1000 խոշոր հարկատուները հունվար-սեպտեմբերին վճարել են շուրջ 721 մլրդ 397 մլն դրամ հարկ․ ովքե՞ր են առաջին տասնյակում
Տնտեսություն
19.10.2020 | 19:351000 խոշոր հարկ վճարողների կողմից այս տարվա հունվար-սեպտեմբերին, ընդհանուր առմամբ, վճարվել է շուրջ 721 մլրդ 397 մլն դրամ հարկ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից։
Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուները միասին վճարել էին շուրջ 764 մլրդ 558 մլն դրամ հարկ: Այսինքն՝ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերը նվազել են շուրջ 43 մլրդ 161 մլն դրամով կամ 5,6 տոկոսով։
2020-ի հունվար-սեպտեմբերի դրությամբ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ շուրջ 36 մլրդ 215 մլն դրամ հարկով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել է շուրջ 40 մլրդ 277 մլն դրամ հարկ։ Այսինքն՝ այս տարի, նախորդ տարվա համեմատ, ընկերության վճարած հարկերը նվազել են շուրջ 4 մլրդ 61 մլն դրամով կամ շուրջ 10.1 տոկոսով։ Նշենք, որ ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում էր երկրորդ տեղը։
Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, որը վճարել է շուրջ 34 մլրդ 866 մլն դրամ։ 2019-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել էր շուրջ 33 մլրդ 624 մլն դրամ հարկ: Այս դեպքում ընկերության վճարած հարկերն ավելացել են շուրջ 1 մլրդ 242 մլն դրամով կամ 3․7 տոկոսով։ Այս ընկերությունը ևս, նախորդ տարվա համեմատ, բարելավել է իր դիրքերը՝ 3-րդ տեղից հայտնվելով 2-րդ հորիզոնականում։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը գլխավորում էր նախորդ տարվա առաջին 9 ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը, այս տարի 3-րդ տեղում է։ 2020-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել է շուրջ 31 մլրդ 310 մլն դրամ հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 40 մլրդ 594 մլն դրամ հարկ, այսինքն՝ ընկերության վճարած հարկերը նվազել են շուրջ 9 մլրդ 284 մլն դրամով կամ 22.9 տոկոսով:
4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որը վճարել է 16 մլրդ 265 մլն դրամ։ Ընկերությունը 2019-ի հունվար-սեպտեմբերին վճարել էր շուրջ 12 մլրդ 524 մլն դրամ հարկ։ Այսպիսով՝ ընկերության վճարած հարկերն աճել են շուրջ 3 մլրդ 741 մլն դրամով կամ 29.9 տոկոսով։
5-րդ խոշոր հարկատուն «Սիփիէս Օիլ»-ն է, որը վճարել է շուրջ 14 մլրդ 361 մլն դրամ։ Ընկերությունը 2019-ի հունվար-սեպտեմբերին վճարել էր շուրջ 9 մլրդ 104 մլն դրամ հարկ, այսինքն՝ վճարված հարկերն աճել են շուրջ 5 մլրդ 257 մլն դրամով կամ 57.7 տոկոսով։
6-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած շուրջ 12 մլրդ 727 մլն դրամ հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 13 մլրդ 362 մլն դրամ հարկ, այսինքն՝ վճարված հարկերն այս դեպքում ավելացել են շուրջ 635 մլն դրամով կամ 4.7 տոկոսով:
7-րդ խոշոր հարկատուն «Ֆլեշ» ընկերությունն է, որը վճարել է շուրջ 11 մլրդ 953 մլն դրամ հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում ընկերությունը վճարել էր 10 մլրդ 750 մլն դրամ հարկ: Այսպիսով՝ ընկերության վճարած հարկերն աճել են շուրջ 1 մլրդ 203 մլն դրամով կամ 11.2 տոկոսով։
8-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն է՝ վճարած 10 մլրդ 518 մլն դրամ հարկով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել էր 9 մլրդ 701 մլն դրամ հարկ: Այսպիսով՝ ընկերության վճարած հարկերն ավելացել են շուրջ 817 մլն դրամով կամ 8.4 տոկոսով:
9-րդ խոշոր հարկատուն «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունն է, որը վճարել է 10 մլրդ 358 մլն դրամ հարկ։ 2019-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 6 մլրդ 654 մլն դրամ, այսինքն՝ ընկերության վճարած հարկերը աճել են շուրջ 3 մլրդ 703 մլն կամ 55.7 տոկոսով:
Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը վճարել է շուրջ 9 մլրդ 38 մլն դրամ հարկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր շուրջ 10 մլրդ 538 մլն դրամ հարկ, այսինքն՝ ընկերության վճարած հարկերը նվազել են 1․5 մլրդ դրամով կամ 14.2 տոկոսով: Նշենք, որ 2019 թվականի առաջին 9 ամիսներին ընկերությունը 1000 խոշոր կարկատուների ցանկում զբաղեցնում էր 7-րդ տեղը։
Անժելա Պողոսյան