Դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 36 մլրդ դրամի վնաս. վերականգնվել է մոտ 2 մլրդ դրամը
Հասարակություն
20.03.2019 | 18:12ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականների, տարեկան աշխատանքային ծրագրով պլանավորված աշխատանքների կատարման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը և տարածքային բոլոր ստորաբաժանումները 2018թ. աննախադեպ ցուցանիշներ են ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում:
«Մասնավորապես դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 626 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է 1.345 իրավախախտում, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է 2017թ. արդյունքը:
Դրանց շրջանակներում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին նախազգուշացվել են 208 իրավաբանական և ֆիզիկական անձինք: Արդյունքում տարվա ընթացքում կամովին պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 525 մլն. դրամ՝ 2017թ.՝ 150 մլն դրամի դիմաց:
Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հարկերի և պետական տուրքերի հետ կապված պարտավորությունների կատարման, պետական սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, կրթության և գիտության, բնապահպանության և ընդերքօգտագործման, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, էներգետիկայի և հատկապես փոքր ՀԷԿ-երի գործունեության, հողօգտագործման և անասնապահության, ավտոգազալցման շարժական կայանի շահագործման և այլ ոլորտներ:
Ուսումնասիրության արդյունքներով նաև պետական մարմիններին ներկայացվել է 163 հաղորդում՝ պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու վերաբերյալ: Բացի այդ, ուսումնասիրությունների արդյունքներից, հայտնաբերված խախտումների բնույթից ելնելով՝ համապատասխան պետական մարմիններին մի քանի միջնորդագրեր են ներկայացվել՝ պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման, այդ թվում՝ համապատասխան ոլորտները կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նախաձեռնելու նպատակով: Դրանց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 1մլրդ 200մլն դրամի վնաս:
Նշված ուսումնասիրությունների ընթացքում դատախազների կողմից նախապատրաստված նյութերով դատարաններ են ներկայացվել ընդհանուր ավելի քան 5 մլրդ. դրամի բռնագանձման պահանջով պետական շահերի պաշտպանության հայցեր, որը 7.5 անգամ ավելի է 2017թ. ընթացքում դատարան ներկայացված հայցերով բռնագանձման ենթակա գումարի չափից:
Տարվա ընթացքում դատարաններում քննված հայցերով (ներառյալ նախորդ տարիներից փոխանցված) բավարարվել է ավելի քան 768մլն դրամի հայցապահանջ, իսկ մոտ 5 մլրդ դրամ հայցապահանջով հայցերի քննություն գտնվում է ընթացքի մեջ: Բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 9 մլն. դրամ:
Բացի վերոնշյալը, դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 243 քրեական գործ, ինչը 3.5 անգամ գերազանցում է 2017թ. ցուցանիշը (71):
Հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 30 մլրդ 100մլն դրամ՝ (ներառյալ նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը պատճառված մոտ 23.5 մլրդ վնասը) կամ 2017թ.-ի համեմատ 53 անգամ ավելի: Իսկ քրեական գործերի շրջանակներում 2018 թ.-ին կամովին վերականգնվել է մոտ 244 մլն. դրամ, որը 15 անգամ գերազանցում է 2017թ. արդյունքը: Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի, սերմացուների տրամադրման, տավարաբուծության պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում առերևույթ չարաշահումների, օրենքով սահմանված կանոնները խախտելու միջոցով հանքարդյունահանման, փոքր ՀԷԿ-երի շահագործման խախտումներն իրավասու պաշտոնատար անձանց կողմից չարձանագրելու և դրանից բխող միջոցներ չձեռնարկելու, պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ, պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ տարբեր բնակավայրերում օտարման ոչ ենթակա օբյեկտները երբեմն շուկայականից էականորեն ցածր գներով ապօրինի օտարելու, առանձին պետական ծրագրերի շրջանակներում, այդ թվում նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման համար, հատկացված ռեսուրսների փոշիացման, յուրացման, փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից որպես ամբողջությամբ կատարված համարելու, ՃԵԿ կանոնների խախտման համար վարչական տուգանքների վճարման ապահովումն անհնարին դարձնելու հանցավոր մեխանիզմների կիրառման և բազմաթիվ այլ փաստերի առթիվ:
Որպես ընդհանրացում՝ 2018թ. ընթացքում դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 36 մլրդ դրամ: Միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, քննվող քրեական գործերի, ներկայացված հաղորդումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում 2018թ. ընթացքում վերականգնվել է ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի վնաս»,- ասված է հաղորդագրությունում: