Քաղաքական խմորումներ՝ Սերժ Սարգսյանի տապալումից հետո. նոր դերակատարների փնտրտուք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.12.2019 | 20:25Ընդդիմադիր ուժերի խոստացած քաղաքական թեժ աշունը Հայաստանում այդպես էլ չկայացավ, այդուհանդերձ, քաղաքական ներկապնակը շատ շուտով կհարստանա նոր գույներով։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը դեռ չի հայտարարում նոր կուսակցություն ստեղծելու մասին, բայց ընդամենը օրեր անց տեղի կունենա նրա հրավիրած հասարակական-քաղաքական գործիչների հավաքը։ Քաղաքագետ Աղասի Ենոքյանը տեղորոշել է նրա դիրքն ու դերը քաղաքական դաշտում․
«Արման Բաբաջանյանի կազմած կամ ենթադրվող քաղաքական ուժը կլինի վարչապետին կից և կլինի նրա ավելի էքստրեմիստական տեսակը։ Երևի այն ֆունկցիան, որ ժամանակին տրվել էր «Քաղաքացու որոշում» կուսակցությանը, ինչը նա չկարողացավ հաջող իրականացնել, հիմա Նիկոլ Փաշինյանը այդ ֆունկցիան դնում է Արման Բաբաջանյանի վրա։ Ենթադրենք՝ իշխանությունը գնում է ինչ-որ մարդկանց դատելով, իսկ էքստեմիստները կպահանջեն, որ լինեն կախաղաններ հրապարակում»։
Աղասի Ենոքյանը կարծում է, որ գրեթե թափուր է ընդդիմության տեղը, նաև՝ խորհրդարանական ընդդիմության ոչ բավարար աշխատանքի հետևանքով։ Ու նաև, որ Հանրապետական կուսակցությունը, չնայած Սերժ Սարգսյանի հայտնությանը, այսօր պասիվ դիրքում է։ Քոչարյանը է՛լ բանտից չի կարողանում հզոր քաղաքական գործոն դառնալ, ինչպես խոստանում էր։ Եվ այս իրողությունների պայմաններում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր համար շանսեր է տեսնում։ Վերջերս էլ նա պետական ռեգիստրում գրանցել է «Հայրենիք» անունով հիմնադրամ։
«Վանեցյանը քաղաքական նկատառումների մասին հայտարարել էր հենց սկզբից, բայց ես կարծում եմ, որ նա չի գնա առանձին քաղաքական ուժ ստեղծելու ճանապարհով, այլ կուժեղացնի եղածներից մեկը։ Վանեցյանի մեջ չեմ նկատել քաղաքական խոսք։ Այնտեղ կա գործիչը, բայց նա ավելի շատ կազմակերպիչ է, ոգևորող է, քան քաղաքական գործիչ»։
«Ազատ քաղաքացի» կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը չի շտապում գնահատել Արման Բաբաջանյանի ստեղծելիք քաղաքական ուժի հնարավորությունները, կսպասի՝ առաջիկա հավաքի արդյունքներին։ Խուրշուդյանը խիստ կասկածով է մոտենում կանխատեսումներին, թե Վանեցյանը կարող է դառնալ այս իշխանության թիվ մեկ ընդդիմադիրը։ Նա հեղինակություն հավաքել է հեղափոխության շնորհիվ, այսօր հակառակ ճամբարում գործելով՝ կփոշիացնի իր իսկ կշիռը։
«Իր ամեն հաջորդ քայլ, որ ուղղված է իրեն իսկ նշանակած իշխանության դեմ, իր հեղինակության դեմ է աշխատում, ինքը գնալով ավելի քիչ հեղինակություն է ունենալու։ Ուզում եմ, որ ինքն ըմբոշխնի էդ պատասխանատվության զգացումը՝ հասարակության մի ստվար խավի շահերը ներկայացնելու՝ ոնց որ մենք տարիներ շարունակ կրել ենք այդ խաչը, թող մի քիչ ինքը մրցակցության մեջ մտնի և համեմատի ապահով պաշտոնյա լինելու հանգամանքը, երբ կարելի էր մասը կազմել քաղաքական հետապնդումների, հիմա ինքը թող ըմբոշխնի՝ լինելով քաղաքական դաշտի մաս»,- ասում է պարոն Խուրշուդյանը։
Հասարակական-քաղաքական գործիչների համախմբված «Վերնատուն» ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանն իր հերթին հայտարարել է գարնանը Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունը վերակազմավորելու մասին։ Աղասի Ենոքյանը Հայաստանի նախկին վարչապետին համարում է քիչ վարկաբեկված գործիչներից, ըստ այդմ՝ հավակնությունները փոքր չեն լինի․ «93 թվականից հետո նա չի եղել իշխանության մեջ, դժվար է նրա հետ սկանդալներ կապել և այն, որ նրան հաջողվեց ստեղծել այդ ֆորումը՝ «Վերնատան» մեջ միավորել գործիչներին, դա բավականին լուրջ հաջողություն է։ Քաղաքական ֆորմատի համար նա պետք է վերականգնի ԱԺՄ-ն, ես կարծում եմ՝ նա հիմա հետաքրքիր շանսեր ունի ԱԺՄ-ով աշխատելու»։
Հետաքրքիր՝ միգուցե, բայց ոչ մեծ քաղաքական կշիռ է 73-ամյա փորձառու քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանին վերագրում Հովսեփ Խուրշուդյանը։ Ըստ նրա՝ Մանուկյանի խնդիրը ընտրած քաղաքական ճամբարն է և այն գաղափարները, որոնք այսօր առաջարկում է․ «Երբ խոսում ենք Վազգեն Մանուկյանի մասին, մենք չենք խոսում այն Վազգեն Մանուկյանի մասին, որը հիմքերում էր կանգնած ՀՀ-ի և որը հետագայում պայքարում էր ժողովրդավարացման համար։ Էն Վազգեն Մանուկյանը չունենք, ցավոք սրտի, մենք ունենք արդեն հարմարված Վազգեն Մանուկյանը, որը հարմարվել է Սերժ Սարգսյանի իշխանության և այդ ապօրինությունների հետ։ Հիմա ինչ թեզիսներ են առաջ քաշում, այսինքն՝ արդարացնել թալանչիների՞ն, եթե իրենց հիմնական թեզը դա է՝ հիմա բոլորին բռնում են, 37 թիվ է, կներեք էլի բա գող են պիտի բռնեն, 10 հոգու սպանել չպարզեն ովքեր են հրահանգողները։ Նման փաստարկներով Վազգեն Մանուկյանը կունենա 0․01% հաջորդ ընտրությունների ժամանակ ինչքան էլ հեղինակավոր ակումբ ուզում է ստեղծի»։
«Ազատ քաղաքացի» կենտրոնի ղեկավարն ասում է՝ քաղաքական դաշտի հատկապես ընդդիմադիր հատվածի խաղացողները պիտի հստակ իմանան՝ իշխանությունը վստահության մեծ պաշար ունի, ինչը գործը դժվարացնում է։ Խուրշուդյանը նկատում է՝ թեժ աշուն չստացվեց, իսկ քաղաքական մթնոլորտի թեժացումների փորձերն այս փուլում ավելի շատ արհեստական են, ինչպես ասենք՝ դաշնակցականների ակցիաները կրթության նախարարի հրաժարականի պահանջով։ Արտահերթ զարգացումներ իշխանության ցանկությանը հակառակ, Խուրշուդյանը չի կանխատեսում։
«Ապագա ունեն այն ուժերը, որոնք մաս են կազմել հեղափոխությանը, մաս են կազմել հեղափոխությանը, և այս կամ այն պատճառով իշխանության մաս չեն կազմել, որովհետև նրանք տեղ ունեն քննադատելու իշխանություններին, շատ դեպքերում այո՛, ռադիկալ դիրքերից, որովհետև իշխանություններն այսօր որոշ դեպքերում նահանջում են հեղափոխության գաղափարներից։ Իսկ էն ուժերը, որոնք որ ճիշտ է՝ շատ ավելի մեծ ռեսուրսներ են ծախսում, ունեն հսկայական մեդիա հարթակներ, էդ ուժերը որևէ ապագա չունեն»,- ասաց Խուրշուդյանը։
Հովսեփ Խուրշուդյանի գնահատմամբ՝ պետությունը կայուն զարգացման ճանապարհ է մտել։ Այդ ընթացքին խոչընդոտներ նա սպասում է ոչ թե ներսից, այլ միայն արտասահմանից՝ ավելի կոնկրետ Ռուսաստանից։
Թե հայաստանյան քաղաքական դաշտը ի՞նչ նոր համալրումներ և գույներ կունենա՝ ցույց կտա ապագան, իսկ քաղաքական ուժերի իրական կշիռը, ըստ նրա, կերևա համապետական հերթական ընտրությունների ժամանակ։
Ռոբերտ Անանյան