Փաշինյանի հրապարակումները նսեմացնում են քաղաքացուն. իրավապաշտպանները քննադատում են վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
05.06.2020 | 22:54Արդեն երրորդ օրն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբ է սկսել և իր կես միլիոնից ավելի հետևորդ ունեցող էջում հրապարակում է անհատ քաղաքացիների և հասարակական օբյեկտների լուսանկարները, որոնք խախտում են արտակարգ դրության պարետատան կողմից սահմանված կանոնները: Նիկոլ Փաշինյանի էջում րոպեների տարբերությամբ հրապարակվում են լուսանկարներ, որտեղ քաղաքացիներն առանց դիմակների են, երբեմն՝ գրկախառնված կամ մասնակցում են բազմամարդ խնջույքների, ինչպես նաև խմբված են առևտրային բանկերի մուտքերի մոտ:
Վարչապետի հրապարակումները ոմանք ողջունում են որպես համավարակի տարածումը կանխող քայլ, ոմանք էլ համարում են քաղաքացիների անձնական տվյալների խախտում: Այսօր վարչապետի կողմից հրապարակված մի լուսանկար իսկական իրարանցում առաջացրեց ֆեյսբուքում: Լուսանկարը, որտեղ արձանագրված է քսանամյա աղջկա դիմակ չկրելու փաստը, վարչապետը վերնագրել էր «Անթաքույց գեղեցկություն», սակայն, իրավապաշտպանների և օգտատերերի քննադատություններից հետո Փաշինյանն այն հեռացրեց իր էջից: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետը անձնական լուսանկարներ է հրապարակում և ջնջում:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը չի կարծում, որ լուսանկարների հրապարակումը կկանխի համավարակի տարածումը, փոխարենը, ըստ նրա, այդպիսով ստորացնում են քաղաքացիներին։
Լուսանկարը մեկնաբանեցին հարյուրավոր օգտատերեր՝ հիմնականում ոչ եթերային հայհոյանքներ էին գրում աղջկան ուղղված: Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ այս իրավիճակը տվյալ քաղաքացու մոտ հոգեբանական խնդիրներ կառաջացնի: Նա պնդում է՝ վարչապետը պարտավոր է բոլորից ներողություն խնդրել, ում նկարը հրապարակել է:
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն էլ վարչապետի նմանօրինակ հրապարակումները համարում է մարդու անձնական անձեռնմխելիության խախտում: Ըստ նրա, եթե անձը թույլ է տվել որևէ խախտում, ապա դրա համար կան իրավապահներ, որոնք կարող են այդ խախտումն արձանագրել և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել:
Զառա Հովհաննիսյանը նկատում է նաև, որ վարչապետը կամ նրա էջը կառավարողները չեն հետևում մեկնաբանություններին: Իրավապաշտպանն ասում է, որ քաղաքացիների հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:
Այնուհանդերձ, իրավապաշտպանից հետաքրքրվեցինք՝ արդյոք վարչապետի այս նախաձեռնությունը որևէ դրական ազդեցություն չունեցա՞վ: Որպես օրինակ նշեցինք բանկերի սոցիալական հեռավորության համար նախատեսված գծանշումները, որոնք արվեցին հենց վարչապետի ֆլեշմոբից հետո։
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը կարծում է, որ այստեղ անելիք ունի նաև Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Կառույցից, սակայն, չեն շտապում վարչապետի հրապարակումներին գնահատականներ տալ: Գործակալության ղեկավար Գևորգ Հայրապետյանը Factor TV-ին փոխանցեց, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը անձնական տվյալների մշակման իրավաչափությունը պարզում է քննության արդյունքում։ Առայժմ պարզ չէ, գործակալությունը սեփական նախաձեռնությամբ վարույթ կսկսի՞, թե՝ ոչ:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին ղեկավար, իրավապաշտպան Շուշան Դոյդոյանը վարչապետի հրապարակումներում և անձնական տվյալների պաշտպանության իրավական կարգավորումների միջև ակնհայտ հակասություն է տեսնում: Նա առանձնացրել է կետեր, որոնք վարչապետը և վարչապետին լուսանկարներ փոխանցող քաղաքացիները խախտում են: Մասնավորապես, Դոյդոյանն արձանագրում է, որ գաղտնի լուսանկարահանումն օրենքով արգելված է, հրապարակված լուսանկարներում մարդիկ ապաանձնավորված չեն, փակված չեն դեմքերը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը հարց է բարձրացնում, թե ինչու ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը չի զբաղվում խնդրով, երբ Նիկոլ Փաշինյանի հրապարկումների հետ կապված աղաղակող դժգոհություններ կան:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, սակայն, չի կիսում այն տեսակետը, որ վարչապետի կողմից լուսանկարների հրապարակումը հոգեբանական բռնության պատճառ կամ անձնական տվյալների խախտում կարող է լինել:
Այսօր ականատես եղանք մեկ այլ աղմկոտ միջադեպի. չորս ոստիկան, որոնցից մեկն իգական սեռի ներկայացուցիչ, դիմակ չկրող քաղաքացուն, վարչապետի ձևակերպմամբ ասած, փռել էին ասֆալտին:
Ոստիկանության այս գործողությունները նախ արդարացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ֆեյսբուքում գրեց, որ ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողներին օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի. «Սա իմ պահանջն է ոստիկանությունից, սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»: Իսկ ահա ոստիկանապետ Արման Սարգսյանը նշում է, որ ոստիկանությունը հայտնվել է մի իրավիճակում, երբ և՛ ուժի կիրառման, և՛ դրա բացակայության դեպքում քննադատության թիրախում է։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, սակայն, տարակուսած է, որ ոստիկանության կատարած բռնությունը արդարացվում է վարչապետի կողմից: Նա առաջարկում է մարդկանց արժանապատվությունը վիրավորելու փոխարեն նրանց վարչական պատասխանատվության ենթարկել:
Ի դեպ, ավելի ուշ վարչապետի խոսնակն էլ տեղեկացրեց, որ վարչապետի պահանջն է ոստիկանությունից լինել կոշտ, չոր, գործադրել ուժ, եթե չեն պահպանվում պարետի որոշումները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան