Արցախի գանձերը. Շուշի կրթական հաստատություններ. ԿԳՄՍՆ

Լուրեր

15.11.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
15.11.2024 | 10:50
Որոշակի հրմշտոց է եղել. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:39
Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին․The New York Times
15.11.2024 | 10:30
NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են
15.11.2024 | 10:22
ՀԾԿՀ նախագահի թեկնածուն օրերս սառեցրել է անդամակցությունը ՔՊ-ում․ Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:16
«Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ ՀՀ-ի» գործով Հայաստանը գրանցել է լիարժեք հաղթանակ
15.11.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը` ՈՒՂԻՂ
15.11.2024 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 09:38
«1 ԲԻՍ» աստիճան բարդությամբ հրդեh՝ Սարյան փողոցում
14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Բոլորը

Թեմական դպրանոց. հիմնադրվել է 1838 թ. հունիսի 22-ին: «Դա աղքատության մեջ ծնված մի փոքրիկ հիմնարկություն էր, որ չի ունեցել նույնիսկ իր սեփական շենքը, այլ տեղավորված է եղել մի մասնավոր մարդու տանը: Սկզբում ունեցել է մոտ 20 աշակերտ: Առաջին ուսուցիչները հանձն են առել այնտեղ պարապել առանց վարձատրության»: 1852 թ. նոյեմբերին Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի կարգադրությամբ դպրանոցը փակվում է: Վերաբացվում է երեք տարի անց նույն կաթողիկոսի թույլտվությամբ: 1863 թվականաին, շնորհիվ նորանշանակ տեսուչ Պետրոս Շանշյանի ներդրած ջանքերի, դպրանոցը ենթարկվում է արմատական փոփոխությունների:

Մարիամյան օրիորդաց դպրոց. բացվել է 1864 թ. ապրիլի 7-ին: Այն օրիորդաց հնագույն դպրոցներից էր, որով էլ հիմք է դրվել Արցախում աղջիկների կրթության գործին: Դպրոցի կանոնադրությունը մշակել են Եղիշյան Ազգային հոգևոր դպրոցի տեսուչ Պետրոս Շանշյանն ու Պերճ Պռոշյանը: Դպրոցի բացմանը մեծապես նպաստել է նաև շուշեցի Մարիամ Հախումյանը: Դասերն ընթացել են Հախումյանների տան 5 սենյակներում: Տեսուչ է նշանակվել Պետրոս Շանշյանցը, տեսչուհի՝ Մարիամ Հախումյանը, իսկ վերակացու՝ կույս Եղիսաբեթ Սիմոնյանը: Դպրոցը, սակայն, երկար չի գործել: Արդեն 1872 թ. փակված հաստատության մասին նշվում է, որ այն «…զոհ եղավ խարդախ մարդոց ինտրիգներին»:

Հռիփսիմյան իգական դպրոց. հայտնի է, որ Մարիամյան դպրոցի փակվելուց որոշ ժամանակ անց` 1876 թվականին, Արիստակես վարդապետ Սեդրակյանի ջանքերով քաղաքում բացվում է իգական դպրոց և կրում Հռիփսիմյան անունը: Հաջորդ ուստարում դպրոցն ուներ 4 ուսուցիչ և 70 աշակերտուհի: Վերջիններիս թիվը 1881 թվականին արդեն հասել է 120-ի: Բացումից մեկ տարի հետո նորաբաց Հռիփսիմյան դպրոցն իր ճակատագիրը կապում է թեմական դպրոցի հետ. «…օրիորդաց դպրոցը նեցուկ ունէր թեմական դպրոցի նիւթական աղբիւրները……»: 1884 թ. դպրոցը գործել է 13 ուսուցիչներով և 171 աշակերտուհիներով: Մեկամյա (1885-1886 թթ.) ընդմիջումից հետո Մովսես Մանվելյանի տեսչության ներքո բացվել է որպես երկդասյա իգական դպրոց: 1888 թ. դպրոցում ուսանել է 199 աշակերտուհի, իսկ 1891 թվականին միջնակարգ դասընթացով գործող դպրոցը վերափոխվել է քառամյայի: 1896 թվականին այն փակվել է ցարական կառավարության հրամանով և վերաբացվել՝ 1906 թ. փետրվարին: 1908-1909 ուսումնական տարում երկսեռ կրթօջախը գործել է 5 բաժանմունքով. ուներ 218 սան (29-ը՝ տղա):

Ագուլեցոց Սբ Աստվածածին եկեղեցու երկսեռ դպրոց. դեռևս 1860-ական թթ. Շուշիի թեմական դպրոցի նորընտիր հոգաբարձությունը որոշում է կայացրել քաղաքի 4 եկեղեցիներին կից բացել ծխական դպրոցներ, սակայն շենքային հարմարություններ չունենալու պատճառով այն չի իրագործվել: Միայն գրեթե 40 տարի անց՝ 1908 թվականին, Ագուլեցոց Սբ Աստվածածին եկեղեցու գավթում հիմնադրվել է երկսեռ դպրոց, որը 1912 թվականին ուներ 60 աշակերտ:

Մեղրեցոց Սբ Աստվածածին եկեղեցու արական դպրոց. գտնվում էր Սբ Աստվածածին եկեղեցու գավթում: Բացման ստույգ տարեթիվը դեռևս հստակ չէ, սակայն 1873 թ. դրությամբ ուներ 26 աշակերտ: 1884 թ. ուներ 1 ուսուցիչ և 40 աշակերտ: Վերաբացվել է 1907 թվականին: 1908-09 ուսումնական տարում գործել է 2 բաժանմունքով, 70 աշակերտով: 1912 թվականին ուներ 70 աշակերտ: 1913 թ. դպրոցը վերանորոգվում է Թ. Խաչինյանցի նյութական միջոցներով (3000 ռուբլի), որի համար էլ նույն թվականին նա արժանացել է հայրապետական կոնդակի: 1915 թ. դպրոցն ուներ 3 ուսուցիչ և 126 աշակերտ:

 

Վերին թաղի Սբ ՀովհաննեսՄկրտիչ եկեղեցու «Թադևոսյան» արական ծխական դպրոց. 1895 թ. հիմնվել է շուշեցի Իսահակ Թադևոսյանի մեկենասությամբ: Երկար չի գոյատևել, քանի որ նույն թվականին ցարական կառավարության հրամանով այն ևս փակվել է և վերաբացվել՝ 1905 թ.` ազգային դպրոցները վերաբացելու թույլտվությունը ստացվելուց անմիջապես հետո: Եղել է «երկսեռ հոյակապ դպրոց», որը 1908-09 ուսումնական տարում ուներ 110 (30-ը՝ աղջիկ), 1912 թվականին՝ 120 աշակերտ, իսկ 1915 թվականին՝ 3 ուսուցիչ և 123 սան: Լինելով հոգաբարձության կազմում` Ի. Թադևոսյանը ոչ միայն «…աւելի քան յիսուն աշակերտի թոշակ, սնունդ և հագուստ էր մատակարարում», այլև դպրոցի գոյատևման համար հատկացրել է 30.000 ռուբլի, որի համար էլ արժանացել է հայրապետական օրհնության կոնդակի: Կուսանաց անապատի ծխական դպրոց. բացման տարեթիվն անհայտ է: 1873 թ. գործել է որպես երկսեռ դպրոց և ուներ 12 տղա և 20 աղջիկ աշակերտ: 1884 թ. ուներ 50 աշակերտ (բոլորն էլ տղա):

«ՄարիամՂուկասյան» դպրոց. 1912 թ. շուշեցի մեծահարուստ Աբրահամ, Արշակ, Հակոբ և Պողոս Ղուկասյան եղբայրներն իրենց վաղամեռիկ քրոջ՝ Մարիամի հիշատակը հավերժացնելու նպատակով դիմել են կաթողիկոսին և խնդրել թույլ տալ Շուշիի «Մարիամյան» իգական դպրոցը վերանվանելու «Մարիամ-Ղուկասյան»: Այդ գործի իրականացման համար նրանք «…իրանց սեփական երկյարկանի շինութիւնը, որ 50,000 րուբլուց աւել արժէ, նուիրել են հայոց Մարիամեան օրիորդաց դպրոցին, որ իրանց քրոջ անունով պէտք է անուանվի «Մարիամ-Ղուկասեան», ընդ որում, թե՛ նվիրաբերած առանձնատունը և թե՛ նոր կառուցվելիք որևէ շինություն դպրոցին հատկացրած հողամասի վրա պետք է ծառայեր միայն որպես դպրոցական կառույց և դրվեր Սբ Էջմիածնի տրամադրության ներքո: 1914 թ. դպրոցին հատկացված Ղուկասյանների առանձնատանը կից կառուցվում է ևս 10 դասարան, որի շինարարության համար եղբայրները նվիրաբերել են 30.000 ռուբլի, իսկ դպրոցի կենսագործունեությունը ապահովելուն տրամադրել ոն 200.000 ռուբլի: Աշխատանքները սկսվել են նույն թվականի փետրվարի 24-ին, իսկ մայիսի 20-ին Արցախի թեմի կառավարիչ Զավեն վարդապետի գլխավորությամբ տեղի է ունեցել հիմնօրհնեքը: Դպրոցի կանոնադրության մեջ նշվում է, որ կրթօջախը «…կառավարուելու է հայոց եկեղեցական ծխական կամ միջնակարգ դպրոցների կանոնադրութեամբ, բոլոր առարկաների դասաւանդութիւնը լինելու է անպայման Հայ լեզուով, բացի Ռուսաց լեզվից, Ռուսաց պատմութեան և աշխարհագրութեան դասերից…»: Դպրոցի հոգաբարձության նախագահն էր Արցախի թեմի առաջնորդը: 1915 թ. դպրոցն արդեն ունեցել է 11 ուսուցիչ և 320 աշակերտուհի: 1917 թ. վեցամյա դասընթացով գործող ուսումնական հաստատությունը գործել է լրիվ միջնակարգի դասընթացով:

Տիրացու Գայանե Դանիելյանի երկսեռ դպրոց. 1873 թ. այս դպրոցը գործել է Շուշիի Վերին թաղի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գավթում և ուներ 15 աշակերտ (10-ը` աղջիկ):

Հայկական մասնավոր դպրոցներ. հայտնի է, որ 1881 թ. քաղաքում գործել են նաև մի քանի մասնավոր կրթօջախներ՝ Ա. Բաղդասարյանի (29 աշակերտ), Ա. Պարոնյանի (40 աշակերտ), Ա. Տեր-Գրիգորյանի (30 աշակերտ), Ա. Տեր-Հովհաննիսյանի (35 աշակերտ) և Վ. Շախունցի (30 աշակերտ) դպրոցները: