Հայաստանի ապագան չեմ տեսնում որպես ժողովրդավարական, քանի դեռ հասարակությունն այս հոգեբանությունն ունի․ Ավետիք Իշխանյան
Քաղաքականություն
27.05.2020 | 18:01Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ
-Պարո՛ն Իշխանյան, կառավարությունը Ոստիկանության բարեփոխման ռազմավարություն է մշակել, որն այսօր քննարկվեց նաև խորհրդարանում։ Անկախությունից ի վեր հանրությունը լսել է բարեփոխումների մասին։ Ի՞նչ եք սպասում՝ արդյոք վերջնարդյունքում կունենա՞նք ժողովրդավարական հասարակությանը հատուկ Ոստիկանություն, որը կլինի հասարակության շահերին ծառայողը, և ոչ՝ իշխանության։
-Եկեք մի փոքր զգուշանանք «բարեփոխում» բառն օգտագործելուց, կարող ենք ասել փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետև բարեփոխումները դեպի լավը փոփոխություններն են։ Ես ձեռնպահ կմնայի վերջին երկու տարում հատկապես օգտագործել «ժողովրդական», «ժողովուրդ» բառերը, մասնավորապես՝ Ոստիկանության նկատմամբ։ Ես կուզենայի, որ այնպիսի բարեփոխում լիներ Ոստիկանությունում, դատաիրավական բնագավառի այլ համակարգերում, որ դրանք դառնային պետական համակարգեր, և ոչ թե քաղաքական, այսինքն՝ դրանք զերծ լինեին քաղաքական իշխանության ազդեցությունից և ցուցումներից։ Երբ այդ կառույցները կդառնան պետական, դա նշանակում է՝ նրանք կգործեն օրենքին համապատասխան, և ոչ թե՝ տվյալ պահին իշխող քաղաքական ուժի ցուցումով, ապա նրանք բնականաբար արդեն, ըստ օրենքի, ծառայում են ժողովրդին, և ծառայում են կարգուկանոնին և պահպանում են մարդու իրավունքները։
Այս տարիների ընթացքում փոփոխությունները կրել են զուտ ձևական բնույթ, որովհետև, ամեն դեպքում, ուժային կառույցները, մասնավորապես՝ Ոստիկանությունը, եղել է իշխող քաղաքական ուժի հենարաններից մեկը, ինչպես ուժային այլ կառույցներ և դատաիրավական համակարգը։ Այդ փոփոխությունները ոչ միայն կրել են ձևական բնույթ, այլ նաև ավելի են ի ցույց դրել այդ համակարգի կախվածությունը գործադիրից։ Ներքին գործերի նախարարությունը լուծարվեց և դարձավ ոստիկանական ծառայություն՝ նախագահին կից, հետագայում 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո դարձավ վարչապետին կից կառույց, այդպիսի բան, ես չգիտեմ, որ նույնիսկ բռնապետական երկրներում լինի։ Թեկուզ ամենաթունդ բռնապետական երկրում նրանք համարվում են նախարարություններ։
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց առաջ նույնպես խոստացավ, որ այն պետք է դառնա նախարարություն, և ԱԱԾ-ն, հետագայում նա ասաց՝ ի՞նչ կարևոր է, թե ինչպիսին է կառույցը, հիմա ժողովրդավարություն է, այսինքն՝ եթե ինքը ժողովրդավար ձևով է ընտրվել, ուրեմն կարևոր չի՝ Ոստիկանությունը վարչապետին ենթարկվո՞ւմ է, թե՝ չէ, չէ՞ որ վարչապետը ժողովրդի կողմից ընտրված է։ Այս խոսքն ասված էր հեղափոխության նվիրյալների համար, բայց քիչ թե շատ քաղաքական համակարգերից հասկացող մարդը միանգամից կհասկանար, որ իշխանության ուզուրպացում է գնում, ինչպես՝ նախորդներն էին, որովհետև ժամանակակից ժողովրդավարական համակարգը կախված չի անձերից, այլ՝ կառույցներից և դրանց տարանջատումից։
-Ոստիկանության բարեփոխումը և խորհրդարանական վերահսկողության ներքո այն դնելը, ինչպես նշեցիք, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր դեռ վարչապետ ընտրվելուց առաջ։ Ինչո՞ւ չեք հավատում, որ սա իսկապես այդ խոստման կատարումն է և իսկապես նպատակ կա բարեփոխելու Ոստիկանությունը։
-Հիմա, նա խոստացավ հերթական բարեփոխումները՝ ցույց տալու համար հանրությանը և քաղհասարակությանը, որ այ տեսեք՝ ձեր ուզածը անում եմ, փոխում եմ նախարարություն, միանգամից ես ասեմ կտրուկ, թե ինչու չեմ հավատում։ Եթե իսկապես վարչապետի ցանկությունը միտված է այդ բարեփոխումներին, ապա այս երկու տարվա ընթացքում կարելի էր շատ արագ անել, երբ կառավարությունն էր հաստատվում, բայց ինչևէ, այս երկու տարվա ընթացքում Ոստիկանությունը ոչ միայն չի վերափոխվել, այլև այնպիսի անօրինություններ է արել վարչապետի ցուցումով, վստահաբար եմ ասում, երբ քաղաքական ընդդիմախոսներին ասֆալտին էր պառկեցնում, և նա դա ընդունում էր, որ դա իր ցուցումով է կատարվել։ Այսինքն՝ այս երկու տարիները ցույց տվեցին, որ Ոստիկանությունը, որ պետք է բարեփոխվի, գործում է իր ցուցումով և ավելի խիստ ձևով են այդ ցուցումները կատարվում։ Ոստիկանապետի այդ պաշտոնակատարության շրջանը փորձաշրջան էր՝ նա կկատարի՞ այդ ցուցումները, թե՝ ոչ։ Հիմա եթե դառնա նախարարություն, ոստիկանապետը կնշանակվի վարչապետի կողմից։ Սա նշանակում է, որ դե յուրե կա մի նախարարություն՝ Ներքին գործերի, բայց դե ֆակտո կա երկու նախարարություն՝ ոստիկանությունը նրա կազմում, որը ենթարկվում է վարչապետին։
-Ըստ այս ռազմավարության, Ոստիկանության ներքին զորքերը կապառազմականացվեն, և դրա փոխարեն կստեղծվի Ազգային գվարդիա։ Նախկինում այս ուժերը օգտագործվում էին ընդդիմության հավաքները ճնշելու նպատակով, ընդ որում՝ բիրտ մեթոդներով։ Նոր ստեղծվելիք Ազգային գվարդիան հասարակական կարգը պահպանելուց զատ կկանխի զանգվածային անկարգությունները։ Ի՞նչ սպասել այս փոփոխությունից։
-Կարելի է միայն ենթադրել, թե ինչ է լինելու։ Ազգային գվարդիա բառը շատ գեղեցիկ է հնչում առաջին հայացքից, բայց իրականում դա իշխանական գվարդիան է, հենց վարչապետի գվարդիան։ Կարելի էր ավելի անկեղծ լինել, ավելի պոպուլյար լինել, և անունը դնել ժողովրդի գվարդիա։ Ժողովրդի ընտրված իշխանությունն է, և պետք է լինի ժողովրդի գվարդիա։ Այս տողերի տակ ավելի խիստ ճնշման գործիք է լինելու՝ իշխանությունը պահելու համար։
-Այսինքն՝ այս բարեփոխման արդյունքում Ոստիկանությունը չի՞ դառնա ավելի ժողովրդավարական, և ի վերջո՝ նախկինից եկած իշխանությանը ծառայող Ոստիկանությունից չի՞ ազատվի մեր հասարակությունը։
-Ոչ, որովհետև մենք ո՛չ ունենք այդպիսի հոգեբանության իշխանություն, և ո՛չ էլ հասարակություն։ Հայաստանում ով գալիս է իշխանության, միայն մեկ նպատակով՝ հասնել իշխանության և պահել այն, և «Պետությունը ես եմ» հոգեբանությամբ, և ունենք չկայացած հասարակություն, որը փնտրում է փրկչի, և ոչ թե մտածում է կառույցների մասին։ Իսկ ժողովրդավարություն ասողների 90%-ը ուղղակի անգիր են արել դասագրքերից և չեն խորանում իրավական պետության հասկացության մեջ։ Հասարակության՝ այս հոգեբանությունն ունենալու ընթացքում, ես Հայաստանի ապագան չեմ տեսնում որպես ժողովրդավարական երկիր։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան