Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
29.11.2026 | 20:20ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և ընդդիմության դիրքորոշմանը։
Պատգամավորը պնդել է, որ իշխանությունները փորձում են հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի նոր Սահմանադրության նախագծի օգտին։
«Նիկոլ Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ նշում է, որ պիտի ընդդիմությունը կողմ քվեարկի Սահմանադրությանը։ Մենք էլ հստակ նշում ենք, որ մենք ժողովրդի կողմից ստացել ենք մանդատ, որպեսզի թույլ չտանք, որ օտար երկրների պարտադրանքով գրված Սահմանադրություն գործի Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Գևորգյանը։
Պատգամավորը նաև հակադարձել է վարչապետի հայտարարությանը՝ հարց բարձրացնելով նրա հնարավոր հրաժարականի վերաբերյալ։
«Հակընդդեմ առաջարկ-պահանջ ենք ներկայացնում՝ եթե ընդդիմությունը չի տալիս պահանջվող վեց ձայնը, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հեռանալու, հրաժարական տալու և քաղաքականությունից հեռանալու»,- նշել է նա։
Անդրադառնալով նոր Սահմանադրության բովանդակությանն ու հնարավոր հետևանքներին՝ Գևորգյանը հայտարարել է․
«Մենք չենք կարող Ալիևին ասել «այո» և մեր սերունդներին թողնել մի այնպիսի ժառանգություն, որը Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին կանցկացնի ալիևյան սրի տակով։ Ինձ համար Նիկոլ Փաշինյանի առաջարկը հենց դրա մասին է։ Չենք կարող ազգային արժանապատվությունը առևտրի տանել, մենք չենք կարող սակարկել մեր ազգային արժանապատվությունը»։
Պատգամավորը նաև ընդգծել է, որ դեմ է նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն։
«Ես, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, չեմ ստացել ժողովրդից մանդատ, որպեսզի թույլ տամ ալիևյան Սահմանադրությունը Ազգային ժողովից դուրս գա և հասնի մեր հայրենակիցների հանրաքվեին։ Սա շատ ամոթալի է»,- ասել է Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի հրապարակված անոնսում Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն անվանել էր խաղաղության ճանապարհի վերջին խոչընդոտ՝ հայտարարելով, որ ընդդիմադիրները պետք է քվեարկեն հանրաքվեի օգտին։
Մանրամասները՝ տեսանյութում։

