Ինչ գիտի Գևորգ Կոստանյանը 10 սպանությունների մասին և ինչու է պայմաններ թելադրում ՀՔԾ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, 2008-ի հուլիսի 2-ից Սերժ Սարգսյանի օգնական աշխատած և Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գևորգ Կոստանյանը պատրաստ է վերադառնալ Հայաստան ու պատասխանել իրավապահների հարցերին։ Սակայն պայման է առաջադրում՝ ինքը Մարտի 1-ի գործից պետք է խոսի հրապարակային՝ ուղիղ եթերում` Հայաստանի վարչապետի, իրավապահ մարմինների, դեսպանների ներկայությամբ։ Կոստանյանը հայտարարում է՝ գիտակցում է, որ վերադառնալով  կալանավորվելու է, բայց նույնիսկ այդ գնով պատրաստ է հասարակությանը տեղեկացնել Մարտի 1-ի գործի՝ իր գնահատմամբ՝ թաքցված հանգամանքները։

Սերժ Սարգսյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչ հանդիսացող Գևորգ Կոստանյանը պատրաստ է կրել քրեական պատասխանատվություն, եթե իրավապահները հիմնավորեն իր մեղադրանքը։

Կոստանյանը հիշեցնում է, որ Մարտի 1-ի գործով 10 հոգու մահվան համար որևէ մեկին մեղադրանք չի առաջադրված, ասում է՝ ինքը պատրաստ է աջակցել զոհերի մեղավորներին բացահայտելուն։ ՀՔԾ-ն Կոստանյանի առաջարկը որակել է իբրև քննությանը չներկայանալու հերթական պատրվակ՝ կոչ անելով ներկայանալ քննությանն ու նախաքննական մարմնին հայտնել ունեցած տեղեկությունները։

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Խուդոյանն ասում է՝ հաշվի առնելով Գևորգ Կոստանյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնները, հատկապես սպանությունների մասով կարող է նրա տեղեկատվությունը կարևոր նշանակություն ունենալ։

Ըստ Խուդոյանի՝ Գևորգ Կոստանյանի դիրքորոշումը բացահայտում է ՀՔԾ-ի իրական նպատակը. «Եթե նրանց նպատակը լիներ իրականության բացահայտումը և հանրությանը պատասխաններ տալը, այս ֆորմատից պետք է չհրաժարվեր։ Վերջին երկու տարում մենք տեսել ենք, որ ՀՔԾ-ին որևէ բան վստահել չի կարելի, որևէ քրեական գործով մենք չենք տեսել նրանց կողմից օրենքի տառին համապատասխան գործիքակազմ, տեսել ենք օրենքի հատվածական մեկնաբանություններ, անմեղության կանխավարկածի կոպիտ խախտումներ, ոչ դատավարական նպատակներով նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների բացահայտում։ Ու այս ֆորմատով միակ վստահելի համագործակցությունը ՀՔԾ-ի հետ այն կլինի, որ դա կատարվի բացահայտ»։

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը, մինչդեռ, նկատում է՝ հրապարակային հարցաքննության կարգ նախատեսված չէ, սակայն, եթե Կոստանյանը ունի տեղեկություններ ոչ ոք և ոչինչ նրան չի խանգարում դրանք հրապարակայնացնել հենց այս պահին։

«Եթե կան հանգամանքներ, որոնց կապակցությամբ Կոստանյանը ցանկանում է  հրապարակավ խոսել և մտածում է՝ նախաքննական մարմինը կարող է դրա կապակցությամբ խորացված քննություն չտանել, դեմ չենք այդպիսի քննարկմանը։ Ոչ ոք չի զրկում նրան ասել իր ասելիքը»,- ասաց Սաֆարյանը։

Իսկ թե ինչո՞ւ է Կոստանյանը պայմաններ առաջադրում ՀՔԾ-ին, այստեղ Սեդա Սաֆարյանը շոուի տարրեր է տեսնում․ «Հիմնավորում է, որ չներկայանա, խուսափում է ներկայանալուց, հասկանում է, թե ինչ կարգի ցուցմունքներ կարող են լինել, հասկանում է, որ տասնյակ մարդկանց ցուցմունքը չի կարող սուտ և ոչ արժանահավատ համարվել, որովհետև այնպես չէ, որ մարդիկ որևէ շահ են ունեցել Գևորգ Կոստանյանի նկատմամբ ցուցմունքներ տալիս»։

Թե ովքեր են Կոստանյանի դեմ ցուցմունք տվել, փաստաբան Սաֆարյանը չբացահայտեց։ Մարտի 1-ի դեպքերով փաստահավաք խմբի նախկին անդամ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ևս շեշտում է՝  Կոստանյանն իրավունք չունի պայմաններ թելադրել։ Այդ կերպ, նա պարզապես խուսափում է պատասխանատվությունից․

«Նա ասում է մի անհեթեթ բան, որ մեր օրենսդրությամբ բավարարել հնարավոր չէ, հաջորդ քայլը պիտի լինի՝ չբավարարեցին, չեկա։ Իր ասածը ոչ միայն անտրամաբանական է, այլ հարիր չէ նախկինում այդպիսի պաշտոն զբաղեցրած մարդու պարագայում։ Դա խայտառակություն է։ Ինքը պարզապես պետք է Մոսկվա-Երևան տոմս առնի, վերադառնա Երևան ու ներկայանա նախաքննական մարմնին։ Մեր օրենսդրությունը այլ ձևաչափ չի ենթադրում։ Իր առաջարկը քաղաքական չէ, շոու է կամ այլ հոգեմետ վիճակում գտնվող մարդու ձևաչափ է, անհանգստացած եմ Գևորգ Կոստանյանի հոգեկան վիճակով»։

Գևորգ Կոստանյանը հիշեցնելով, որ 10 սպանությունների հեղինակներին մեղադրանք առաջադրված չէ, հայտարարում է․ «Մի՞թե չեք տեսնում, որ քրեական գործում տարբեր հնչեղ անուններ ներգրավելով ուղղակի փորձ է կատարվում հանրության ուշադրությունը շեղել Մարտի-1-ի սպանությունների իրական մեղավորներին գտնելու իրենց անկարողությունից կամ ցանկության բացակայությունից: Հայտարարում եմ, որ ցանկության և համապատասխան մասնագիտական կարողությունների առկայության պայմաններում այս շրջանում շատ բան կարելի էր անել 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար, որը, ցավոք, չի արվում»։

Կոստանյանի ձևակերպման հետ համաձայն է Հովհաննես Խուդոյանը՝ հնչեղ անունների ներգրավմամբ քրեական գործերը ստվերում են գործի բուն էությունը՝ 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտումը։ Հովհաննես Խուդոյանն ասում է․ «Հանրության համար Մարտի 1-ի գործը հենց մահացած անձանց սպանությունների բացահայտումն ու մեղավորներին պատժելն է։ Ինչ կատարվում է այս դատական պրոցեսում, դրա հետ բացարձակ կապ չունի։ Ունի քաղաքական այլ երանգ, ասել են բազմիցս, թե ինչու են այդ անձանց հարազատներին մոլորեցրել կամ այլ ակնկալիքներ ստեղծելով բերել այս դատական նիստին, որովհետև այս դատական նիստին հարցերի պատասխանները չեն ստացվելու՝ ով է մեղավոր այդ անձանց մահվան համար»։

2013-ից Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած և Մարտի 1-ի գործի նկատմամբ ուղիղ վերահսկողության պարտականություն ունեցած Գևորգ Կոստանյանը նկատել է՝ սահմանադրական կարգի տապալում կոչվածը, եթե այդպիսին իրականում կա, որևէ կապ չունի 10 անձանց մահերի հետ. «Չնայած նախկինում մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ չերյոմուխայից զոհված անձի մահվան կապակցությամբ, ներկայում իրավապահները չեն կարողանում հստակեցնել մեղադրանքները»:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը պնդում է՝ Կոստանյանը պետք է նախաքննական մարմնին հայտնի՝ ինչո՞ւ իր՝ գլխավոր դատախազի աշխատելու տարիներին Մարտի 1-ի գործով 10 անձի մահվան հանգամանքները չեն բացահայտվել․ «Որովհետև 3-4 տարի եղել է Հանրապետության գլխավոր դատախազ, ի՞նչ աշխատանք է տարել, ինչո՞ւ չերյոմուխա կիրառած անձինք պատասխանատվության չեն ենթարկվում»։

Անդրանիկ Քոչարյանի ձևակերպմամբ՝ իր պաշտոնավարման ժամանակ Կոստանյանն ամեն ինչ արել է, որ  10 զոհերի մահվան հանգամանքները չբացահայտվեն․ «Նախկինում ինքն ուներ բոլոր հնարավորությունները այդ հարցերի պատասխանները գտնելու, իսկ ինքը ամեն ինչ արեց, որպեսզի հարցերի պաատսխանները չգտնվեն, երբ հանրապետության գլխավոր դատախազն էր։ Ավելին՝ ինքն ամեն ինչ անում էր, երբ զբաղեցնում էր նախագահականում մեկ այլ պաշտոն։ Թող Գևորգ Կոստանյանը քաջ գիտակցի՝ ամեն ինչ իր դրվագով բացահայտված է, և պետք է գա այդ դրվագի հետ կապված կազմակերպի իր պաշտպանությունը»։

ՀՔԾ-ն նախկին գլխավոր դատախազի նկատմամբ հետախուզում է հայտարարել, սակայն Կոստանյանը մինչ օրս հրաժարվել է ներկայանալ նախաքննական մարմնին, պատճառաբանելով Ռուսաստանում աշխատանքային պայմանագիրը։

Ըստ ՀՔԾ-ի, Գևորգ Կոստանյանը և 2008 թվականի հուլիսի 2-ից Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և նպատակ են ունեցել թաքցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները և հանցագործության հետքերը։ Դրանք են՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում ծավալվող իրադարձությունների ժամանակ Ոստիկանության իրականացրած անօրինական գործողությունները և Հայաստանի Զինված ուժերի հակասահմանադրական օգտագործումը։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, այս պաշտոնյաները թաքցրել են Զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածը ներկայացրել են որպես իրավաչափ գործողություններ։

Ըստ ՀՔԾ-ի՝ այդ նպատակով Գևորգ Կոստանյանը, Ալիկ Սարգսյանն ու Գևորգ Մհերյանը գործը քննող մարմնի միջոցով պարտակել են առանձնապես ծանր հանցագործությունը, իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդել են չարաշահել պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիքներ և կեղծել ապացույցները, ինչի կատարման ներգրավվել են Ոստիկանության բարձրաստիճան ծառայողներ։

Ռոբերտ Անանյան