«Իշխանության կողմից հրահանգ է իջեցված սահմանափակել դատական նիստերի ուղիղ հեռարձակումը»․ ինչո՞ւ ընդհատվեց Սամվել Բաբայանի գործով դատավարության հեռարձակումը

Լուրեր

12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
Բոլորը

«Իգլայի» աղմկահարույց գործով դատավարությունն այսօր ուղիղ եթերով հեռարձակվեց ընդամենը մի քանի րոպե․ դատարանը մասնակիորեն բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը՝ արգելելով տեսահեռարձակումը և ուղիղ եթերը։ Ուշագրավն այն է, որ այսօր վկաների հարցաքննության փուլն էր, և գործով ամբաստանյալ Սամվել Բաբայանն իր խոսքում հայտարարեց, որ հարցաքննության տեսահեռարձակումը հարկավոր է, որպեսզի հանրությունը կարողանա հետևել դատավարության ընթացքին։ Դատարանը թույլատրեց միայն լրատվամիջոցների ներկայությունը դատական նիստի ընթացքում, ինչպես նաև նիստի ձայնագրում։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ վերջին շրջանում աղմկահարույց դատավարություններում նույն ոճն է նկատելի, ինչպես՝ Ժիրայր Սեֆիլյանի գործում․ «Այդ հեռարձակումների միջոցով ապօրինությունները տեսնում ենք, ընդ որում՝ ոչ միայն տեսնում, այլև դրանք փաստեր են, որոնք կարելի է օգտագործել հենց նույն դատարանի դեմ»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ արգելելով տեսանկարահանումները իշխանությունն անում է հնարավորը, որպեսզի «կեղծ, շինծու գործերը, հասանելի չդառնան հանրությանը»։ Իրավապաշտպանը զուգահեռներ է տանում 2016 թվականի հուլիսյան դեպքերի հետ, երբ որոշ հեռուստաընկերություններ Սարի թաղի դեպքերը ուղիղ հեռարձակմամբ էին ներկայացնում, ինչն էլ հետագայում խնդիր դարձավ իշխանությունների համար:

«Սասնա ծռերի գործով ամբաստանյալների նկատմամբ բռնության դեպքերի ականատես եղանք հենց դատարանում, այս ամենն արդեն չափից շատ է, օրինակ՝ դատավոր, որը չի կարողանում նիստը վարել, դատավորի մասնակցությունը բռնությանը, մենք այդ ամենը տեսնում ենք, սա արդեն ահագնացող չափերի է հասնում։ Իշխանության կողմից հրահանգ է իջեցված սահմանափակել հեռարձակումը»,- նշեց իրավապաշտպանը։

Ալեքսանյանի խոսքով, եթե նիստի ընթացքում արգելեին նաև նիստի ձայնագրություն, ապա «բոլորս պետք է տեղափոխվեինք Աֆրիկա»: «Սամվել Բաբայանի մեղադրանքն ակնհայտ կեղծ մեղադրանք է, քանի որ իշխանությունն այնքան է վարկաբեկվել, փորձում է իր դեմքը փրկել սահմանափակելով խոսքի ազատությունը։ Ինչպե՞ս կարելի է տեսանկարահանումը չթույլատրել, իրենց կեղծիքները, ապօրինությունները փորձում են այդ կերպ թաքցնել»,- համոզված է Ալեքսանյանը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ևս նկատում է, որ հասարակական հնչեղություն ունեցող բոլոր գործերով «նույն ձեռագիրն է»: «Ինչ-որ պահից սկսած` մեղադրող կողմի միջնորդության հիման վրա դատարանը որոշում է նիստերի տեսանկարահանումը արգելել։ Վկաների հարցաքննության տեսանկարահանումն արգելելը ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում, դա մենք պետք է փորձենք հասկանալ»,- ասաց նա։

Փաստաբանի գնահատմամբ՝ դատարանի հիմնավորումն անհասկանալի է․«Որովհետև դատավարության հրապարակայնությունը կարող է սահմանափակվել խիստ որոշակի դեպքերում, ու դա պետք է իրավաչափ նպատակ հետապնդի, այսինքն՝ այս դեպքում ասել, որ վկաների հարցաքննություն է տեղի ունենում, ու դրա համար մենք սահմանափակում ենք, դա նշանակում է ոչինչ չասել: Պետք է հստակ բացատրվի նպատակը»։

Հիշեցնենք, որ Մուշեղ Շուշանյանը Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպանն է, որի դատավարության ժամանակ ևս միջադեպեր են արձանագրվել։ Փաստաբանը նկատեց, որ սահմանափակելով հանրային հնչեղություն ունեցող դատավարությունների ուղիղ հեռարձակումը, հանրությանը զրկում են այդ գործերի մանրամասներից տեղեկանալու իրավունքից: «Թե՛ «Սասնա ծռերի», և թե՛ Ժիրայր Սեֆիլյանի գործերով նույն ձեռագիրն ենք տեսնում, որ մեղադրվողները ասելիք ունեն, ի սկզբանե կար այդ միտումը, որ հրապարակային դատաքննությունից վախենում են և փորձում են սահմանափակել»,- եզրափակեց Շուշանյանը։

Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանի համար ևս դատարանի կողմից մասնակիորեն բավարարված միջնորդության հիմնավորումն ընդունելի չէ: «Պաշտպանական կողմի ցանկությունն այն է, որ ամբողջ դատական նիստը լրատվամիջոցների կողմից լուսաբանվի։ Դատախազն իմ կարծիքով նման միջնորդություն ներկայացրեց այն պատճառաբանությամբ, որ կան որոշ վկաներ, որոնք չեն ցանկանում, որպեսզի լրատվամիջոցների միջոցով իրենց դեմքը տեսանելի լինի»,- մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը։

Քալաշյանի տեղեկացմամբ՝ վկաները հակասական ցուցմունքներ ներկայացրին դատավարության ժամանակ, սակայն իրենց նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո` դատարանում տված ցուցմունքները փոխեցին․ «Այսօր հարցաքննված վկաներից ոչ մեկի ցուցմունքներով առաջադրված մեղադրանքները չեն հիմնավորվել»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Իգլայի» գործով ամբաստանյալ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել կամ կրել, որը պատժվում է ազատազրկմամբ երկուսից վեց տարի ժամկետով և ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնել, որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, հատկանիշներով։

Սեդա Ղուկասյան