ՊՎԾ-ում շատերը, այդ թվում՝ ես, սպասում ենք Դավիթ Սանասարյանի վերադարձին. Արգիշտի Քյարամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հետ

-Պարո՛ն Քյարամյան, արդեն երեք ամիս է, որ ղեկավարում եք պետական վերահսկողական ծառայությունը, ինչպե՞ս եք գնահատում Ձեր կառավարման շրջանը և Ձեզ գոհացնո՞ւմ են արդյունքները: 

Չեմ կարծում, որ որևէ տեսանկյունից ճիշտ կլինի, որ ես գնահատական տամ իմ աշխատանքին: ՊՎԾ-ն շարունակում է այն գիծը, որն ընտրված է եղել նախապես: Պատիվ ունեմ շարունակելու այն գործընթացը, որը սկսվել և փոխանցվել է ինձ:

-Վերջերս ՊՎԾ-ն հրապարակեց 2019 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը, պարզվեց, որ նախորդ տարիներին միլիարդների չարաշահումներ են եղել: Ամենաշատը՝ 3 միլիարդ 6 մլն դրամի չարաշահում, բացահայտվեց «Արմավիր», «Արտաշատ», «Էջմիածին» և «Արարատ» ջրօգտագործող ընկերություններում: Ձեր հաղորդագրությունում նշվում է, որ չհիմնավորված պարտքերն են չարաշահումների պատճառը: Խնդրում եմ մանրամասնեք՝ ինչի՞ արդյունքում են այդ պարտքերը գոյացել, և արդյո՞ք այդ գումարները կվերականգնվեն:

-Ջրօգտագործող ընկերություններում ուսումնասիրությունները պայմանավորված են եղել ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ բազմաթիվ ազդակներ ստանալու հանգամանքով: Կան չարաշահումներ, որոնց հանդիպել ենք բոլոր ջրօգտագործող ընկերություններում. դրանք թաքցված հողերի հայտնաբերման հանգամանքներն են, երբ մարդիկ տարիներ շարունակ ունեցել են այգիներ, ոռոգվող հողատարածքներ, բայց պայմանագրեր չեն ունեցել ՋՕ ընկերությունների հետ: Հետաքրքիր հանգամանք էր այն, երբ սկսեցին չափագրումներ իրականացնել տարբեր պոմպակայաններում և պարզվեց, որ ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց իրականում ավելի շատ քանակությամբ ջուր է մատակարարվել, քան ֆիքսվել է հաշիվներում: Այդ խնդիրները համակարգային բնույթ են կրում: ՋՕ ընկերություններում կա խնդիրների մի շարք, որ կրկնվել է տարիներ շարունակ, բայց քանի որ քրեական գործընթաց կա, կարծում եմ, որ անուններ տալը սխալ է:

-Անդրադառնանք Ոստիկանության համարանիշների գնման գործընթացին: ՊՎԾ-ն հայտարարել էր, որ գործընթացում մենաշնորհ կա: Հեռուստադիտողների համար հիշեցնեմ` խոսքն այն մասին է, որ համարանիշների համար նույն մատակարարը՝ «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն, տարիներ շարունակ առաջարկած գնից այս տարի 40 տոկոս էժան գին է առաջարկել, բայց ՊՎԾ-ի հաշվետվության մեջ թվային տվյալներ չկային, թե խոսքն ինչ գնի մասին է: Նախորդ տարիներին ի՞նչ գնով է Ոստիկանությունն այդ ապրանքանիշը ձեռք բերել, ընդհանուր որքա՞ն է վճարվել, իսկ այս տարի, այդ 40 տոկոս էժանացման հաշվին, որքա՞ն է տնտեսվել: 

-Այդ համատեքստում հաշվարկ չի կատարվել, ֆիքսվել է փաստը և արդյունքում ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Մենք հաշվարկ կատարեցինք և պարզվեց, որ վերջին մրցույթի ընթացքում պետության հնարավոր օգուտը կազմում է 120-140 միլիոն դրամ: Սա միայն վերջին գնման գործընթացի արդյունքում: Մեր ուսումնասիրության արդյունքում, ըստ էության, տարիներ շարունակ մրցույթին մասնակցած և հաղթած նույն ընկերությունը 40 տոկոս էժան գնային առաջարկով հանդես եկավ:

-Հիմա Ձեր և Վալերի Օսիպյանի հարաբերություններն ինչպիսի՞ն են, քանի որ ՊՎԾ-ի հայտարարությունից հետո Վալերի Օսիպյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Ձեր հայտարարությունը որակեց պոպուլիստական, նշեց, որ չեք սպասել ուսումնասիրությունների ավարտին՝ մինչ հաղորդագրություն տարածելը,  իսկ ՊՎԾ-ն մեր հրապարակումից հետո ոստիկանապետի խոսքերը որակեց ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում: Կարծես թե հեռակա բանավեճի մեջ էիք:

-ՊՎԾ-ն ամբողջական անդրադարձ է կատարել այդ ամենին, և պաշտոնական անդրադարձից բացի՝ այս թեմայով ասելիք չունեմ: Ինչ վերաբերում է հարաբերություններին, ՊՎԾ-ն իր լիազորություններից ելնելով՝ գրեթե բոլոր պետական կառույցների հետ կարող է հարաբերվել: Մենք մեզ համար սահմանել ենք գործընկերային շփումներ: Բացառվում է որևէ լարվածություն կամ այլ ոչ պատշաճ երևույթ:

-Տեղեկություններ ունեմ, որ այս պահին ՊՎԾ-ն լայնածավալ ուսումնասիրություններ է  կատարում ՀՀ Ոստիկանությունում: Այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, և արդյո՞ք Շիրակի մարզային Ոստիկանության շենքի շինարարությունը խախտումներով է իրականացվել:

-Տեղեկություններն ամբողջությամբ ճիշտ են: Այս պահին ՊՎԾ-ն երկու ընթացակարգերով, երկու խմբերով ուսումնասիրություններ է կատարում Ոստիկանության տարբեր ոլորտներում: Շիրակի մարզի Գյումրու Կումայրի բաժնի շենքի կառուցապատման գործարքը ևս մեր ուսումնասիրությունների կենտրոնում է: Խախտումների մասին այս պահին որևէ բան չեմ նշի, քանի որ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է և առաջիկայում կամփոփենք:

-Մասնավորապես, ի՞նչն է ուսումնասիրվում Ոստիկանությունում:

-Ուսումնասիրվում են շինարարության սուբսիդիաները: Ընդհանրապես, ռիսկային տարբեր գործարքներ:

-Պարո՛ն Քյարամյան, Պաշտպանության նախարարությունում ինչո՞ւ ստուգումներ չեն իրականացվում: Մամուլը գրել էր, որ Դավիթ Սանասարյանը դեռ 2018-ին է ցանկացել ստուգումներ իրականացնել, բայց պաշտպանության նախարարն անձամբ է վարչապետ Փաշինյանին դիմել՝ գործընթացը կասեցնելու համար: Երբևէ ՊՎԾ-ում քննարկվե՞լ է ՊՆ-ում ստուգումներ անելու հարցը:

-Ընթացքում բազմաթիվ մշտադիտարկումներ են իրականացվում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ՊՆ-ում: Տարբեր թեմաներով տարբեր բողոքներ ենք ստանում, արձագանքում ենք բողոքներին, գնման ոլորտում ենք ուսումնասիրություններ կատարում, սակայն համալիր ուսումնասիրություններ նախաձեռնելու հետ կապված որևէ քննարկում չկա: Ձեր նշած նախաձեռնությունը, որ, իբր, պարոն Սանասարյանը նախաձեռնել է, որևէ բան չեմ կարող ասել: Չեմ կարծում, որ այդպիսի բան հնարավոր է:

 -Դուք այս պահին տեղեկություններ ունե՞ք ՊՆ-ում երբևէ կատարված չարաշահումների մասին:

-Տեղային բնույթ կրող ինչ-որ խնդիրներ են, որոնք հիմնականում լուծումներ ստանում են: Բայց մենք ուսումնասիրություն կատարելուց առաջ մեր տրամադրության տակ առկա տեղեկատվական բազաների միջոցով վերլուծություններ ենք կատարում, ռիսկեր ենք վերհանում: Դեռևս ՊՆ-ի ռիսկայնությունը մեր կողմից չի վերհանվել:

 -Վարչապետն էլ բազմիցս հայտարարել է, որ բանակը թալանվել է նախկինների կողմից: Այս հայտարարությունը հիմք չէ՞, որ ստուգումներ իրականացվեն կառույցում: 

-ՊՆ-ի կազմում մեծ թվով իրավասու մարմիններ կան, որոնք ներքին հարցերի վերհանմամբ են զբաղված, և ես վստահ եմ, որ այդ մարմինները շատ հստակ աշխատում են, լավ արդյունքներ են արձանագրում: Միանշանակ, պարոն վարչապետի ասածները հիմք են, և չեմ բացառում մեր լիազորությունների շրջանակում որևէ ոլորտում ուսումնասիրություններ իրականացնելու հանգամանքը:

-Կարծեք թե արգելված կառույցներից է նաև Ազգային անվտանգության ծառայությունը: ՊՎԾ բացահայտումների համատեքստում, ինչպես ՊՆ-ում, այնպես էլ ԱԱԾ-ում որևէ բան չի բացահայտվում: ԱԱԾ-ի չարաշահումների հետ կապվա՞ծ էլ տեղեկության չեք տիրապետում:

-Նույն համատեքստում պատասխանեմ այս հարցին: Այն, ինչ վերաբերվում է ՊՆ-ին, վերաբերում է նաև ԱԱԾ-ին:

-Չարաշահումներ չկա՞ն, կատարյա՞լ են այդ կառույցները:

-Կատարյալ կառույց դժվար թե հայտնաբերվի որևէ պետական համակարգում: Չեմ բացառում որևէ տեղ ուսումնասիրություն իրականացնելու հնարավորությունը:

-Այդ թվում՝ ԱԱԾ-ում և ՊՆ-ու՞մ:

-Ցանկացած տեղ:

-Տեղեկություններ ունեմ, որ ՊՎԾ-ում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենալու: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:

-Այո՛, կառուցվածքային փոփոխություններ սպասվում են: Այս պահին էլ կառուցվածքային փոփոխությունների գործընթաց է իրականացվում: Մասնավորապես, իրավաբանական բաժինը վերակազմավորվում է որպես իրավաբանական վարչություն: Լրատվության բաժինն էլ լուծարվում է, փոխարենը ստեղծվելու է մամուլի քարտուղարի հաստիք:

-Պարո՛ն Քյարամյան, Ձեզ համարո՞ւմ եք հեղափոխական կամ հեղափոխության արժեքների կրող: Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև այս իշխանությունը վարչապետի մակարդակով հայտարարում է, որ խնամի-ծանոթ-բարեկամ-բաջանաղների ինստիտուտը վերացել է, բայց տեղեկանում ենք, որ Ձեր սանիկին՝ Արթուր Նահապետյանին ՊՎԾ-ում պաշտոնի եք նշանակում: Այս փաստն ինչպե՞ս եք մեկնաբանում:

-Այս պահին եթե փորձեմ ցանկացած կերպ, ցանկացած բառերով ներկայացնել Նահապետյան Արթուրի նշանակումը, վստահ եմ, որ կլինի հանրության մի զգալի զանգված, որն արդարացիորեն շեշտը կդնի քավոր-սանիկ հարաբերությունների վրա: Երկար ժամանակ Հայաստանում եղել է մի իրավիճակ, որ մարդիկ պաշտոններ են զբաղեցրել քավոր-սանիկական, ազգակցական կապերի արդյունքում: Այս իրավիճակը հասարակությանը թույլ է տալիս ողջամտորեն բացասական տրամադրվածություն ունենալ ցանկացած նման դրսևորման դեպքում: Նահապետյան Արթուրի նշանակումը լրիվ այլ նշանակություն ունի: Նա բավականին լուրջ և պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել տարբեր կառույցներում՝ Ոստիկանությունում, ՔԿ-ում, Դատախազությունում, ՊԵԿ-ում: Ես ինքս եմ խնդրել, որ նա գա և աշխատի ՊՎԾ-ում:

-Դուք հիմա ներկայացնում եք պարոն Նահապետյանի մասնագիտական կարողությունները, բայց մենք նախկին իշխանության ներկայացուցիչներից էլ էինք նույն պատասխանն ստանում: Օրինակ՝ ասում էին, որ պատգամավորի երեխա են, հո կրակը չե՞ն ընկել, խելացի են և պաշտոնի են նշանակվել:

-Արդարացի եմ համարում հասարակության այդ մոտեցումը, բայց ես չեմ կարծում, որ նախկինում իրապես կար այն հնարավորությունը, որ մարդիկ գային և իրապես մասնակցեին մրցույթին: Այո՛, իմ սանիկն է, բայց լավ մասնագետ է:

-Վարչապետն ասում էր, որ պաշտոնյաների ունեցվածքի մասին ցանկացած տեղեկության քաղաքացիները պետք է տիրապետեն, թե ինչպես են հարստացել և որն է դրա ծագումնաբանությունը: Դուք Ձեր հայտարարագրում առկա միլիոնների մասին չէիք ցանկանում պարզաբանում տալ՝ հայտարարելով, որ հաշվետու չեք, իսկ վերջերս էլ պարզվեց, որ Ձեր բնակարաններից մեկը չեք հայտարարագրել: Չի՞ ստացվում, որ վարչապետի սկզբունքները խախտում եք:

-Ես իմ առաջին հայտարարագրում ութ անշարժ գույք եմ հայտարարագրել, բավականին մեծ ծավալի դրամական միջոցներ և բացարձակապես տրամաբանական չեմ համարում, որ կարող էր որևէ դիտավորություն լիներ, որ ինչ-որ բնակարանի ¼ մասը չհայտարարագրեի: Տրամաբանական է, որ այստեղ միտում չէր կարող լինել: Այդ բնակարանն օրենքի ուժով անցել է ինձ որպես սեփականություն՝ այն հիմքով, որ ես այնտեղ գրանցված եմ եղել:

-Եվ, ամփոփելով մեր զրույցը, Դուք ցանկություն ունե՞ք զբաղեցնել ՊՎԾ պետի պաշտոնը: Եթե առաջարկվի, ինչպե՞ս կարձագանքեք:

-Այդ հարցը բացարձակ քննարկման ենթակա չէ, այս պահին ՊՎԾ ղեկավար է հանդիսանում պարոն Սանասարյանը: Այս պայմաններում նման հարցը տեղին չէ, մենք սպասում ենք պարոն Սանասարյանի վերադարձին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան