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում:
Դուք արդյոք տեսնո՞ւմ եք Մոսկվայում համաձայնեցված հրադադարին վերադառնալու հնարավորություն, թե՞ այն արդեն վերջնականապես տապալվել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք հիշատակեցիք միջազգային զանգվածային լրատվամիջոցների մասին: Ես կցանկանայի ընդգծել, որ, կարծում եմ, այս պահին միջազգային հանրության կարծիքը փոխվում է: Այն փոխվում է, և մարդիկ ավելի շատ են տեղեկանում այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում: Եվ, իհարկե, սա կապված է ոչ միայն մեր կառավարության ակտիվ տեղեկատվական քաղաքականության հետ, այլև ակտիվ գործողություններով, որոնք ձեռնարկում է հայկական սփյուռքը:
Եվ ես ուզում եմ ընդգծել, որ, ճիշտ է, ոչ բարձր կամ բարձրագույն քաղաքական մակարդակով, բայց այժմ արդեն նկատվում են որոշակի տեղաշարժեր Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման գործընթացում: ԱՄՆ բավական շատ նահանգներ, եվրոպական մի շարք քաղաքներ արդեն ընդունել են համապատասխան փաստաթղթեր, բանաձևեր, որոշումներ: Արդեն մի քանի եվրոպական խորհրդարաններում ընդունվել են Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր:
Գործնականում այսօր միջազգային հանրությունը կասկած չունի, որ Թուրքիան ամբողջովին ներգրավված է ռազմական գործողություններում, և որ Թուրքիան է եղել այս պատերազմի գլխավոր նախաձեռնողը: Որ Թուրքիան է վարձել և Սիրիայից հակամարտության գոտի տեղափոխել ահաբեկիչներին և վարձկաններին: Ցավոք, մենք արդեն տեսնում ենք, որ այդ վարձկանների մի մասը տեղափոխվում է Հյուսիսային Կովկաս՝ արդեն ուղղակիորեն Ռուսաստանի տարածք: Մենք արդեն տեսնում ենք ահաբեկչական խմբավորումների ակտիվությունը: Եվ ես վստահ եմ, որ սա պատահականություն չէ, քանի որ այն գործընթացները, որոնք այժմ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, արդեն դուրս են եկել Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից: Սա արդեն մի իրավիճակ է, որը շոշափում է մեր տարածաշրջանի և նույնիսկ տարածաշրջանից դուրս շատ այլ երկրների ազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
Եվ ես վստահ եմ, որ մինչ այժմ մեզ չի հաջողվել կյանքի կոչել մոսկովյան հայտարարությունը, որովհետև կան ուժեր, որոնք խոչընդոտում են դրան, շատ կոնկրետ խոչընդոտում են: Եվ առաջին հերթին դա Թուրքիան է: Թուրքիան շահագրգռված է մոսկովյան հայտարարության տապալմամբ 2 պատճառով՝ Թուրքիայի գործողություններն ուղղված են Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղմանը: Եկեք չմոռանանք, որ այդ հայտարարությունն ընդունվել է Ռուսաստանի նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ: Որոշ ուժեր և կոնկրետ Թուրքիան շահագրգռված են, որ Ռուսաստանի նախաձեռնությունը հաջողություն չունենա: Եվ դրանով նրանք հույս ունեն նաև դրանով խաթարել Ռուսաստանի հեղինակությունը Հարավային Կովկասում:
Կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, թե ինչ է կատարվում, և անհրաժեշտ է համառորեն աշխատել՝ մեր տարածաշրջան կայունությունը վերադարձնելու համար: Իհարկե, մենք շատ սերտորեն կհամագործակցենք Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ և հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները նույնպես կաջակցեն այդ ջանքերին:
ТАСС – Պարոն վարչապետ, Ռուսաստանը շարունակում է ելնել զինվորականների միջև անհապաղ հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունից՝ հրադադարի վերահսկման մեխանիզմը համաձայնեցնելու նպատակով: Արդյոք Հայաստանը համաձա՞յն է նման հանդիպմանը: Ի՞նչ ձևաչափով և ո՞ր կողմերի մասնակցությամբ է համաձայն Հայաստանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Անկեղծ ասած, նման նախաձեռնություն արդեն եղել է, և Մոսկվայում նշանակված էին կոնսուլտացիաներ, որոնց ակնկալվում էր Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ռազմական ներկայացուցիչների մասնակցությունը: Մեր ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա, կատարել են իրենց աշխատանքը: Սակայն, իմ տեղեկություններով, Ադրբեջանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները դեռևս չեն մասնակցել այս ձևաչափին, ինչը կարող է նշանակել, որ նրանք պարզապես հրաժարվում են անել դա: Ես չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ, իմ տեղեկություններով, մինչ օրս նրանք չեն մեկնել Մոսկվա, որպեսզի մասնակցեն այդ կոնսուլտացիաներին:
ТАСС – Խաղաղության մասին: Դուք պատրա՞ստ եք կարգավորումն սկսել Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները Ադրբեջանին փուլային ճանապարհով փոխանցելուց՝ Հայաստանի համար պահպանելով Լաչինի միջանցքը, մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես բազմիցս ասել եմ, և դա Հայաստանի՝ փաստացի բոլոր ժամանակների պաշտոնական դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մեզ համար ռազմավարական դեր ունի: Դուք ահա հիշատակեցիք մի տարբերակ: Ես գիտեմ, որ Հայաստանը մոտավորապես նմանատիպ մի լուծման պատրաստ է եղել մի քանի տարի առաջ: Այդտեղ, սակայն, մեկ նյուանս է եղել՝ իսկ ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ:
ТАСС – Նկատի ունեք Կազանյա՞ն համաձայնագիրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ թվում նաև Կազանյան նախաձեռնությունը: Բայց ցանկանում եմ ասել, որ այնքան էլ խելամիտ և պրագմատիկ չեմ համարում գնալ լուծման՝ կենտրոնանալով որոշ կարևոր կետերի վրա և ուշադրությունից դուրս թողնելով մյուս կարևոր կետերը: Պետք է հասկանալ, թե ինչպես է միևնույն կամ նմանատիպ հարցին պատասխանում Ադրբեջանը. իսկ պատրա՞ստ են արդյոք նրանք ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
ТАСС – Համաձա՞յն է արդյոք Հայաստանը տարածաշրջանում ռուսաստանյան ռազմական դիտորդների տեղակայմանը` զինադադարի և անվտանգության երաշխիքների ապահովման նպատակով: Եթե ոչ ռուսաստանյան, ապա մյուս ո՞ր երկրները կարող էին մասնակցել նման առաքելությանը: Ո՞ր երկրների մասնակցությանն է Հայաստանը կտրականապես դեմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես արդեն ասացի, որ մեր ներկայացուցիչները մասնակցել են և համաձայնեցրել են հրադադարի ռեժիմի մոնիթորինգի ուղղությամբ համատեղ գործողությունների ծրագիրը: Այսինքն՝ մենք մեր մասով աշխատանքն արդեն արել ենք՝ ռուսաստանյան գործընկերների հետ: Եվ ասացի, որ այդ Ադրբեջանն է, որ մինչ այժմ չի մասնակցել այդ աշխատանքներին:
Ինչ վերաբերում է երկրներին, որոնք կարող էին մասնակցել:
Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և մեզ համար ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները սատարում են Ռուսաստանի՝ տարածաշրջանում կայունության վերականգնմանը միտված ջանքերին: Եվ այս կամ այն երկրի մասնակցության վերաբերյալ բոլոր հարցերի մասով՝ կարծում եմ, այդ երկրներն արդեն նշված են, այն երկրները, որոնք պետք է ակտիվորեն մասնակցեն գործընթացին: Դա Ռուսաստանն է, որն այս գործընթացի ամենաակտիվ մասնակիցն է և նաև Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները, որոնք նույնպես մասնակցում են: Թե որը որքանով և ինչ ակտիվությամբ պետք է մասնակցի այդ գործընթացին, դա արդեն համանախագահող երկրների միջև համաձայնության գալու հարց է: Հայաստանը չի առարկում, որովհետև Հայաստանի համար ընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Այս պահին մեր ակնհայտ դիրքորոշումն այն է, որ Թուրքիան, որը գործնականում դարձել է այս պատերազմի գլխավոր հրահրողը, ոչ մի կերպ չի կարող մասնակցել խաղաղապահ կամ խաղաղ գործընթացներում, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիան շահագրգռված չէ խաղաղության մեջ:
ТАСС – Ռուսաստանը մտահոգություն հայտնեց Մերձավոր Արևելքից, մասնավորապես՝ Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի գոտի զինյալների տեղափոխման վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես այդ մասին արդեն խոսեցի: Չի կարող պատահականություն լինել այն, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի սկսվելուց, էսկալացիայից հետո, այն հաղորդագրություններից հետո, որ ահա այդ վարձկանները մասնակցում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին, կա տեղեկատվություն, այդ թվում՝ արաբական երկրների զանգվածային լրատվության միջոցներում, որ որոշ խմբավորումներ ջախջախվել են մարտի դաշտում, ցրվել են տարբեր կողմեր: Ինձ համար ակնհայտ է, որ Սիրիայից այն զինյալները – Ռուսաստանն արդեն պաշտոնապես ասել է, որ նրանք սիրիացի զինյալներ են – այդ ջախջախված խմբավորումների որոշ մասերը կամ առանձին դեմքերն ուղղակիորեն տեղափոխվում են Ռուսաստան, որովհետև կարծում եմ, որ նրանք Ռուսաստանը նույնպես համարում են թշնամի, ինչպես Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը: Հարցն այն է, թե ինչպես կշարունակվի այս ողջ գործընթացը: Արդյոք Ռուսաստանը կսպասի՞, որպեսզի այս բոլոր տարրերը տեղափոխվեն Ռուսաստանի տարածք, և այնտեղ իրականացվեն հակաահաբեկչական արշավ կամ հակաահաբեկչական գործողություններ: Չգիտեմ, միգուցե Ռուսաստանի կառավարությունում կամ հատուկ ծառայություններում քննարկվո՞ւմ է հենց տեղում հակաահաբեկչական օպերացիա ձեռնարկելու հնարավորությունը:
ТАСС – Նաև Լեռնային Ղարաբաղում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ նաև Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ է ձեռնարկել Սիրիայում, որը բավական հեռու է Ռուսաստանից: Որովհետև այնտեղ սիրիացի զինյալների և ահաբեկիչների գործողություններն ուղիղ սպառնալիք էին ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Այժմ արդեն ռուսաստանյան փորձագետները – ես, իհարկե, չգիտեմ, թե որքանով է ճիշտ այս հաշվարկը – ասում են, որ նրանք գտնվում են Ռուսաստանի սահմանից մոտ մինչև 80 կմ հեռավորության վրա: Սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանը լեգիտիմ իրավունք և հիմքեր ունի, որպեսզի արձագանքի այդ իրավիճակին:
ТАСС– Վերջին 26 տարում աշխարհն այդպես էլ չհասկացավ, թե գոնե ընդհանուր գծերով ի՞նչ տեսք կարող է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի առումով: Ինչպե՞ս եք տեսնում այս ապագան: Պատրա՞ստ եք զիջումների գնալ հանուն խաղաղության, թե՞ ոչ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք պատրաստ ենք փոխզիջման: Մենք միշտ ենք դա ասել: Եվ մեզ համար փոխզիջման մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Եթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոխզիջմանը, ապա կարելի է ասել, որ փոխզիջման համար նախադրյալներ կան:
ТАСС – Արտաքին գործերի նախարարների հանդիպումը Մոսկվայում կայացավ՝ շնորհիվ 3 երկրների ղեկավարների պայմանավորվածության: Պատրա՞ստ եք ինքներդ գալ Մոսկվա, որպեսզի հանդիպեք Ձեր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասացի՝ մենք միշտ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ցավոք, այդ Ադրբեջանն է, որ համաձայն չէ այս տեսակետի հետ: Մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման: Իմիջիայլոց, եթե հակառակ կողմից չկա փոխզիջման պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի իրավունքի, մեր հայրենակիցների իրավունքների համար: Սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է: Եվ ես կարծում եմ, որ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է:
ТАСС – Պարոն վարչապետ, շնորհակալ եմ հարցազրույցի համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: