Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Հունվարի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական միություն ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ պարոն Մարագոս,

Հարգելի՛ դեսպան Վիկտորին,

Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստան-Եվրոպական միություն ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստին։

Կուզենայի խոսել այն նպատակների մասին, որոնց մենք պետք է հասնենք այս համաժողովի միջոցով:

Կարծում եմ առաջին հերթին դա բազմապրոֆիլ օտարերկրյա ներդրումների ներգրավումն է, նոր գործարար կապերի հաստատումը, և, որ ամենակարևորն է, Եվրոպական միության հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացումը և էլ ավելի  ամրապնդումը:

Համաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով արդեն նախկին հանձնակատար Յոհանես Հանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է: Եվ կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրամիության մեր գործընկերներին՝ մեր կողքին լինելու և համաժողովի աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար։

Հարգելի՛ գործընկերներ, նախևառաջ կցանկանայի առանձնացնել համաժողովի մի քանի հայեցակարգային մոտեցումներ ու սկզբունքներ, որոնք կուղղորդեն մեր առաջիկա աշխատանքները։

Առաջին հերթին կարևորում եմ ներդրումային համաժողովի ռազմավարական նպատակների սահմանումը, որոնք պիտի բխեն պետության երկարաժամկետ տնտեսական առաջնահերթություններից ու ներդաշնակեցվեն տարվող այլ քաղաքականությունների ու միջոցառումների հետ։ Հետևապես, ակնկալվում է, որ հստակ ձևակերպված ցուցանիշների առկայություն պետք է լինի։

Համաժողովի նպատակը պիտի լինի ոչ այնքան Հայաստանի մասին ներդրողների շրջանում իրազեկվածության բարձրացումը, որքան ավելի կոնկրետ և իրական գործարար կապերի ստեղծումը և մեր կողմից թիրախավորված ուղղություններով օտարերկրյա ներդրումների ներգրավումը։

Հայաստանն արդեն ունի ներդրումային համաժողովների անցկացման որոշակի փորձ։ Անհրաժեշտ է հաշվի առնել նախորդ համաժողովներից քաղված դասերը՝ խուսափելով նախկին սխալները կրկնելուց և հնարավորինս կառուցելով հաջողված օրինակների վրա։

Համաժողովի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պիտի ընտրենք երկու-երեք, առավելագույնը չորս թիրախային թեմաներ, որտեղ մենք ներդրումների կլանման ու հետագա զարգացման մեծ պոտենցիալ ունենք։ Մեր նպատակը պիտի լինի առաջադեմ ու ապագայամետ, տեխնոլոգիական զարգացման հնարավորություններից օգտվող ու մարդկային կապիտալի զարգացման մեծ պոտենցիալ ունեցող պետություն ներկայանալը։ Ընդ որում՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ այնքան կարճաժամկետ հնարավորություններին, այլ երկարաժամկետ կտրվածքում արդյունքներ ապահովող ոլորտներին՝ մասնավորապես, հետազոտության և մշակման, նորարարության և կանաչ տնտեսության վրա։

Այս համաժողովի առանձնահատկությունը նաև պիտի լինի բազմաշահառու համագործակցության ապահովումը։ Համաժողովը պիտի դիտարկվի ոչ այնքան պետական ծրագրերը ներկայացնելու հարթակ, որոնք բազմաթիվ են, որքան մասնավոր հատվածի մեծ ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման ներգրավման բացառիկ հնարավորություն, որտեղ պետությունը ներկայանալու է իբրև մասնավոր հատվածի գործընկեր և ներդրումների համար բարենպաստ միջավայր ու դրանց պաշտպանության երաշխիքներ ստեղծող։ Պատահական չէ, որ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել ենք նաև ոլորտային ասոցիացիաների ներկայացուցիչների, քանի որ վստահ ենք, որ դուք մեզ հետ համատեղ պիտի լինեք համաժողովի սեփականատերը։

Բացի այդ՝ համաժողովի ձևաչափը հնարավորություն է տալու ավելի ակտիվացնելու մասնավոր հատվածի, փորձագիտական խմբերի ու զարգացման գործընկերների հետ ամենօրյա շփումները։ Կարծում եմ, որ համապատասխան գերատեսչությունները պիտի օգտագործեն ընձեռված հնարավորությունները՝ վեր հանելու ներդրումային միջավայրի գրավչությունը նվազեցնող խնդիրները և հընթացս այդ խնդիրներին արդեն կոնկրետ լուծումներ տան։

Եվ վերջապես, համաժողովի արդյունքը տեսանելի կդառնա միայն հետադարձ կապի ու մշտադիտարկում իրականացնելու արդյունքում։ Պարոն Խաչատրյան, կարծում եմ, որ Էկոնոմիկայի նախարարությունը՝ իր ենթակա մարմինները ներառելով, կստանձնի և լավագույն կերպով կիրականացնի ինչպես միջոցառման նախապատրաստումը, այնպես էլ հետադարձ կապը և ներդրումների սպասարկումը»։

Այնուհետև, ելույթներով հանդես են եկել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ կառավարությունը նախատեսում է կյանքի կոչել ներդրումային համաժողովների կազմակերպման նոր մոդել․առաջինն այս շարքում հենց Հայաստան – ԵՄ համաժողովն է։ Նա հավելել է, որ համաժողովի թեմաների նախնական առաջարկների թվում են՝ «Կանաչ տնտեսության» ենթակառուցվածք, գյուղատնտեսություն և բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների ֆինանսավորման համակարգեր:

Ելույթներին հաջորդած քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են համաժողովի կազմակերպման հայեցակարգային մոտեցումներին և բյուջեին, սահմանել միջոցառումների  ժամանակացույց: Որոշվել է նաև, որ համաժողովի նախապատրաստմամբ կզբաղվի Էկոնոմիկայի նախարարությունը:

Փոխվարչապետի կողմից պատասխանատու գերատեսչություններին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ: