Մեր երկիրը կարող է անցնել կորոնավիրուսի փոթորկի միջով, պաշտպանել մեր ժողովրդավարությունը, ինքն իրեն, ինչպես նաև Արցախի ժողովրդին ադրբեջանական սպառնալիքներից. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
26.06.2020 | 21:27Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հոդվածը «The National Interest» պարբերականում
Կորոնավիրուսը յուրովի փորձարկեց մեծ ու փոքր, հարուստ և աղքատ, հարստությամբ և տեխնոլոգիական առաջընթացով երկրների ճկունությունն ու միասնականությունը՝ ապահովելով լավագույն դեպքում պաշտպանվածության քիչ երաշխիքներ։ Միացյալ Նահանգներից տասնյակ հազարավոր կմ հեռու գտնվող փոքրիկ և դեպի ծով ելք չունեցող Հայաստանը գտնվում էր կայուն տնտեսական զարգացման ճանապարհին, որի շարժիչ ուժը մեկուկես տարի առաջ տեղի ունեցած ժողովրդավարական անցումն էր, երբ վրա հասավ կորոնավիրուսը։
Սոցիալական հեռավորությունն ու տնտեսական զարգացման տեմպերի դանդաղումը, որին հետևեց առևտրային թռիչքների և սահմանահատումների մեծ մասի ընդհատումը, մեծ բեռ դրեց մեր տնտեսության, հատկապես դրա առավել սրընթաց զարգացող հատվածների՝ ծառայությունների, զբոսաշրջության և գյուղատնտեսական արտահանումներ վրա։ Երկրով մեկ հայտարարված «Մնա տանը» կոչը, դիմակներ կրելու պահանջը, լայնամասշտաբ թեստավորումն ու կոնտակտավորների բացահայտումը, ինչը զուգակցվում էր հիվանդանոցային մահճակալների ֆոնդի և հանրային իրազեկվածության ավելացմամբ, բավական աջակցեցին համավարակի դեմ պայքարին։ Մենք աստիճանաբար շարժվում ենք դեպի տնտեսության վերաբացում։ Կոմերցիոն թռիչքները շուտով կվերականգնվեն, և երկիրն նպատակադրված է վերագտնելու իր տնտեսական հաղթանակները։
Սակայն կորոնավիրուսի ստեղծած առողջապահական և տնտեսական մարտահրավերները միակ փորձությունը չէ, որին առերեսվում է մեր երկիրը։ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ պատմությունը, մշակութային բազմազանությունը և ժամանակակից քաղաքականությունը միակցվում են՝ ձևավորելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային անջատարար գծեր, որոնք կարող են առաջացնել հակամարտություն, եթե դրանք չարժանանան ուշադրության կամ հմուտ վերաբերմունքի։
Կովկասը գտնվում է աշխարհագրական խաչմերուկում, հանգույց, որտեղ միանում են Եվրոպան, Ասիան ու Մերձավոր Արևելքը․ տարածաշրջան, որը հակված է ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության։ Հայաստանը վարում է հավասարակշիռ, բազմակողմ արտաքին և անվտանգային քաղաքականություն՝ հասցեագրելու և մեղմացնելու այս մարտահրավերը, նվազեցնելու բռնությունն ու ստեղծելու կայունություն։ Այս ներառական տեսլականը մեզ թույլ է տալիս ձգտելու անհրաժեշտ համագործակցության և դաշնակցային հարաբերությունների Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Եվրոպական Միության, ինչպես նաև այլ տարածաշրջանային կողմերի և միավորումների հետ։
Հայաստանի համար մասնավորապես կարևոր է ԱՄՆ հետ ամուր հարաբերությունների պահպանումը, մեր հասարակությանն ու արժեքներին առնչվող պատճառներից ելնելով։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները թեև գտնվում են տարբեր աշխարհամասերում, բայց մենք ունենք ընդհանուր արժեքներ, գաղափարներ, նպատակներ և այն յուրատիպ մարդկային կապը, որ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի ունի բարեկամ կամ ընկեր, ով ամերիկացի է, շատ ավելի ամուր է, քան մեր աշխարհագրական դիրքը։
Հայաստանի դեսպանի կարգավիճակով ԱՄՆ ժամանելուց հետո իմ առաջին ջանքերը ուղղված են եղել ԱՄՆ կառավարության հետ տանել աշխատանքներ՝ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության մեկնարկի համար։ Սա մեր աճող հարաբերությունների համար մի ձևաչափ է, որ ներառում է քաղաքականություն, առևտուր, էներգետիկա, տեխնոլոգիաներ, պաշտպանություն, քաղաքացիական հասարակություն և մարդասիրական հարցեր։ Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրում է չափազանց կարևոր զարգացման օգնություն, որը քառորդ դարից ավել օգնել է մեզ ամրապնդել մեր տնտեսությունը և ստեղծել ամուր քաղաքացիական հասարակություն․ սրանք վերջերս Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների երկու առանցքային շարժիչ ուժերն էին։
Այնուհանդերձ, մենք նաև առերեսվում ենք նույնիսկ ավելի անմիջական վտանգի․ մեր հարևան Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի, որը Հայաստանի ժողովրդավարական վերափոխումը դիտվում է որպես սպառնալիք, այլ ոչ որպես մոդել՝ հնչեցնելով պատերազմ սկսելու սպառնալիքներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջերս սպառնացել է «միջոցներ ձեռնարկել, որոնք կլինեն առավել ավերիչ, քան 2015, 2016 և 2018 թվականների ընթացքում ձեռնարկածները», և որ «թշնամին կկրի լայնածավալ կորուստներ», քանի որ «միակ լեզուն, որով պետք է խոսել թշնամու հետ, ուժի լեզուն է»։
Չնայած նրան, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարն էր կոչ արել առողջապահական այս աննախադեպ ճգնաժամի պայմաններում համաշխարհային մակարդակով դադարեցնել թշնամական գործողությունները, Ադրբեջանն ընտրեց ավելացնել իր պատերազմական հռետորաբանությունը Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ, որն իր անկախությունը հռչակել է 1991թ՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում և հաջողությամբ պաշտպանել այն Ադրբեջանի ռազմական ագրեսիայից։
Ռազմատենչության դրսևորման վերջին ապացույցն այն էր, որ մեր հարևանն անցկացրեց լայնամասշտաբ զորավարժություններ հենց անցյալ ամիս՝ համավարակի ընթացքում։ Այս գործողություններն այնքան անհանգստացնող էին, որ հանգեցրեցին Կոնգրեսի երկկուսակցական խմբի անդամների կողմից դրանք դատապարտելուն և այս գործողությունները որպես «վտանգավոր» և «անխոհեմ» որակելուն։ Թվում է թե ալիևյան վարչակարգը, որն այնքան սովոր է ծաղրելու և սպառնալու սեփական քաղաքացիներին առանց հաշվի առնելու նրանց հիմնարար իրավունքները, որ կարծում է, թե կարող է վախեցնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։
Ի տարբերություն, Հայաստանն ամբողջովին հավատարիմ է խաղաղ գործընթացին, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ամբողջ երկիրը ներգրավված է համավարակի դեմ պայքարի գործում։ Մեր երկիրը փորձեց վերակենդանացնել գործընթացը՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղան․ մի դեր, որն այն ունեցել է դեռ 90-ականների կեսերին։ Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայությունը հույժ կարևոր էր՝ 1994թ․ հաստատված և ուժի մեջ գտնվող հրադադարը պահելու համար, և այսօր էլ կլինի հրամայական՝ մշտական խաղաղության վերափոխելու համար։
Ցավալի է, որ հակահայ ատելության խոսքը, որն ուղեկցվում է ռազմատենչ և ռազմական սադրանքներով, Ադրբեջանի ղեկավարության ձեռքում գործիք են դարձել սեփական ժողովրդի ուշադրությունը վատթարացող ներքաղաքական խնդիրներից շեղելու համար։ Նման դիրքորոշումը ոչ միայն սպառնալիք է Արցախի ու Հայաստանի, այլ նաև տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար։
Գրեթե երեք տասնամյակ Արցախի ժողովուրդը ստեղծել է իր ժողովրդավարությունը՝ արդար ու ազատ ընտրությունների միջոցով և ձգտել տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման՝ անկախ պատերազմի մշտական վտանգից։ Նրանք հասկանում են, որ անվտանգությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված են, և որ ժողովրդավարական հասարակությունները լավագույնս հակված են հակամարտությունները խաղաղ կարգավորելուն։ Անկախության հռչակումից ի վեր Արցախն անց է կացրել վեց նախագահական և յոթ խորհրդարանական ընտրություններ՝ ներառյալ վերջինը, որի արդյունքում ընտրվել է նորընտիր նախագահ և խորհրդարան։
Ինչևէ, Ադրբեջանը մերժում է բանակցել Արցախի ներկայացուցիչների հետ, քանի որ դա օրինականացնում է նրանց իրավունքները։ Միջազգային հանրությունը չպետք է պատանդ լինի մի երկրի անհանդուրժողականությանը, պետք է հարաբերվի Լեռնային Ղարաբաղի հետ, կլինի դա նրանց ժողովրդավարությանը աջակցելով, տրամադրելով միջազգային աջակցություն կորոնավիրուսի թե այլ մարտահրավերների դեմ պայքարում։ Ի վերջո, համավարակը չունի քաղաքական նախընտրություններ, իսկ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունները պայմանավորված չեն միավորի միջազգային կարգավիճակով։
Մեր երկիրը կարող է անցնել կորոնավիրուսի փոթորկի միջով, պաշտպանել մեր ժողովրդավարությունը, ինքն իրեն, ինչպես նաև Արցախի ժողովրդին ադրբեջանական սպառնալիքներից։ Որքան շուտ մեր հարևանը հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին գտնվում է ուժի չգործադրման հանգամանքում և Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններում, այնքան մոտ կլինի կարգավորումը։ Քանի որ մենք ձգտում ենք մոտեցնել այդ օրը, մենք կոչ ենք անում Ադրբեջանին կենտրոնանալ իր ժողովրդի իրական կարիքների և ընդհանուր սպառնալիքների վրա, որոնց այսօր առերեսվում է տարածաշրջանը․ սա ներառում է կորոնավիրուսի տարածումն ու դրա սոցիալական ու տնտեսական բացասական ազդեցությունը»։