Կառավարության ծրագրի քննարկման առաջին օրը ընդդիմությունը չգիտի, թե ինչպես է քվեարկելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.02.2019 | 20:21«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն առնվազն մեկ ծանրակշիռ պատճառ ունի դեմ քվեարկելու կառավարության ծրագրին։
«Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, մենք դրան կողմ քվեարկել չենք կարող»,-հայտարարում է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Նա կառավարության ծրագիրը կարդացել է համապատասխան կետերով, գեղեցիկ է գրած,-ասում է նա,-ցանկությունները շատ են, բայց խնդիր կա․
«Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները եւ մեխանիզմները, որոնք բացակայում են, որեւէ թիվ, որը ասենք, 19 թվականին ինչ գումարներ ինչ աղբյուրներից պիտի դրվի, ինչ ժամկետում, որ իրականաթյուն դառնան»։
Կառավարության ծրագիրն այսօր խորհրդարանում ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրում է տնտեսական հեղափոխություն անելու։
«Բոլորը պատրաստ են էդ անել, մենակ թե իրենք կողքից հետեւեն, հանկարծ իրենց չվերաբերվի, իրանց վրա ոչ մի պարտավորություն չլինի»,-ասում է Նիկոլ Փաշինյանը։
Նա հինգ տարում խոստանում է գրեթե ամեն ինչի աճ, ծայրահեղ աղքատության վերացում, եւ աղքատության էական կրճատում, բայց, ըստ նրա, հիմնական խնդիրը մեր գլխում է՝ մարդիկ պետք է ցանկություն ունենան չթաքցնել հարկերը։
«Ում մոտենաս, ասես դու պետք ա հարկ վճարես՝ մեկը հայտնի երգիչ է, մյուսը հայտնի փաստաբան է, էն մյուսը հայտնի մտավորական է, մյուսը ընդհանրապես երիտասարդ է, ես խի՞ հարկ վճարեմ, ո՞նց, երգիչներից կարելի ա հարկ վերցնել, փաստաբաններից հարկ վերցնե՞լ, էս ի՞նչ խայտառակություն ա, ոչ ոք չի ուզում հարկ վճարել, բայց բոլորն ուզում են թոշակները բարձրանան, աշխատավարձերը բարձրանան, անվտանգության մակարդակը բարձրանա, ճանապարհները լավանան, բայց ոչ ոք հարկ չվճարի»,-տարակուսում է վարչապետը։
Փաշինյանը խոստանում է նաեւ հինգ տարվա ընթացքում բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, 85 հազար հոգու նպաստ արդեն բարձրացվել է այս տարվա հունվարից։ Ըստ վարչապետի՝ իր կառավարությունը 5 տարում պետք է կրճատի նաեւ գործազրկությունը։
« Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը հիշեցնում է, որ նոր կառավարությունը ստեղծում է գործազուրկների բանակ։
«Գործազրկությունը ինքնին ենթադրում է աղքատություն։ Չեք կարծում, որ կառավարության ծրագրում գործազրկության դեմ պայքարի ձեր առաջադրած թեզը հակասում է գործնականում իրականացվող քայլերին»,-հարցնում է ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։
Վարչապետը հաստատում է․ «Այո, որոշակի կրճատումներ կլինեն, բայց ես ձեզ ասեմ, որ դրանք կլինեն այնպիսի պաշտոններում եւ կարգավիճակներում, որոնք ենթադրում են մասնագիտական բարձր կարողություններ։ Հետեւաբար էդ բարձր որակավորում ունեցող մարդը էսօրվա շուկայում, մենք գիտենք, որ հաշվապահությունը ամենապահանջված մասնագիտություններից մեկն ա, ուրեմն պետք ա գործազրկության խնդիր չունենան, շատ արագ գտնեն իրենց աշխատանքը»։
ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ Հայաստանում շատ մարդիկ կան, որոնք չեն կարող կամ չեն ուզում բիզնեսով զբաղվել, նրանք ինչպե՞ս պիտի ապրեն։ Օրինակ թոշակառու մանկավարժը ստանում է 40 հազար դրամ։ Պարոն Ուրիխանյանն ասում է, որ նույնիսկ աշխատող մանկավարժն է աղքատության շեմին։ Նիկոլ Փաշինյանը դրա բացատրությունն ուներ․ «Էսօր մեր երկրում կան մանկավարժներ, որոնք ստանում են 25 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ պետական բյուջեով հաստատված ա, որ մանկավարժի աշխատավարձը պետք ա լինի 125 հազար դրամ, պլյուս, մինուս կարող ա մի քիչ սխալվեմ։ Հարց՝ ո՞նց է, որ բյուջեով հաստատված է 125 հազար դրամ աշխատավարձը, բայց մանկավարժ կա, որ 25 հազար, կամ 30 հազար է ստանում։ Պարզ պատճառով, որովհետեւ մի հաստիքի վրա 4 հոգի է նստած»։
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին տանջում էր Սիսիանի վթարային շենքերի հարցը, որոնք նրա լեզվից չեն իջնում անհիշելի ժամանակներից։
«Այս հարցը ես բարձրացրել եմ Լենինի ժամանակ, Ստալինի ժամանակ, սակայն լուծում չի գտել»,-հիշեցնում է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
«Շատ լավ տեսք ունեք, ասեմ ձեզ»-ծիծաղում է Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետեւ վարչապետը կարճ է կապում՝ վթարային շենքերը կվերանորոգվեն, հենց սիսիանցի տատիկն սկսի ՀԴՄ կտրոն պահանջել։
Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նշում է՝ Փաշինյանը դեռեւս չի պատասխանել իրենց բարձրացրած հարցերից որեւէ մեկին․
«Դեռ նույնն է՝ վերացական եւ ոչ կոնկրետ, մոտ 90 անգամ նշված է «պետք է» բառը, բայց ինչպես է էդ «պետք է»-ն որեւէ չկա փարատված»,-ասում է ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դժգոհ է մեկ այլ բանից՝ առաջին անգամ կառավարությունը ծրագիր է բերում խորհրդարան առանց պատգամավորների հետ այն նախապես քննարկելու, նույնիսկ նախորդ իշխանություններն, ըստ պարոն Մարուքյանի, նման բան չեն արել։ Տեղի ունեցածն արհամարական վերաբերմունք է նոր խորհրդարանի հանդեպ․
«Այս փաստաթուղթը անհնար է փոխել, այն անփոփոխելի է հիմա, այսինքն, կամ ընդունվելու է, կամ չի ընդունվելու»,-դժգոհում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա մեկ այլ խնդիր էլ է գտել՝ հայտնի չէ, թե ովքեր են այս կառավարության ծրագիրն իրականացնելու, կառավարությունը դեռեւս կառուցվածք չունի, կառավարությունը սկզբից պետք է ունենա կառուցվածք, հետո ծրագիր․
«Կա 12 նախարար այս պահին, բայց կա 17 նախարարություն, կա 5 նախարարություն, որոնք չունեն նախարարներ։ Այսինքն, Սահմանադրության խախտմամբ այս նշանակումները տեղի են ունեցել եւ սրան չկա պատասխան»։
Ըստ պարոն Մարուքյանի՝ խմբակցությունն այս պահին նախնական տրամադրվածություն եւ որոշում կա, թե ինչպես են քվեարկելու, սակայն պարոն Մարուքյանն առայժմ չի ասի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մհեր Արշակյան