Փաստաբանների պալատը կոչ է անում պատգամավորներին հետ կանգնել նախաձեռնությունից, իսկ ՀՀ նախագահին՝ իրականացնել Սահմանադրության պահպանման պարտականությունը

Լուրեր

29.11.2024 | 12:44
Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով երթևեկող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից
29.11.2024 | 12:40
Հայաստանի ընտրանին Մունդիալ-2026-ի վիճակահանությունում ընդգրկված է 4-րդ զամբյուղում
29.11.2024 | 12:29
Ռոստովի մարզում ԱԹՍ-ի հարվածից հետո հրդեհ է բռնկվել արդյունաբերական ձեռնարկությունում
29.11.2024 | 12:17
Հելսինկիում հետաքրքրվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման դինամիկայից և հասարակության շրջանում առկա հեռանկարների շուրջ տրամադրություններից
29.11.2024 | 12:12
Քննարկվել են ինչպես ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակում, այնպես էլ պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր․ ՀՀ ՊՆ
29.11.2024 | 12:01
Լարված իրավիճակ և բռնություններ Վրաստանում, Լարսը փակ է․ ԼՈՒՐԵՐ
29.11.2024 | 11:58
Վրաստանի ԱԳՆ տասնյակ աշխատակիցներ դեմ են արտահայտվել ԵՄ-ին երկրի անդամակցության սառեցմանը
29.11.2024 | 11:45
Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
29.11.2024 | 11:33
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նորընտիր նախագահին
29.11.2024 | 11:24
ՌԴ պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Հյուսիսային Կորեա
29.11.2024 | 11:11
Շրի Լանկայի նախագահն ու ՀՀ դեսպանը հանդիպմանը կարևորել են փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցությունը
29.11.2024 | 10:54
Վրաստանում ոստիկանությունը բռնի ուժով ցրել է ցուցարարներին․ ձերբակալվել է 43 մարդ
29.11.2024 | 10:48
Պլաստիկ վիրահատության ժամանակ գրանցված մահվան դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի հետ կապված տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել
29.11.2024 | 10:32
Նավթի գներն աճել են
29.11.2024 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հանդես է եկել կոչով.

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը, ի դեմս Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի և Կարեն Սարդարյանի,

2020 թվականի փետրվարի 6-ին ուսումնասիրելով մի խումբ պատգամավորների կող­մից ներկայացրած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒ­ԹՅՈՒՆ» վերնագրով նախագիծը (այսուհետ՝ Սահմանադրության փոփոխություն), ինչպես նաև ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրա­կան օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահ­մանադրական օրենքում լրացումներ և փոփոխու­թյուններ կատարելու մասին» և «Սահմանա­դրական դատարանի մասին» սահմա­նադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ նախագծերի փաթեթ), պարզել է`

Սահմանադրության փոփոխությամբ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող 213-րդ հոդվածը, որով նախատեսված է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի (այսուհետ՝ ՍԴ) նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Սահմանադրության փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Նախագծերի փաթեթով նախատեսված փոփոխություններով նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնց արդյունքում սահմանադրության փոփոխությունների նա­խագծի՝ Սահմանադրական դատարան նախապես ներկայացումը և Սահմանադրական դատա­րանի կողմից դրական եզրակացություն ստանալու, ինչպես նաև սահմանադրական փոփոխու­թյունները Հանրապետության նախագահին ուղարկելու պարտադիր պահանջները հանվում են:
Այդ կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հայտնում է հետևյալը՝

Իրավական պետության կայացման գործում իր առանցքային նշանակությունն ունի իրավունքի գերակայության ու իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, որոնք իրենց ամրագրումն են ստացել Սահմանադրության 1-ին և 4-րդ հոդվածներում: Իշխանության ճյուղերի հավասարակշռումը բացառապես իրականացվում է Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում, ընթացակարգերով և կառուցակարգերով, և որևէ այլ եղանակով այլ ճյուղի գործունեությանը միջամտելը հակասահմանադրական է և ապօրինի:

ԱԺ մի շարք պատգամավորների կողմից Սահմանադրության փոփոխությունների նախա­ձեռնումը, որով նախատեսվում է օրենսդիր իշխանության կողմից դատական (սահմանադրա­կան արդարադատություն իրականացնող) իշխանության ներկայացուցիչների լիազորություն­ների դադարեցումը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման փորձ:

Բացի այդ, Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների այսկերպ դադարեցումը կարող է կաթվածահար անել սահմանադրական արդարադատության իրականացմանը:

Ավելին, Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցումն ուղղակիորեն հակասում է նաև Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերին, որոնք սպառիչ թվարկում են դատավորների լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը, որոնց շարքում չի նախատեսվում ԱԺ-ի կողմից օրենք ընդունելով լիազորությունների դադարեցման հնարավորությունը:

Նման փոփոխության կյանքի կոչումն ինքնին կարող է խաթարել Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգությունը և կարող է ոչ միայն հանգեցնել իրավական փակուղու, այլ նաև խրթին իրավական վեճ առաջացնել սահմանադրական մարմինների միջև, մի պարզ պատճառով, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը փոփոխելով, միևնույն է Սահմանադրական դատարանի դատավորների (նախկին անդամների) լիազորությունը չի դադարում նախ, քանի որ 213-րդ հոդվածն արդեն իրեն սպառել է կատարմամբ (անդամները շարունակում են պաշտոնավարել իրենց նախկին պաշտոնավարման ողջ ժամկետում), ինչպես նաև քանի որ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների՝ ԱԺ կողմից դադարեցման լիազորություն Սահմանադրությամբ նախատեսված չէ, և չի էլ կարող նախատեսվել, քանի որ այն ուղղակիորեն կհակասի Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին:

Նման իրավական վեճի միակ լուծողը համաձայն Սահմանադրության, հանդիսանում է Սահմանադրական դատարանը, և կրկին առաջանալու է վեճ, թե արդյո՞ք որ կազմով պետք է Սահմանադրական դատարանը որոշում ընդունի նշված հարցի առնչությամբ:

Այս նախաձեռնության հաջողումը (նախագծերի ընդունումը) կասկածի տակ կարող է դնել Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության անկախությունը, քանի որ Սահմանադրության մեկ այլ անցումային դրույթ նախատեսող 215-րդ հոդվածով նախատես­ված է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ընդհանուր իրավա­սության դատարանների բոլոր դատավորների պաշտոնավարման շարունակականությունը, որը ոչ մի կերպ ապահովագրված չէ ԱԺ կողմից հետագայում փոփոխության ենթարկելուց:

Սահմանադրության այս փոփոխությունն ինքնին խնդրահարույց է նաև այն պատճառով, որ փոփոխություն է նախատեսված Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող հոդվածում, որն իր առաքելությունն արդեն իսկ կատարել է և իրեն ամբողջությամբ սպառել է, և դրա փոփոխությունն ինքնին որևէ հետևանք չի կարող առաջացնել: Ի հավելումն նշվածի, զուտ տեխնիկական առումով Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը բովանդակային առումով Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություն է հանդիսանում, ինչը Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կարող է կատարվել միայն հանրաքվեի միջոցով:

Ինչ վերաբերվում է նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ շրջանցելով Սահմանադրական դատարանին, ապա նախագծերի այս փաթեթը հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին: Այս նորմերով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատաս­խանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահման­ված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

Նշված դրույթների իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարող ունենալ հայեցողական լիազորություն Սահմանադրական դատարան դիմելու հարցում, իսկ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով չի կարող վերացվել Սահմանադրությամբ ՍԴ-ին տրված լիազորությունը:

Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Վերոգրյալը հաշվի առնելով, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում՝

1. Ազգային ժողովի պատգամավորներին՝ հետ կանգնել այն նախաձեռնությունից, որը կարող է ոտնահարել դատական իշխանության անկախությունը, իշխա­նությունների բաժանման և հավասարակշռման, իրավունքի գերակայության սկզբունք­ները:
2. Հանրապետության նախագահին՝ իրականացնել Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականությունը:

Միևնույն ժամանակ Փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարությանը և քաղաքական ուժերին, կենտրոնանալ դատաիրավական բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու վրա, ներառյալ՝ վերացնել փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտները, ապահովել ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքը, դատարանների նկատմամբ վստահության հետագա բարձրացումը, դատավորների և դատական գործընթացների մասնակիցների մասնագիտական շարունակական զարգացումը, իրավապահ համակարգի խորքային բարեփոխումները, բավականին երկար ժամանակ արդեն իսկ քննարկվող նախագծերի վերջնականացումը և ընդունումը, կիրարկել Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումների կատարման մոնիտորինգի արդյունավետ համակարգը և այլն:

Փաստաբանների պալատն իր պատրաստակամությունն է հայտնում նշված իրական բարեփոխումների իրականացման հարցում սերտ համագործակցել պետական մարմինների հետ տարբեր ձևաչափերով, դուրս հանել առօրյա գործունեության շրջանակներում առաջ եկող խնդիրները և ձգտել դրանց լուծմանը՝ դրանով իսկ ապահովելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն արժեք հանդիսացող Մարդու՝ իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացումը: