Կգոյատևի նա, ով կկարողանա գտնել իր սեփական տնտեսական մոտեցումն ապագային. Մոդեստ Կոլերովը՝ համաճարակի հետևանքների մասին

Լուրեր

23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ

 

– Կորոնավիրուսը, կարծես, նահանջելու մտադրություն դեռևս չունի: Եթե որոշ երկրներում հիվանդացությունը նվազել է, այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, դեռ վարակի՝ մեծ թվով նոր դեպքեր են ի հայտ գալիս: Այսօր, օրինակ, 302 նոր դեպք է հաստատվել։ Կանխատեսումներ կան, որ դեռ շուրջ մեկ տարի այս նոր վիրուսը հանգիստ չի թողնի աշխարհը: Այս իրավիճակում աշխարհաքաղաքական առումով ի՞նչ զարգացումներ սպասել՝ ըստ Ձեզ:

– Աշխարհաքաղաքական առումով գլխավոր իրադարձություններն արդեն տեղի են ունեցել: Եվ դրանք վերաբերում են Արևմուտքում հանրային և տնտեսական կառավարման մոդելի փոփոխությանը: Եթե մինչ կորոնավիրուսի համաճարակը և՛ քարոզչության, և՛ ֆինանսական ոլորտներում Արևմուտքում գերակշռում էր գլոբալիզմը, հիմա, երբ նույնիսկ ԵՄ անդամ երկրները սկսել են փակել իրենց սահմաններն իրար համար, իսկ ԵՄ անդամ մի պետություն, փաստորեն, չօգնեց անդամ մյուս պետությանը, գլոբալիզմը շատ ծանր հարված ստացավ: Կարծում եմ՝ երբ 2020 թվականի արդյունքներով հաշվարկեն տնտեսական արդյունքները, տնտեսության անկումը, հարց կառաջանա՝ ինչպե՞ս պետք է գոյատևեն փոքր և միջին պետությունները, երբ ռազմական գործոններից բացի՝ գլոբալ տնտեսություն, գլոբալ ֆինանսներ չկան։

– Այս պարագայում, Ձեր կարծիքով, այդ երկրներն ի՞նչ ակնկալեն, ինչպե՞ս կարող են իրենց մեջքն ուղղել:

– Ոչ մի կերպ: Կգոյատևի նա, ով կկարողանա գտնել իր սեփական տնտեսական մոտեցումն ապագային, իսկ ով չի կարողանա, կվերածվի պրոտեկտորատի:

– Ի՞նչ վնասներ կարող է կրել Ռուսաստանը պանդեմիայի արդյունքում, մոտավոր հաշվարկներ արդեն կա՞ն:

– Ֆինանսների նախարարն արդեն որոշակի կանխատեսում արել է, որ նորից բյուջեի դեֆիցիտ կունենանք, կաշխուժանա գնաճը: Արդեն Չինաստանի մասով տվյալներ կան, թե որքան վնաս է հասցրել կորոնավիրուսը երկրի տնտեսությանը, այն է՝ -37% ՀՆԱ: Բայց այնտեղ համաճարակն ավարտվել է, իսկ, օրինակ, Իտալիայում՝ ոչ, Եվրամիության այլ երկրներում՝ նույնպես: Որքան գլոբալ է տնտեսությունը, որքան շատ է այն կախված գլոբալ ֆինանսներից, այնքան շատ այն կտուժի: Ռուսաստանը, որպես գլոբալ ֆինանսներից նվազագույն կախվածություն ունեցող երկիր, ավելի պակաս, քան նույն Չինաստանը, ավելի քիչ կտուժի:

Սակայն մի շարք փորձագետներ, այդ թվում՝ արևմտյան, կանխատեսում են, որ ՌԴ-ում տնտեսական ճգնաժամը նույնիսկ շատ ավելի խորը կլինի, քան 2008 թվականին:

– Արևմտյան փորձագետները կոմպետենտության նվազագույն բազան չունեն, որ կարողանան դատել ՌԴ-ի տնտեսության մասին, քանի որ մեր պետական և խոշոր տնտեսական կենտրոնների վիճակագրության առանձնահատկությունն այնպիսին է, որ այն հաշվի չի առնում փոքր բիզնեսը: Ոչ թե այն պատճառով, որ այն ստվերային է, այլ որովհետև այն շատ փոքր և բարդ է համարվում՝ հաշվարկներ կատարելու համար: Այդ պատճառով վաղուց արդեն փորձագիտական շրջանակները նշում են, որ այդպիսով հաշվի չի առնվում տնտեսության մինչև 40 տոկոսը: Եվ հիմա, օրինակ, Մոսկվայում կարանտինային միջոցների գլխավոր չարիքն այն է, որ հարկադիր պարապուրդը հարվածում է հենց փոքր բիզնեսին: Բայց առաջին անգամ չէ, որ մենք ճգնաժամի մեջ ենք հայտնվում: Գոյություն ունեն մշակված գործիքներ, որոնք, սակայն, շատ քիչ են առնչվում մարդկանց ամենօրյա կարիքներին՝ պարենային օբյեկտներին, ծառայություններին, առաջին անհրաժեշտության կարիքներին: Ես չեմ ակնկալում, որ մենք հեշտ կպրծնենք այս ամենից, սակայն ես ելնում եմ այն հանգամանքից, որ այս խուճապը սկսվեց որպես տեղեկատվական պատերազմ Չինաստանի դեմ, և այն մի քանի անգամ ավելին է, քան իրական վտանգը: Միակ ցուցանիշը, որը կստիպի փոքր-ինչ կանգնեցնել խուճապը, հիվանդացության նոր դեպքերն են: Ռուսաստանում նոր հիվանդների թիվն ավելի քիչ է կանխատեսվածից, հույս կա, որ որոշակի ժամանակ անց կկրճատվի:

– ՌԴ-ում դեռևս արտակարգ դրության ռեժիմ չի հայտարարվել, որոշակի խիստ սահմանափակումներ են ներդրվել միայն մայրաքաղաք Մոսկվայում: Կարծում եք՝ դրա կարիքը չկա՞:

– Եթե համաձայնենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականի հետ, որ կորոնավիրուսի համաճարակ է, ապա պետք է արտակարգ դրության ռեժիմ հայտարարել: Պարզապես Ռուսաստանում վարակվածների թիվն այդ տեսանկյունից չնչին է: Հասկանալի է, որ այստեղ երկու գործոն կա. առաջինը՝ որքանով են բոլոր հիվանդները հայտնաբերված, երկրորդ՝ իսկապե՞ս հիվանդները հենց կորոնավիրուսով են վարակված, այլ ոչ թե, ասենք, թոքաբորբով: Ահա, այս ամբողջ խուճապային գնահատականներն այնքան հստակ չեն: Հիմա ամենակարևոր հարցն այն է, թե երբ իշխանությունները կվերագնահատեն իրավիճակը: Մեզ մոտ ապրիլի 22-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվեց, նոր ժամկետ դեռևս նշանակված չէ: Արդեն տեղեկություններ կան, որ մտադիր են հետաձգել Մայիսի 9-ի տոնակատարությունները, և ենթադրվում է, որ հաղթանակի շքերթը տեղի կունենա հունիսի 24-ին: Մի խոսքով՝ մեզ մոտ այս ամենը ծրագրվում է այնպես, որ ապրիլին իրավիճակն արդեն կհանդարտվի: Չեմ կարող ենթադրել, թե ինչպես կզարգանա ամեն ինչ, ոչ ոք չի կարող ենթադրել, բայց ինձ թվում է, որ գլխավոր տուժածները, ամեն դեպքում, կլինեն ոչ թե այնպիսի մեծ, դիվերսիֆիկացված տնտեսությունները, ինչպես մերն է, այլ նրանք, որոնք կախված են զբոսաշրջությունից, տարանցումից, հաղորդակցությունից: Այս իմաստով, օրինակ, Չեռնոգորիայի ճակատագիրն աղետալի եմ համարում. զբոսաշրջային սեզոնի սկիզբն է, իսկ սահմանափակումները դեռ նոր խստացվում են:

– Խոսեցիք սահմանադրական հանրաքվեի մասին: Ընդհանրապես՝ ինչպե՞ս եք վերաբերվում փոփոխություններին:

– Նախատեսված մի շարք փոփոխությունները, որոնք, օրինակ, վերաբերում են տեղական ինքնակառավարմանը, վաղուց քննարկված, ակնհայտորեն փոփոխության ենթակա են: Ինչ վերաբերում է նախագահության ժամկետների զրոյացմանը, կարծում եմ՝ դա մտացածին խնդիր է, այն գոյություն չունի: Ես կցանկանայի, օգտվելով սահմանադրական փոփոխությունների առիթից, խստացնել պահանջները օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների նկատմամբ, որպեսզի, օրինակ, նրանց ու նրանց ընտանիքների անդամներին արգելվի արտերկրում ցանկացած տեսակի սեփականություն ունենալ: Բայց փոփոխությունները վերաբերում են միայն արտերկրում հաշիվներին: Ինձ դա չի բավարարում, այդ պատճառով ես դեմ եմ քվեարկելու:

– Սոցիոլոգիական որոշ հետազոտությունների համաձայն՝ ռուսաստանցիների մեծ մասը դեմ է Վլադիմիր Պուտինին նորից ընտրվելու հնարավորություն ընձեռելուն. նա նման հնարավորություն կունենա նախագահության ժամկետների զրոյացման արդյունքում: Սա կարո՞ղ է հանգեցնել հանրության լայն շրջանակների մոտ դժգոհության ալիքի, զանգվածային գործողությունների:

– Դա, կարծում եմ, այդպես չէ: Մեկ այլ հարցման արդյունքներով էլ՝ Վլադիմիր Պուտինի օգտին կրկին քվեարկել պատրաստ է հարցվածների 57%-ը: Պուտինը մրցակիցներ չունի, բացի այդ, իր իսկ հայտարարության համաձայն, նա չի ցանկանում նոր ժամկետի համար առաջադրվել:

Թամարա Հակոբյան