Հրայր Թովմասյանի երկու տարին. ինչպես ընտրվեց և հեռացվեց ՍԴ նախագահի պաշտոնից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.06.2020 | 23:47Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին 89 կողմ ձայնով ընդունված սահմանադրական փոփոխությունները, ըստ գործադիր և օրենսդիր մարմինների, արդեն ուժի մեջ են մտել: Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի նախագահ չէ, այլ դատավոր։ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանն էլ կուղարկվեն թոշակի:
Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն երեք նոր դատավորներ և ՍԴ նախագահ: Այսպիսով՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից միայն երկու տարի անց իշխանություններին հաջողվեց որոշակի փոփոխություններ անել Սահմանադրական դատարանում: Սակայն փաստենք, որ այս շրջանում հեղափոխական թիմը չկարողացավ հասնել բարձր դատարանի յոթ անդամների փոփոխությանը:
Factor TV-ին վերհիշել է, թե ՍԴ կազմի փոփոխության համար անցած երկու տարիներին իշխանություններն ինչպիսի լուծումներ առաջարկեցին։ Օրինակ՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ քննարկվեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը: «Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման 94 էջանոց նախագիծ էր պատրաստել, որտեղ ներկայացված էին այն էական կարգապահական խախտումները, որոնք Սահմանադրական դատարանը թույլ էր տվել երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում: Հղում անելով հայաստանյան օրենսդրությանն ու միջազգային պրակտիկային՝ նախագծում հիմնավորվում էր, որ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ խախտվել է դատարանի անաչառության սկզբունքը: Աշխատանքներին էլ մասնակցություն է ունեցել Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը: 13 օր անց, սակայն, Սահմանադրական դատարանը մերժեց «Իմ քայլի» դիմումը և այն վարույթ չընդունեց:
Այս նախաձեռնությանը զուգահեռ Արդարադատության նախարարությունը նաև շրջանառության մեջ էր դրել նախագիծ, որով բարձր դատարանի յոթ անդամներ, որոնց թվում էր նաև Հրայր Թովմասյանը, կարող են անցնել վաղաժամ թոշակի: Նախագծի համաձայն ՍԴ դատավորները մինչև իրենց պաշտանավորման ավարտը ստանալու էին իրենց հասանելիք աշխատավարձը: Սակայն ՍԴ որևէ անդամ այս օրենքից չօգտվեց, վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 27-ն էր: Սահմանադրական դատարանում, այսպես ասած, հեղափոխություն անելու համար իշխանությունները որոշեցին նաև հանրաքվե անցկացնել:
Այս տարվա փետրվարի 6-ին Ազգային ժողովը ձայների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու որոշում։ Հանրաքվեով փոփոխություն էր կատարվելու 7-րդ գլխում, ՍԴ նախագահի և անդամների լիազորությունները դադարեցվում էր: Հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին: Սակայն կորոնավիրուսի համաճարակի արդյունքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի չունեցավ։
Միաժամանակ վերհիշել ենք, թե Հրայր Թովմասյանին ինչպես հաջողվեց ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնել, այն էլ՝ հին Սահմանադրության կարգավորումների համաձայն՝ մինչև 65 տարեկանը: Հրայր Թովմասյանը, բարձր դատարանի նախագահ ընտրվեց 2018 թվականի մարտի 21-ին՝ նոր Սահմանադրության կարգավորումների ուժի մեջ մտնելուց ընդամենը օրեր առաջ։ Ընդ որում, դրա համար ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ստիպված եղավ ժամանակից շուտ դադարեցնել լիազորությունները։
Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Հրայր Թովմասյանի ընտրությունը ՍԴ նախագահ՝ դեռ այն ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը համարեց հակասահմանադրական։ Թե Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներն ինչ ընթացք կունենան կամ նոր ընտրվող դատավորները արդյոք կարդարացնե՞ն հանրության սպասելիքները, ցույց կտա ժամանակը։
Մանրմասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան