ՀՀ ոստիկանության Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է. մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի
Հասարակություն
04.06.2020 | 15:30ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 31-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչը իրեն տրված լիազորությունների շրջանակում 3 անձանց օգտին առերևույթ ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել:
Մասնավորապես վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները փաստացի ստուգելու, ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում երկու դեպքում «B» և «C», իսկ մեկ դեպքում «BE» և «CE» կարգերի վարորդական վկայականներ տրամադրելու համար 3 անձից, այդ թվում նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետի կողմից, առերևույթ ստացել է տարբեր չափերի՝ 120.000-ից մինչև 200.000 ՀՀ դրամ կաշառք: Բոլոր երեք դեպքերում էլ կաշառքը փոխանցվել է միջնորդավորված ձևով, որին մեկ դրվագով առերևույթ ներգրավվել է նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սևանի անձնագրային բաժանմունքի պետը:
Երկու դեպքում կաշառք ստանալու փաստը քողարկելու, սահմանված կարգի պահպանմամբ անձանց վարորդական վկայական տրամադրելու պատրանք ստեղծելու նպատակով տեսուչն առերևույթ կաշառքը տվող երկու անձանցից ընդունել է գործնական քննություն և այն գնահատել բացասական: Այնուհետև, նույն օրը նրանցից կրկին ընդունել է գործնական քննություններ: Դրանց ընթացքում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, նա կազմել է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որում նշել է, թե, իբր, այդ անձինք գործնական քննության ընթացքում ճշտությամբ կատարել են անհրաժեշտ գործողությունները: Մինչդեռ պարզվել է, որ նրանք իրականում ամբողջությամբ չեն կատարել նշված գործողությունները, իսկ գործնական քննությունը կրել է ձևական բնույթ:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչին մեղարդանք է առաջադրվել երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահումը), երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալու), մեկ դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստանալու):
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նկատի ունենալով, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և կատարել քրեական օրենսգրքով չթույլատրված նոր արարք, բավարարել է տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Միևնույն ժամանակ՝ դատարանը բավարարել է նաև կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու պաշտպանի միջնորդությունը:
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից դրա դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ Վերաքննիչ դատարանի 2020թ. մայիսի 19-ի որոշմամբ բավարարվել է՝ գրավի կիրառումը ճանաչելով անթույլատրելի և անձը կալանավորվել է։
Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել նաև 5 այլ անձանց: Մասնավորապես՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը հանցակցելը) և 312-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով կաշառք տալը), մեկ անձի՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, 3 անձի, այդ թվում նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սևանի անձնագրային բաժանմունքի պետին, մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդությունը):
Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Մայիսի 2-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով համաձայնություն է տվել նախաքննական մարմնի որոշմամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքի պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելուն: