Ձերբակալվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը
Հասարակություն
17.06.2020 | 17:10Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է։ Factor.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնից հաստատեցին լուրը։
Հարցին՝ ի՞նչ գործի շրջանակում է ձերբակալվել Մանուկյանը, ԱԱԾ մամուլի կենտրոնից նշեցին, որ այդ մասով դեռևս որևէ մեկնաբանություն չեն կարող անել։ Այստեղ չմեկնաբանեցին նաև մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ նախկին պատգամավորը ձերբակալվել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործի հետ կապված։
Աբրահամ Մանուկյանն ԱԺ պատգամավոր է եղել 2003-2007 թվականներին՝ ընտրվելով ՀՀԿ համամասնական ցուցակով, իսկ 2012-2018 թվականներին արդեն խորհրդարան է անցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով։ 2018 թվականից նա անկուսակցական է։