ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ
Քաղաքականություն
15.02.2020 | 11:34ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
«ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ գործադիր մարմինների հետ հաստատված արդյունավետ գործընկերության ամրապնդումը և ընդլայնումը՝ թիրախային նորանոր ծրագրերի և նախաձեռնությունների խթանման միջոցով: Այս տեսակետից քննարկվեցին “Հայաստանի հետ համագործակցության” ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում համագործակցությունը և այն առավել արդյունավետ դարձնելու ուղիները։
Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Գրեմինգերն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին:
Նախարար Մնացականյանն ընդգծեց խաղաղ գործընթացում Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավվածության կարևորությունը, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Արցախի անվտանգությանը և կարգավիճակին:
Երկուստեք ընդգծվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ամրապնդման և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված հաջորդական քայլերի և այս շրջանակում ԵԱՀԿ դերսկատարման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում: