«ՀՀ բոլոր կանանց կոչ եմ անում չվախենալ հեծանիվ ստեղծելու և հեծանիվ հորինելու համարձակությունից». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի միջազգային համաժողովին

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) միջազգային համաժողովի բացմանը: Միջազգային համաժողովը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի կողմից:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի դեսպաններ,
պետական այրեր,
հարգելի հյուրեր,
համաժողովի հարգելի մասնակիցներ, կազմակերպիչներ,

ուրախ եմ ողջունելու ձեզ այսօրվա համաժողովի առիթով, որը նվիրված է կանանց ձեռներեցությանը:

Հայաստանի Հանրապետությունում բնակչության մեծամասնությունը կանայք են, և տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ կեսը կանայք են: Սա ասում եմ հատկապես այս համաժողովում` ընդգծելու համար, որ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում հռչակված տնտեսական հեղափոխությունը կհասնի հաջողության, եթե մենք իսկապես ի վիճակի չլինենք խթանել կանանց ձեռներեցությունը: Թույլ տվեք ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կանանց դերը և կանանց ակտիվության մակարդակը նկատելիորեն բարձրացել է: Եվ թույլ տվեք ասել նաև, որ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն իրականություն չէր դառնա առանց կանանց այդպիսի լայնամասշտաբ մասնակցության: Ինձ համար սա առաջին նշանն էր, անցյալ տարի հեղափոխության գործընթացներին և զանգվածային միջոցառումներին կանանց մասնակցության ահռելի ծավալն առաջին և աներկբա ապացույցն էր այն բանի, որ Հայաստանում իսկապես սկսվել է հեղափոխություն, և կանանց դերը տեղի ունեցած հեղափոխության մեջ իսկապես շրջադարձային էր:

Ես ուզում եմ հույս հայտնել և համոզված եմ, որ նաև տնտեսական հեղափոխության գործում կանանց դերը լինելու է նույնպիսի չափ վճռական և կարևոր:

Հայաստանի Հանրապետությունում շատ ոլորտներ՝ սկսած պետական կառավարման ոլորտից և ավարտած բիզնեսի կազմակերպմամբ սպասարկման մակարդակի բարձրացումից, իսկապես կանանց խնամքի անհրաժեշտություն ունի: Ընդհանրապես կարծում եմ, որ մեր երկիրը կանանց խնամքի անհրաժեշտություն ունի, երբ մենք մեր հայրենիքի տարբեր անկյուններում տեսնում ենք չկազմակերպվածության, թափթփվածության, երբեմն փնթիության ընդլայնված երևույթներ, սա ևս մեկ անգամ ակնհայտ է դարձնում, որ Հայաստանը կանանց խնամքի կարիք ունի:

Սա նշանակում է, որ մենք բոլոր ոլորտներում, առանց բացառության, պետք է խթանենք կանանց ակտիվությունը, ներգրավվածությունը, և սա մեզ համար, մեր կառավարության համար իսկապես առաջնահերթություն է: Ես այս մասին բարձրաձայնել եմ` որպես վարչապետի թեկնածու 2018 թվականի մայիսին Ազգային ժողովում հանդես գալով:

Ես միևնույն ժամանակ նաև արձանագրել եմ իմ համոզմունքն այն բանի, որ կանանց ակտիվությունը տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, հանրային կյանքում, պետական կառավարման համակարգում որևէ կերպ չի հակասում և չպիտի հակասի ավանդական ընտանիքի մասին մեր ազգային պատկերացումներին: Մենք այսօր ունենք այդպիսի շատ տեսանելի օրինակներ, որոնք հիմնավորում են մեր այս դիրքորոշումը, մեր այս ասածը:

Ես այսօր ուզում եմ իսկապես կոչ անել Հայաստանի Հանրապետության բոլոր կանանց, որ նրանք իսկապես անեն իրենց քայլը նաև տնտեսական հեղափոխության գործում, որովհետև համոզված եմ` նաև ձեռներեցության մեջ կանայք ավելի արդյունավետ կարող են լինել, ավելի հաշվենկատ, ավելի հավասարակշռված, ավելի հաշվարկված և ունեն հիմնավորված քայլերով առաջ գնալու ընդունակություն, որովհետև համոզված եմ, որ հայ կնոջ պատասխանատվության զգացումը մի փոքր ավելին է, քան մենք դա սովորաբար տեսնում ենք տղամարդկանց շրջանում:

Ես հավատում եմ նաև, որ կանայք վիճակագրորեն ավելի պակաս են հակված կոռուպցիային և կոռուպցիայի մեջ ներքաշվելուն, քան սովորաբար դա կարող է լինել տղամարդկանց շրջանում: Դա իմ համոզմունքն է: Ես համոզված եմ, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում քաղաքականության մեջ, տնտեսության մեջ կանանց ներգրավվածությունը գնալով շատանալու է:

Բայց այսօր ես ուզում եմ ձեռներեցության և ձեռնարկատիրության մասին խոսել: Ես հույս ունեմ, որ այն հնարավորությունները, որ մենք այսօր ստեղծում ենք աղքատության հաղթահարման համար, մենք ստեղծում ենք գործարարության, փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, միկրոբիզնեսի զարգացման համար: Ես հույս ունեմ, որ կանայք նախաձեռնությունը կվերցնեն և այստեղ էլ տնտեսական հեղափոխության գործում կունենան շրջադարձային նշանակություն: Սա չափազանց կարևոր խնդիր:

Եվ ցանկանում եմ ևս մի այսպիսի նրբություն շեշտել: Քիչ առաջ այստեղ` երկրորդ հարկում, տեղի էր ունենում Մտավոր սեփականության պաշտպանության միջազգային օրվա հետ կապված միջոցառում: Քաջալերելով, իհարկե, ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց տնտեսական գործունեությունը և ձեռնարկատիրությունը` ցանկանում եմ մի այսպիսի նրբերանգի մասին նույնպես խոսել, քանի որ նաև պատասխանատու եմ զգում ինձ այդ քաջալերումից հետո ձեռնարկների հետագա ճակատագրի համար: Շատ կարևոր է, որ տնտեսական յուրաքանչյուր գործունեության հիմքում, յուրաքանչյուր քայլի հիմքում դրվի կոնկրետ գաղափար: Սա շատ կարևոր է, որովհետև այդ թվում` բիզնեսը, տնտեսական գործունեությունը, իմ պատկերացմամբ, առաջին հերթին մտավոր գործունեություն է, որովհետև չի կարելի ընդհանրապես որևէ բան անել առանց մտածելու: Սա, կարծում եմ, հատկապես Հայաստանում, հատկապես այսօրվա Հայաստանում, հատկապես 21-րդ դարի աշխարհում կարևոր արձանագրում է, որովհետև, այո՛, մեզնից յուրաքանչյուրը պետք է շատ հստակ արձանագրի, որ ինքը կրում է իր որոշումների և քայլերի պատասխանատվությունը, և ինքը պետք է կարողանա քաղել նաև իր աշխատանքի պտուղները:

Մենք ասում ենք՝ քաջալերում ենք տնտեսական գործունեությունը, մեր կառավարության համար առաջնահերթություն է տնտեսական գործունեության քաջալերումը և հատկապես կանանց շրջանում: Եվ այս համատեքսում ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ցանկացած տնտեսական գործունեության հիմքում պետք է դրվի մի առանձնահատուկ գաղափար, պետք է դրվի մի այնպիսի հեղինակային գաղափար, որն այդ նախաձեռնությունը դուրս կբերի սովորական շարքից, սովորական տրամաբանությունից:

Սա հաջողության ամենամեծ գրավականն է՝ լինի դա քաղաքականության մեջ, տնտեսության մեջ, ստեղծագործության մեջ, ամեն ինչի մեջ: Ամեն ինչի մեջ պետք է փորձել դնել մի գաղափար, որը տվյալ ձեռնարկատիրոջը, տվյալ ձեռնարկությունը, տվյալ ընկերությունը կտարբերի և կտարբերակի մյուսներից, ավելի նկատելի կդարձնի ուրիշների համար: Ես համոզված եմ, որ այսպիսի գաղափարները Հայաստանում գնալով ավելի շատանալու են: Այսօր էլ մենք տեսնում ենք այսպիսի գաղափարներ: Օրինակ՝ թվում է, թե ամեն ինչ մտածված է, բայց Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել մարդիկ, ովքեր մտածեն` ստեղծել թեյ և ունենալ հաջողություն: Թվում է, թե թեյը վաղուց արդեն ստեղծված է, մի քանի հազարամյակ գոյություն ունի:

Վերջերս մի տեղ մի շատ տարօրինակ միտք արտահայտեցի: Չգիտեմ` ինչքանո՞վ է ճիշտ այդ միտքը բարձրաձայնելը՝ հաշվի առնելով, թե դա ինչ քննարկումների տեղիք կտա: Վերջերս տեղի ունեցած մի ընկերական քննարկման ժամանակ ես ասեցի, որ, օրինակ, այն արտահայտությունը, որ պետք չէ հեծանիվ հորինել, համարում եմ շատ վնասակար, որովհետև, ինչպես թեյի օրինակով ասացի, թվում է, թե թեյը վաղուց ստեղծված, ավարտված է, բայց մարդիկ կան, որ այսօր թեյ են ստեղծում, և այդ թեյը նոր ստեղծված թեյ է: Եթե հեռախոսի հեղինակը առաջնորդվեր «պետք է չէ հեռախոս ստեղծել» տրամաբանությամբ, այս հեռախոսը չէր ստեղծվի:

Հայաստանի Հանրապետության բոլոր կանանց կոչ եմ անում չվախենալ հեծանիվ ստեղծելու և հեծանիվ հորինելու համարձակությունից:

Ունեցե՛ք այդ համարձակությունը, արե՛ք այդ քայլը, և դուք անպայման կհաղթեք: Ձեր հաղթանակի արդյունքում կհաղթի Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը և ընդհանրապես մարդկությունը»: