ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորվեց. Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել
Հասարակություն
03.09.2020 | 18:00ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման կադրային համալրման գործընթացը:
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամաններով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում նշանակվել է Սիրո Ամիրխանյանը, վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ Տիգրան Ենոքյանը, վարչության ավագ դատախազների պաշտոններում՝ Անի Սարգսյանը և Գևորգ Քոչարյանը, իսկ վարչության դատախազի պաշտոնում՝ Տիգրան Դավթյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի սեպտեմբերի 1-ի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համանձայն՝ նույն օրենքի 4-33-րդ հոդվածները, որոնցով սահմանվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բոլոր հիմնական իրավական գործընթացներն ու գործառույթները, ուժի մեջ են մտնում ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից։
Նկատի ունենալով, որ արդեն նշանակվել են պատասխանատու վարչության 5 դատախազներ՝ ստորաբաժանումը համարվում է ստեղծված, և վերոնշյալ օրենքն, ըստ էության, ամբողջությամբ մտնում է ուժի մեջ:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այսօր, սեպտեմբերի 3-ին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի և նորաստեղծ վարչության նորանշանակ դատախազների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Շնորհավորելով նրանց նշանակվելու կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ստեղծված ստորաբաժանումն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության համար նախադեպը չունեցող բնույթի և ծավալների աշխատանք ենթադրող գործառույթներ, ինչը պահանջում է բազմապատիկ ավելի մեծ պատասխանատվություն, բարձր պրոֆեսիոնալիզմ, բարեխղճություն, նվիրում ստանձնած առաքելությանը և կուռ, թիմային գործունեություն:
Արթուր Դավթյանը հավելել է, որ այդ գործառույթների իրացման առումով ստեղծված նոր ստորաբաժանումից, ինչպես նաև ընդհանուր առմամբ Դատախազությունից հանրային պահանջները չափազանց մեծ են, պարտավորեցնող և բոլոր ռեսուրսները պետք է ներդրվեն օրենքով սահմանված կարգով և բացառապես անհրաժեշտ հիմքերի առկայության պայմաններում ապօրինի ծագում ունեցող գույքը պետությանը վերադարձնելու, այդպիսով սոցիալական արդարությունը վերականգնելու և իրականացվող հակակոռուպցիոն պայքարի արյունավետությունն ապահովելու համար: Ուստի, հիմնվելով մասնավոր և հանրային շահի համափաչ և իրավաչափ պաշտպանության սկզբունքի վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունից, ինչպես նաև այն ներկայացնող բոլոր դատախազներից պահանջվում է բացարձակ անաչառություն, սկզբունքայնություն, բացառապես օրենքի տառով առաջնորդվելու հաստատակամություն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործընթացն առանց ձգձգումների և կանոնակարգված իրականացնելու համար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների հստակ չափորոշիչներ սահմանելու, դատախազության այլ ստորաբաժանումներից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն սկսելու՝ օրենքով սահմանված հիմքեր պարունակող քրեական գործերի, վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը վարչությանը համակարգված և սխեմավորված տրամադրելուն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: