Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ
Քաղաքականություն
30.09.2020 | 23:00ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ:
«Նախարարն իր շվեդ գործընկերոջը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, այդ թվում տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության թիրախավորման և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման դեպքերը:
Զոհրաբ Մնացականյանն իր խորը մտահոգությունը հայտնեց Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:
ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց առաջիկայում նախարար Լինդեին հյուրընկալել Հայաստանում, ինչը լավ հնարավորություն կընձեռի երկկողմ օրակարգին առնչվող հարցերի քննարկման և համագործակցության հետագա ծրագրերի ուղենշման համար»,- ասված է հաղորդագրությունում: