ՍԴ որոշ անդամներ իրենց անվերապահ ծառայությունն են առաջարկել մեզ, բայց մերժվել են․ Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.01.2020 | 19:34Factor.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ
-Պարո՛ն Հովակիմյան, Հրայր Թովմասյանի շուրջ իրադարձությունները սրընթաց են զարգանում։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում այսօր հայտարարել է՝ կեղծիքով ընտրված Հրայր Թովմասյանը իրավունք չունի լինել ՍԴ նախագահ և որ իշխանության հետ գործակցության անհաջող փորձերից հետո Թովմասյանը ներքաշվել է քաղաքականության ու հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում իրավիճակը։
– Վարչապետն ամեն ինչ հստակ և պարզ է ներկայացրել՝ 2018 թվականի մայիսից սկսած։ Բոլորին հայտնի է, որ երկար տարիներ ես դատաիրավական ոլորտի լրագրող եմ եղել և ՍԴ-ի անդամներից շատերի հետ ունեցել եմ շփումներ։ Երկար ժամանակ փորձել են ինձ հետ էլ կապվել։ Ես անուններ չեմ տա, որովհետև երբ գալիս է որևէ մեկի եղբայրը, հարազատը, խոսքեր է փոխանցում, որ իրենց անվերապահ ծառայությունը․․․ ստիպված ես լինում ասել, որ նման ակնկալիք դու և քո քաղաքական թիմը չունեք, և իրենք իրենց պարտականությունները պետք է կատարեն։ Չեմ բացառում, որ մեր թիմի այլ անդամների հետ էլ են եղել նման փորձեր։
-Դուք անձամբ ունե՞ք ապացույց, որ Հրայր Թովմասյանը փորձել է ծառայություններ առաջարկել այս իշխանությանը։
– Հրայր Թովմասյանը և ՍԴ մյուս անդամները մարդիկ են, որոնք իրենց ներկայիս պաշտոնին հասնելու համար մշտապես ծառայել են։ Ուղղակի վերցրեք նրանց կենսագրությունը։ Ամենակարևորն այն է, թե ինչպես են իրենք հայտնվել այդ պաշտոնում, արդյոք ազնի՞վ ճանապարհով են հայտնվել, թե՞ այդ պաշտոնին հայտնվել են, որովհետև իշխանություններին կեղտոտ ծառայություններ են մատուցել։ ՀՀ-ում չկա մարդ, որ այդ հարցերի պատասխանը չգիտի։
-Երբ Ձեզ մոտեցան, ի՞նչ էին առաջարկում։
-Հավատարմություն, թե ինչ եք մեզնից ակնկալում։ Ինձ հետ եղել է կոնտակտ 2018 թվականի ամռանը ՍԴ դատավորներից մի քանիսի․․․ Մտել ենք մի բանավեճի մեջ, երբ գիտենք, որ այդպես է, բայց երբ հակառակ կողմն ասում է՝ անուններ ասեք․․․ բոլորս գիտենք, որ այդպես է եղել։
– Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հրայր Թովմասյանի շուրջ իրադրությանը ողջ տեղեկատվությանը տիրապետում է երեք անձ, որոնցից երկուսը ընդդիմադիր են, անգամ՝ թշնամական դիրքերից են հանդես գալիս, կաշին փրկելու համար ամեն ինչի դիմում են։ Պարո՛ն Հավոկիմյան, ո՞ւմ նկատի ունի վարչապետը։
-Կարծում եմ՝ վարչապետի ասուլիսում, այսօրվա ուղիղ եթերում կա այդ հարցի պատասխանը։ Ես ձեռնպահ կմնամ անուններ հնչեցնելուց, վարչապետն ուղղակի ակնարկել է։
-Հրայր Թովմասյանն օրերս Արթուր Վանեցյանին էր կոչով դիմել՝ խոսել․ «Հուսով եմ և վստահ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքն այդ ամբողջի մասին լռի և այս ամբողջ պրոցեսները՝ երբ են սկսել, ոնց է սկսվել, ինձ հետ ինչ են խոսել, այդ ամենը կդառնա հանրության սեփականություն»։ Վստա՞հ եք, որ Վանեցյանը իշխանությանը վնասող փաստ չի հրապարակի։
-Ես վստահ եմ, որ Արթուր Վանեցյանը չի կարող իշխանությանը վնասող տեղեկություն ունենալ։ Մեր քաղաքական թիմը նման քայլերի երբեք չի գնալու, իրենք էսպես էլ երազելով կմնան․․․ իսկ եթե առանձին պաշտոնյաներ կանեն ապօրինի բաներ, պատասխան են տալու։ Իշխանությունը երբեք չի անելու ապօրինություն։ Արթուր Վանեցյանը թող խոսի։
-Բացառո՞ւմ եք, որ Արթուր Վանեցյանը մի օր չի ասի՝ իրեն հրահանգ է եղել Հրայր Թովմասյանին հեռացնել ՍԴ-ից։ Հիշեցնեմ, որ այս թեմայով ԱԱԾ նախկին տնօրենն ասել է․ «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձություններին»:
-Վանեցյանի խոսքերը մեկնաբանելու որևէ ցանկություն չկա։ Վանեցյանի խոսքերը արժեզրկված են, որպեսզի դու մեկնաբանես։ Պարոն Վանեցյանն ամեն ինչ արել է, որ իր խոսքերն ու հայտարարությունները արժեզրկվեն։ Ակնհայտ էր, որ Հրայր Թովմասյանը ընտրվելուց հետո պատգամավորի լիազորությունները վայր չէր դրել, ինչը անհամատեղելիության խնդիր էր առաջացրել։ Ինքը պետք է մանդատը վայր դներ, ինչը նշանակում է, որ 7 օր պիտի սպասեին, հետո համարվեր, որ դադարել է ինքը լինել պատգամավոր, հետո երդվեր ու համարվեր ՍԴ անդամ։ Այս պրոցեսները եթե ապահովվեին, Հրայր Թովմասյանը չէր կարող ապրիլի 10-ից շուտ դառնալ ՍԴ անդամ։ Ինքը լավագույն դեպքում կկարողանար ՍԴ-ի կողմից ընտրվեր 6 տարի ժամկետով։ Ամբողջ ապօրինությունն արել են, որպեսզի ժամկետային պատնեշը հաղթահարեն։
-Վարչապետն ասում է՝ Հրայր Թովմասյանի խնդրով սկսել են զբաղվել Վահե Գրիգորյանի նամակի հրապարակմանը զուգընթաց։ Բայց սրա հակառակ մեկնաբանությունը ևս կա՝ Թովմասյանը իշխանության համար դարձավ անհանդուրժելի, երբ անցած սեպտեմբերին ՍԴ-ն հօգուտ Քոչարյանի որոշում կայացրեց։
-Իրականում այդպես չի։ Թեկուզ հիշենք՝ Վահե Գրիգորյանի հայտնի ելույթից սկսվեց ՍԴ-ի ոչ լեգիտիմության մասին տեղեկությունը։ Չէր կարող ՍԴ-ի խնդիրը չլինել նոր իշխանության օրակարգում։ ՀՀ-ն արժանի է ունենալ լեգիտիմ ՍԴ, որի դատավորները ընտրված կլինեին իրենց անբասիր կենսագրության և ոչ՝ իշխանությանը ծառայություն մատուցելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան