2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներն են սոմալացի մայր և դուստր իրավապաշտպանները՝ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը
Հասարակություն
17.09.2020 | 12:14Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հինգերորդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը շնորհում է Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին. մայր եւ դուստր Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը: Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ՝ նրանց շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս՝ շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իրենց ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանն ընտրել են երեք կազմակերպություն՝ «Love Does», «Փանզի» հիմնադրամ եւ «Փրաջվալա», որոնք պայքարում են ազատության եւ մարդու իրավունքների համար, առաջնային բուժօգնություն տրամադրում մարգինալ խմբերին եւ փրկում սեռական թրաֆիքինգի զոհերին։ Հենց այս կազմակերպություններն էլ կդառնան մեկ միլիոն դոլար մրցանակի շահառուները։
Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանն ընտրվել են 2020 թ. «Ավրորայի» հերոսներից, որոնք հայտարարվեցին 2020 թ. ապրիլի 24-ին: Բացի սոմալացի իրավապաշտպաններից, բացառիկ հերոսների թվում էին նաեւ կոնգոյացի ակտիվիստ Անժելիկ Նամայկան, փախստականներին բաց ծովում փրկող Սոֆի Բոն եւ Կլաուս Ֆոգելը եւ աֆղանստանցի մանկավարժ Սաքինա Յակուբին:
Առ այսօր «Ավրորան» ձեռնարկել եւ աջակցել է բազմաթիվ նախագծերի ավելի քան 30 երկրում, որոնցից օգտվում է շուրջ մեկ միլիոն մարդ, որոնք տառապում են պատերազմի վայրագությունների, սովի, առողջապահության պակասի, ցեղասպանության կամ մարդու իրավունքների լուրջ խախտումների հետեւանքով: Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մրցանակը ձգտում է ընդլայնել համաշխարհային մարդասիրական շարժումը՝ շարունակելով երախտագիտության շղթան աշխարհով մեկ:
Երկար տարիներ Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը պաշտպանում են կանանց իրավունքները, նպաստում խաղաղաշինությանը եւ իրականացնում մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ: Նրանք համաշխարհային ճանաչման են արժանացել իրենց քաջության, համառության եւ Սոմալիի ժողովրդին նվիրվածության համար։
«Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը մարմնավորում են «Ավրորա» մրցանակի ոգին եւ «Երախտագիտությունն՝ ի գործ» մեր գաղափարախոսությունը: Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ արտահայտելու մեր խորին հիացմունքը եւ գնահատանքն այն աշխատանքի համար, որ նրանք անում են Սոմալիում: Նրանք երկրորդ հնարավորություն, ապագայի հույս են տալիս մարդկանց, ոգեշնչում՝ վարելու ավելի իմաստալից կյանք: Նրանց խիզախությունը, անձնազոհությունը, այլասիրությունը, իդեալիզմը, ինչպես նաեւ կատարած աշխատանքն արտացոլում են «Ավրորա» համաշխարհային շարժման արժեքները»,- նշեց Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը:
Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին իր տեսաուղերձում, որում հայտարարում է դափնեկիրներին, ասաց. «2020 թ. ծանր տարի էր, բայց ինչպես բոլոր ճգնաժամերը` այն եւս միավորեց մեզ: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ֆարթունի եւ Իլվադի նման բազմաթիվ մերօրյա հերոսներ ի հայտ եկան, որոնք հիշեցնում են մեզ համընդհանուր մարդկայնության մասին»:
«Վերջին հինգ տարում «Ավրորան» տարածել է այն գաղափարը, որ բարի գործերը կարող են փոփոխություն բերել, երբ դրանք իրար են գումարվում, իսկ Ֆարթունի եւ Իլվադի խիզախությունը դրա վառ վկայությունն է»,- ավելացրեց Հարվարդի պրոֆեսոր, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Սամանտա Փաուերը:
Անցած տարիներին «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ են եղել բուրունդացի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016 թ.), ամերիկացի բժիշկ եւ միսիոներ Թոմ Քաթինան (2017 թ.), ռոհինջա իրավապաշտպան Չո Լա Աունը (2018 թ.) եւ եզդի ակտիվիստ Միրզա Դինային (2019 թ.):
2020 թ. հոկտեմբերի 19-ին տեղի կունենա «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» հատուկ առցանց միջոցառում, որը կհեռարձակվի Նյու Յորքի հանրային գրադարանից՝ մեծարելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ հարգանքի տուրք մատուցելով Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին: 2021 թ․ մարտին Նյու Յորքում տեղի կունենա նաեւ ոչ առցանց միջոցառում, որը կուղեկցվի էկումենիկ արարողությամբ՝ նվիրված կորոնավիրուսի զոհերի հիշատակին:
Միջոցառումների ընթացքում հավաքված միջոցները կօգնեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին՝ շարունակելու իրենց գործը: Դուք կարող եք միանալ «Ավրորային» եւ աջակցել «Երախտագիտությունն՝ ի գործ» շարժմանը ձեր նվիրատվությամբ։ Իմացեք ավելին՝ այցելելով www.auroraprize.org: