Սերժը հեռացավ, բայց խնդիրները մնացին, մարդիկ դեռ պատրաստ չեն պաշտպանել իրենց իրավունքները. Ալեքսանդր Լապշինը՝ հետհեղափոխական Հայաստանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը հայտնի բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինի հետ

– Բոլորովին վերջերս՝ շուրջ մեկ ամիս Հայաստանում էիք: Վերադարձել եք: Այս անգամ ի՞նչ ծրագրեր ունեք:

– Այս անգամ որոշեցի մի քիչ էլ ճամփորդել Հայաստանում, լինել այնտեղ, ուր դեռ չեմ հասցրել լինել, տեսնել այն, ինչ դեռ չեմ տեսել: Նորից Երևան կգամ ապրիլի վերջին: Այստեղ զբոսաշրջային ցուցահանդես է բացվելու՝ InTour Expo: Ես ևս ներկա կլինեմ և կպատմեմ ուղևորությունների մասին:

– Իսկ ի՞նչ հասցրեցիք տեսնել անցյալ անգամ, գրեթե մեկուկես ամիս Հայաստանում էիք:

– Ես առաջին անգամ չէի Հայաստանում, և նախկինում էլ բավականաչափ շրջագայել եմ երկրում: Բայց, օրինակ, չէի եղել Տավուշի և Սյունիքի մարզերում: Անցյալ անգամ Երևանում մեքենա վարձեցի և մի ամբողջ շաբաթ շրջագայեցի: Տեսա՝ ինչ ուզում էի, և՛ Տավուշի գեղեցկությունը, և՛ սահմանամերձ գյուղերը, որոնք գնդակոծվում են Ադրբեջանի կողմից: Որքան գիտեմ՝ այնտեղ զբոսաշրջիկներ չեն լինում, համենայն դեպս՝ տեղի բնակիչները նրանց երբեք չեն տեսել. Բերքաբեր, Մովսես, Այգեպար, Չինարի և այլն: Ինքս երկար ժամանակ Իսրայելում ապրել եմ Լիբանանի հետ սահմանին, այնտեղ էլ մեզ ժամանակ առ ժամանակ գնդակոծում էին: Հավանաբար՝ ոչ այնքան հաճախ, որքան այստեղ է դա տեղի ունենում, բայց ես գիտեմ՝ ինչ է դա, և ինձ համար տխուր, բայց և հետաքրքիր էր հասկանալ՝ ինչպես են մարդիկ ապրում: Հետո մենք գնացինք Գորիս, Կապան, Մեղրի: Եվ կարծում եմ՝ հասկացա, թե Հայաստանի որ մարզն եմ ամենաշատը սիրում՝ Սյունիքը… Ֆանտաստիկ լեռներ են՝ ինչպես Շվեյցարիայում, հատկապես՝ ձմռանը, ոչնչով չեն տարբերվում Շվեյցարիայից, որը նույնպես շատ եմ սիրում: Եվ Մեղրի քաղաքը, որը, կարծես, բոլորովին այլ Հայաստան է՝ պարսկական Հայաստան. բոլորովին այլ ոգի է, այլ մարդիկ, ֆանտաստիկ բնապատկերներ: Ես ցանկանում եմ նորից վերադառնալ:

– Մեկ տարի առաջ էիք Հայաստանում, և մեկնեցիք ապրիլի 23-ին, երբ այն ժամանակ արդեն վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Մեկ տարի անց, Ձեր տպավորությամբ, ի՞նչ է մեզ մոտ փոխվել:

– Կարծում եմ՝ մարդիկ ավելի ազատ են դարձել, հասկացել են, որ հենց այնպես չեն հեղափոխություն արել: Սա իրենց երկիրն է և այս երկրի ապագան իրենց ձեռքում է: Բայց, ցավոք, գլխավոր խնդիրը Սերժ Սարգսյանի մեջ չէր: Նա ավելի շատ խորհրդային մտածելակերպի խնդիրների հետևանք էր: Ցավոք՝ այդ մտածելակերպը մնացել է: Սերժը հեռացավ, բայց խնդիրները մնացին: Իսկ գլխավոր խնդիրն այն է, որ մարդիկ չեն կարողանում ազատ լինել, նրանք պատրաստ են իրենց սահմանները պաշտպանել Արցախում, պատրաստ են մեռնել հանուն հայրենիքի, բայց պատրաստ չեն պաշտպանել իրենց իրավունքները: Ես մշտապես բախվում եմ իրավիճակների, երբ հայաստանցի ընկերներիցս լսում եմ, որ խնդիրներ են ունենում, օրինակ, աշխատավայրում, երբ մարդկանց աշխատանքի են ընդունում, երկու-երեք ամիս փորձաշրջան են անցնում, աշխատավարձ չեն վճարում կամ վճարում են կոպեկներ, հետո ազատում են և նորերին ընդունում: Որոշ ժամանակ առաջ այս թեմայով զրույց ունեցա ընկերներիս հետ: Ընկերության, մարդկանց անուններ չեմ տա, քանի որ նման դեպքերն ամենուր են: Ես նրանց ասացի՝ դատարան դիմեք, չէ՞ որ ձեզ մոտ ամեն ինչ փոխվել է, հիմա իսկապես կարող եք դատարանում պայքարել ձեր իրավունքների համար, պատժել խաբեբային, որը խաբում է ոչ միայն ձեզ ու ձեր ընտանիքին, այլև Հայաստանի Հանրապետությանը. իր գործողություններով նա մարդկանց թողնում է առանց թոշակի, բյուջեն՝ առանց փողի, և դուք պատրաստ եք դա հանդուրժե՞լ: Եվ, զարմանալիորեն, ճակատում կռված տղաները խոնարհում են աչքերն ու ասում՝ «դե՝ չենք կարող գործ տալ»: Ես բացատրում եմ, որ դա չի նշանակում «գործ տալ», ըստ էության՝ դուք կրիմինալի զոհ եք դարձել: Հասկանում եմ, որ դա վարչական և աշխատանքային իրավունք է, բայց մարդը ձեզ թալանել է, ձեր կնոջը, երեխային զրկել է ապրուստի միջոցից, իսկ դուք ասում եք՝ «գործ տալ»: Ոչ թե «գործ տալ», այլ զգուշացնել, որ եթե չկատարի իր պարտավորությունը, դատարան կդիմեք: Եվ քանի որ հիմա ամենուր նոր մարդիկ են, նրանք կուրախանան ձեր դիմումի համար, կգնան այդ մարդու մոտ և խնդրին լուծում կգտնեն, որպեսզի հետագայում կրկնություն չլինի: Նույն եվրոպացիները ոչ միշտ են եվրոպացի եղել, միանգամից չեն սկսել պայքարել իրենց իրավունքների համար, դատարաններ գնալ: Բայց ահա մարդիկ ասում են՝ եթե ես դատարան գնամ, մարդիկ ի՞նչ կասեն: Ցավոք, նման բան կա: Ես մարդկանց փորձել եմ բացատրել՝ չէ՞ որ դուք հեղափոխությունը ձեզ համար եք արել: Հեղափոխությունը միայն փողոց դուրս գալը, բղավելն ու մեքենայով ազդանշան տալը չէ: Հեղափոխությունն առաջին հերթին պետք է մարդկանց ներսում լինի: Եթե ինքդ, կներեք արտահայտությանս համար, «սովկոմ» ես մնացել, եթե հոգու խորքում խորհրդային մարդ ես և ոչինչ չես կարողանում փոխել, չես վախենում գնալ ռազմաճակատ, բայց վախենում ես գնալ դատարան կամ ոստիկանությունում բողոք գրել, ի՞նչ արժեք ունի այս ամբողջ հեղափոխությունը: Այսինքն՝ այն քեզանից սկսիր:

– Իսկ ինչ եք կարծում, ի՞նչ պետք է անել, որ մարդկանց մեջ դա փոխվի:

– Վախենամ՝ դրա համար ժամանակ է պետք, բայց գիտեմ, որ ի վերջո դրան կհասնեն: Օրինակ՝ նույն Ռուսաստանը, որտեղ ես ծնվել եմ, իհարկե՝ արդեն 26 տարի այնտեղ չեմ ապրում, բայց հիշում եմ 1990-ականների սկզբի Ռուսաստանը. մտածելակերպը նման էր Հայաստանին: Այսօր այնտեղ աշխատանքային իրավունքը բավական խիստ է գործում, մարդիկ շատ հանգիստ դատարան են դիմում, եթե նրանց խաբում են, և գործատուները վաղուց իրենց այդքան հանդուգն չեն պահում, ինչպես այստեղ, քանի որ հասկանում են, որ հսկայական տուգանքներ, պատիժ կլինի: Կարծում եմ՝ այստեղ էլ դրան կհասնեն, բայց ոչ առաջիկա տարիներին: Միայն թե խնդիրն այն է, որ Հայաստանը Ռուսաստանի նման ռեսուրսներ չունի, այստեղ ամեն ինչ պետք է արագ անել: Ռուսաստանը և՛ նավթ ունի, և՛ գազ, և՛ հսկայական տարածքներ, և կարող է իրեն թույլ տալ ժամանակ ձգել: Իսկ Հայաստանում ամեն ինչ պետք է անհապաղ անել՝ այստեղ և հիմա:

– Անցյալ անգամ Արցախ չայցելեցիք, ասացիք՝ ժամանակը չէ: Այս անգամ պատրաստվո՞ւմ եք:

– Այս անգամ էլ չեմ գնա, քանի որ, իմ կարծիքով, և ոչ միայն՝ ինձ խորհուրդ տվեցին առայժմ չգնալ, որովհետև դա Իլհամ Ալիևին ու նրա մարդկանց թույլ կտա կրկին փորձել ադրբեջանական հասարակության ուշադրությունն իրական խնդիրներից շեղել դեպի աբստրակտ Լապշինը, որն Ադրբեջանի բոլոր դժբախտությունների պատճառն է: Նրանք 2016 թվականին իմ ձերբակալմամբ և նախագահական օդանավով ինձ Բաքու հասցնելով արդեն փորձեցին ժողովրդին շեղել իրական խնդիրներից, ցույց տալ, որ Ալիևը, նախ, այնքան ուժեղ է, որ 2016-ին պատերազմ սկսեց, և երկրորդ՝ նա որոշեց ցույց տալ, որ ունակ չէ վերադարձնել Ղարաբաղը, բայց կարող է բերել ճանապարհորդի՝ դրա համար հսկայական քաղաքական և ֆինանսական ռեսուրս ծախսելով: Հասկանալով, թե որքան էժանագին են նրանք աշխատում, ինձ պարզապես խորհուրդ տվեցին նրանց առիթ չտալ: Կամ էլ, եթե գնամ, իմ բլոգում չգրեմ այդ մասին:

– Վստահաբար, հետևում եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին: Հասանելի տեղեկատվությունից ելնելով՝ ի՞նչ տպավորություն ունեք գործընթացից:  

– Ես, հավանաբար, էությամբ հոռետես եմ, բայց ինձ թվում է, որ բանակցային գործընթացը ոչնչի չի հանգեցնի: Այն նաև չպետք է ինչ-որ բանի հանգեցնի, որովհետև Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը. դա կնշանակի Իլհամ Ալիևի անկումը, այսինքն՝ ցանկացած նախագահի, որը կփոխարինի նրան: Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ էլ դժվար եմ պատկերացնում հայկական պետության մի ղեկավարի, որը հանկարծ պատրաստ կլինի Ադրբեջանին տալ Ղարաբաղը կամ տարածքներ փոխանակել: Կարծում եմ՝ այս բոլոր հանդիպումների նպատակը պարզապես ստատուս քվոն պահպանելն է, պարզապես ցույց տալ, որ ինչ-որ բան է տեղի ունենում, բայց փաստացի ոչինչ չորոշել: Ինձ այս իրավիճակը ծանոթ է արաբա-իսրայելական հակամարտությունից: Քանի որ ես կյանքիս մեծ մասն այնտեղ եմ ապրել, երեք տարի ծառայել եմ բանակում, կարող եմ ասել, որ այն 26 տարիները, որ ապրում եմ այնտեղ, անդադար բանակցություններ են ընթանում արաբական պետությունների հետ, որոնք բացարձակապես ոչնչի չեն հանգեցնում: Մենք պատերազմից պատերազմ ենք ապրում: Եվ այս բոլոր բանակցությունները, հավանաբար, բացառապես կարծիքների, դիրքորոշումների փոխանակում են, պատվիրակությունները վերադառնում են և պատերազմ է սկսվում: Կարելի է ասել՝ որոշակի ստատուս քվոն բոլորին է ձեռնտու, և որքան էլ սարսափելի հնչի, բռնության բռնկումներ, ինչպես 2016 թվականի ապրիլին, նորից կլինեն:

– Բրյուսելում մասնակցել եք հայատյացության թեմայով խորհրդաժողովի: Այնտեղ պատմել եք Ադրբեջանում հայատյացության հետ կապված Ձեր անձնական փորձի մասին: Մեզ հետ էլ կկիսվե՞ք այդ փորձով:

– Ես, երևի, սկսեմ նրանից, որ ինքս հրեա ընտանիքից եմ, որի մեծ մասը զոհվել է Հոլոքոստի ժամանակ: Պապս ծնունդով Լեհաստանից է, ընտանիքիս մյուս մասը՝ Լիտվայից, և նրանց մեծ մասը մահացել է Օսվենցիմում: Այդ պատճառով ֆաշիզմի, այլատյացության թեման, հավանաբար, միշտ իմ մեջ կմնա: Բայց ես երբեք չէի կարող ենթադրել, որ Հարավային Կովկասում նույնպես, փաստացի, ֆաշիստական պետություն է ձևավորվել: Ես միշտ հասկանում էի, որ կա ինչ-որ տարածքային հակամարտություն՝ ոչ իմ հակամարտությունը, մենք էլ մեր հակամարտությունն ունենք պաղեստինցիների և արաբական երկրների հետ, բայց ես երբեք այն չէի դիտարկել այն համատեքստում, որ Ադրբեջանն այսօր փաստացի ֆաշիստական պետություն է: Եվ միայն իմ ձերբակալությունից հետո՝ հարցաքննության, նրանց դատախազների, զինվորականների, ոստիկանության, ՊԱԿ-ի հետ շփման ընթացքում, վերջապես սկսեցի հասկանալ, որ ես խոսում եմ մարդկանց հետ, որոնք, հավանաբար, Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ»-ը («Իմ պայքարը») շատ են կարդացել: Այն ամենը, ինչ ինձ ասում էին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով, այսպիսի հայտարարություններ, որ «Եթե թուրքերն իրենց գործն ավարտին հասցնեին, մենք Ղարաբաղում խնդիր չէինք ունենա»: Սպառնալիքներ, որ հնչեցնում էին առանձին ոստիկաններ, օրինակ, բանտից դատարան տանելիս, որ եթե հիմարություններ անես, քեզ հետ կանենք նույնը, ինչ արեցինք հայերի հետ 2016-ի ապրիլին: Սարսափելի բաներ… գումարած դրան՝ վիրավորանքներ, իբր, «հայ կանայք ստեղծված են մահմեդական տղամարդկանց սպասարկելու համար»: Հասկանում եմ, որ նրանք, հավանաբար, ամենախելացի մարդիկ չէին, բայց չէ՞ որ հայ ժողովրդի դեմ քարոզչության հետևանք է: Եվ խնդիրը նույնիսկ Ղարաբաղի մեջ չէ: Ես պարզապես ցնցված էի: Բայց երբ, ի վերջո, դիմակավորված անձինք հարձակվեցին ինձ վրա, ծեծեցին, խեղդեցին, հետո ադրբեջանական լրատվամիջոցներում հայտարարեցին, որ ես, իբր, կախվել եմ, չնայած ես հիանալի հիշում եմ, որ դա հարձակում և սպանության փորձ էր, ինձ համար սկսեց հստակորեն ուրվագծվել որոշակի նոր ֆաշիստական Գերմանիա, որի դեմ Հայաստանը պայքար է մղում: Բայց, ցավոք, աշխարհում մարդիկ դեռևս մինչև վերջ չեն հասկանում, թե դա ինչ ռեժիմ է: Եվրոպայի և այլ երկրներ իմ ուղևորությունների մի մասի նպատակն է՝ նրանց հասցնել այս ամեն սարսափները, որովհետև կարծում եմ, որ եթե ֆաշիստական Գերմանիային կանգնեցնեին դեռևս 1930-ական թվականներին, հավանաբար, Հոլոքոստն էլ չէր լինի:

– Դուք բողոք եք ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ի՞նչ փուլում է գործը:

– Բողոքը բավական վաղուց է ներկայացված, և 2018 թվականի դեկտեմբերի 15-ին դատարանն արդեն կապ է հաստատել Ադրբեջանի հետ: Նրանք ՄԻԵԴ-ում ադրբեջանական ներկայացուցչությանն են փոխանցել իմ բողոքը, և Ադրբեջանին որոշակի ժամանակ է տրվել՝ առարկություններ ներկայացնելու համար: Իրենք արդեն բաց են թողել ժամկետները՝ երեք ամիսը վաղուց է անցել: Իմ կարծիքով՝ նրանք, մեծ հաշվով, առարկություն էլ չունեն: Նրանք այնքան չէին սպասում, որ նախ՝ ՄԻԵԴ-ը կընդունի այդ բողոքը՝ հաշվի առնելով, թե ինչ կոռուպցիոն ջանքեր են ձեռնարկել դա թույլ չտալու համար: Չէի ցանկանա այդ մասին խոսել, բայց նրանք փորձել են ազդել Եվրադատարանի դատավորների, քարտուղարության վրա, որպեսզի դա ձախողեն: Բայց «լվացքատնով» խաթարեցին իրենց ուժն ու իմիջը, այդ պատճառով այն մարդկանց մեծ մասը, որոնց հետ նրանք փորձել են կապվել, պարզապես վախեցել է նրանց հետ գործ ունենալ: Այդ պատճառով հայցի ներկայացման ժամանակը պատահական չէր ընտրված: Եվս մեկ հետաքրքիր նրբություն. որպես կանոն՝ նրանք, ովքեր ՄԻԵԴ են դիմում, նախ պետք է դատապրոցես անցնեն այն երկրում, որի դեմ հայց են ներկայացնում: Իմ դեպքում դա Ադրբեջանն է: Այսինքն՝ ադրբեջանցիները ենթադրում էին, որ ՄԻԵԴ դիմելու համար ստիպված կլինեմ նախ Բաքվում ադրբեջանական դատարան դիմել՝ Ադրբեջանի ղեկավարության դեմ բողոքով, և նրանց մեղադրել սպանության փորձի մեջ: Նրանք ենթադրում էին, բայց դա ծիծաղելի է, որ ես Բաքու կգնամ: Նախ՝ ես չեմ կարող այնտեղ գնալ, քանի որ «անցանկալի անձ» եմ հայտարարված, երկրորդ՝ մտքովս էլ չի անցնում գնալ, և երրորդ՝ այն բանից հետո, երբ ինձ փորձեցին սպանել, նորից այնտեղ գնալն ուղղակի ինքնասպանություն կլիներ: Գումարած դրան՝ նրանք ենթադրում էին, որ եթե ես, ամեն դեպքում, որոշեմ այդ ամենով անցնել, ադրբեջանցի փաստաբան վարձել, նրանք բյուրոկրատական այնպիսի խնդիրներ կստեղծեն, որ ես բաց կթողնեմ ՄԻԵԴ դիմելու ժամկետը: Հիշում եմ, որ երբ քննարկում էինք ՄԻԵԴ դիմելու հարցը, կարծիք հնչեց, թե Բաքվում, ամեն դեպքում, հիմարներ չեն նստած, այդ տարբերակները նույնպես հաշվարկում են: Ես ասացի, որ գուցե հաշվարկում են, բայց էմոցիաները հաճախ հաղթում են խելքին, և ինչպես ինձ Բաքու տանելիս, այնպես էլ հիմա մի քանի տակտիկական սխալ թույլ կտան: Իրականում, հավանաբար ես պնդեցի ՄԻԵԴ-ի հարցում, քանի որ մի շարք մարդիկ կարծում էին, որ ոչինչ չի ստացվի: Բայց ադրբեջանցիները սխալ թույլ տվեցին, ինչը ես նրանցից սպասում էի: Նրանք ինձ թողեցին «անցանկալի անձանց» ցուցակում՝ Ղարաբաղ այցելելու համար, այդպիսով Եվրադատարանին առիթ տվեցին մերժել Ադրբեջանին՝ անցնել ներպետական ատյաններով, և ինձ հնարավորություն տվեցին ուղղակիորեն դիմել ՄԻԵԴ: Դա դատարանի գոյության 40 տարիների ընթացքում, որքան գիտեմ, երկրորդ կամ երրորդ դեպքն է, երբ անձին թույլատրում են ուղղակիորեն ՄԻԵԴ դիմել:

– Դուք բազմաթիվ երկրներում եք եղել՝ արդեն ավելի քան 140: Անվտանգ զգո՞ւմ եք Ձեզ՝ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում և հիմա նույնիսկ սպառնում են Ձեզ:

– Ռիսկեր, իհարկե, կան: Գիտեմ, որ նրանք իմ դեմ նոր քրեական գործեր են հարուցել: Այս անգամ, իմ և Իսրայելի ԱԳՆ-ի տեղեկություններով, ինձ մեղադրում են պետության դեմ կոչեր հնչեցնելու, նախագահին վիրավորելու համար: Աբսուրդ է: Քանի որ Ադրբեջանը բավական կոռումպացված, կրիմինալ պետություն է, նրանք կարող են փորձել, ասենք, ինչ-որ մարդկանց ուղարկել… տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Բացի այդ՝ կան որոշ երկրներ, ուր ես հիմա ոչ մի դեպքում չեմ այցելում՝ նախկին ԽՍՀՄ պետություններ՝ Ռուսաստանից բացի, քանի որ ես ՌԴ քաղաքացի եմ, իսկ Ռուսաստանի Սահմանադրությունը ոչ մի պարագայում թույլ չի տալիս իր քաղաքացիներին արտահանձնել: Բայց, օրինակ, նույն Ուկրաինան, Ղազախստանը կամ Ուզբեկստանը վտանգավոր են, քանի որ նրանք Ադրբեջանի հետ կապված են, այսպես կոչված, Իրավական փոխօգնության մասին Քիշնևի կոնվենցիայով. այդ պայմանագրին նաև Հայաստանն է միացել: Այն թույլ է տալիս պահանջել, սեփական դատարանի որոշման հիման վրա, արտահանձնել անձին: Ադրբեջանի դատարանը, բնականաբար, գոյություն չունեցող հանցագործություն է հորինում, դատարանով հաստատում է, և այդ «դատարանի որոշումը», ինչպես իմ դեպքում, փոխանցում է Բելառուսին, իսկ Բելառուսը, չխորանալով խնդրի էության մեջ, մեխանիկորեն արտահանձնում է Ադրբեջանին: Այս համակարգը ստեղծվել է նախկին խորհրդային առաջնորդների կողմից դեռևս 2002 թվականին՝ միմյանց ընդդիմադիր գործիչներին, լրագրողներին արտահանձնելու համար: Եվ դա շարունակում է գործել: Այդ պատճառով ես, Ռուսաստանից բացի, նախկին Խորհրդային Միության երկրներ չեմ մեկնում, ինչպես նաև Թուրքիա, որի համար Ադրբեջանը փոքր եղբայր է: Ինչ վերաբերում է այլ երկրներին, ես յուրաքանչյուր ուղևորությունից առաջ ուսումնասիրում եմ իրավիճակը, կապվում եմ այն կազմակերպությունների հետ, որոնք պատասխանատու են դրա համար, օրինակ՝ Ինտերպոլի: Ի դեպ՝ շուրջ երկու շաբաթ առաջ Լիոնում եղել եմ Ինտերպոլի կենտրոնակայանում, ինչպես նաև այստեղ՝ Երևանի գրասենյակում: Ինտերպոլը հրաշալի տեղեկացված է իմ խնդրի մասին, ես նրանց մի շարք փաստաթղթեր եմ փոխանցել, և հասկացրեցին, որ ուշադիր հետևում են նման յուրաքանչյուր դեպքի, և եթե Ադրբեջանն իրենց հարցում ուղարկի՝ «Լապշինը մարսեցիներին կոչ է անում իջնել Բաքվում» կամ «Լապշինը փորձել է ապօրինի ամուսնանալ Իլհամ Ալիևի դստեր հետ» շարքից, դրան սկեպտիկ կնայեն:

– Մի խոսքով՝ աշխատելն ավելի դժվար է դարձել:

– Ես կասեի՝ աշխատելը հետաքրքիր է դարձել:

Հարցազրույցը՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան