«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորի գույքի բռնագանձման գործը կմնա կասեցված․ դատախազության բողոքը մերժվել է

Լուրեր

27.11.2026 | 16:55
Արհամարհում եմ Վահագն Ալեքսանյանի ասածները. Մեսրոպ Մանուկյան
27.11.2026 | 16:50
Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում
27.11.2026 | 16:41
«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորի գույքի բռնագանձման գործը կմնա կասեցված․ դատախազության բողոքը մերժվել է
27.11.2026 | 16:33
Թրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին «ընկեր» անվանել
27.11.2026 | 16:31
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի եվրոպական ձգտումները և Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով
27.11.2026 | 16:25
Պետք է ճշտել` Քոչարյանին ո՞ր լեզվով է հարմար կարդալ նախագիծը. Ալեքսանյանը` Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 16:24
Բաքուն համաձայն է Ադրբեջանի թեկնածության առաջադրմանը ԵԱՀԿ նախագահության պաշտոնում․ ՀՀ-ին ևս առաջարկ է արվել
27.11.2026 | 16:17
Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ
27.11.2026 | 16:11
Շինհրապարակի երկաթե կոնստրուկցիան ընկել է մեքենայի վրա. ՈւՂԻՂ
27.11.2026 | 16:10
Գոհաբանության օրն ԱՄՆ-ում փոթորիկները ջրհեղեղների և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ են դարձել
27.11.2026 | 16:03
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը նոր հեռանկարներ է բացում․ Էստոնիայի ԱԳ նախարար
27.11.2026 | 15:54
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են IBA-ի նախագահի գավաթին
27.11.2026 | 15:47
Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
27.11.2026 | 15:41
Սպիտակի համայնքապետարանը խոչընդոտում է «Բարոյական արժեքներ»-ի նախընտրական ավտոերթը․ «Անկախ դիտորդ»
27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
Բոլորը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով նախկին դատավոր Սամվել Ուզունյանի և Ալլա Հարությունյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը։

Factor TV-ն պարզել է՝ որոշումը կայացվել է նոյեմբերի 17-ին՝ դատավոր Արմիդա Ոսկանյանի նախագահությամբ։

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցը Հակակոռուպցիոն դատարանը վարույթ էր ընդունել 2023 թվականի հոկտեմբերի 2-ին։ Գործով որպես երրորդ անձինք ներգրավվել են նաև «Գլաձոր» ունիվերսալ վարկային կազմակերպությունը և Սամվել Ուզունյանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանը։

Գործի վարույթը երկրորդ անգամ է կասեցվել

2024 թվականի օգոստոսին Հակակոռուպցիոն դատարանը կասեցրել էր գործի վարույթը՝ մինչև նշանակված դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննության ավարտը։

Փորձագիտական եզրակացությունը դատարան է ներկայացվել շուրջ մեկուկես տարի անց՝ 2026 թվականի մարտի 3-ին։ Հաջորդ օրը գործի վարույթը վերսկսվել է։

Սակայն 2026 թվականի օգոստոսի 27-ին դատախազությունը միջնորդել է լրացուցիչ փորձաքննություն նշանակել։ Պարզվել է, որ նախորդ փորձաքննությամբ ամբողջական պատասխան չի տրվել անշարժ գույքի վրա իրականացված շինարարական աշխատանքների ժամանակահատվածի և արժեքի վերաբերյալ հարցերին, իսկ գույքի՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ շուկայական արժեքն ընդհանրապես չի որոշվել։

Սեպտեմբերի 3-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ նշանակելով լրացուցիչ փորձաքննություն և կրկին կասեցնելով գործի վարույթը։

Ինչո՞ւ է դատախազությունը բողոքարկել որոշումը

Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 8-ին բողոքարկել է որոշումը՝ ոչ թե փորձաքննություն նշանակելու, այլ գործի վարույթը կասեցնելու մասով։

Դատախազության գնահատմամբ՝ փորձաքննության նշանակումն ինքնին չպետք է հանգեցնի գործի վարույթի կասեցմանը։ Հաշվի առնելով գործի ծավալն ու քննության տևողությունը՝ դատարանը կարող էր շարունակել դատաքննությունը՝ ուսումնասիրելով փորձաքննության հետ չկապված այլ ապացույցներ։

Վերաքննիչ դատարանը, սակայն, արձանագրել է, որ դատախազությունը չի հստակեցրել, թե կոնկրետ որ ապացույցները կարող էին հետազոտվել մինչև լրացուցիչ փորձաքննության ավարտը և դա որքանով կնպաստեր գործի արդյունավետ քննությանը կամ ժամկետների կրճատմանը։

Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանության թերություններին, սակայն գտել է, որ դրանք չեն հանգեցրել հարցի ըստ էության սխալ լուծման։

Արդյունքում՝ Գլխավոր դատախազության բողոքը մերժվել է, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։

Վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Հիշեցնենք՝ Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է։ 2019 թվականի դեկտեմբերին նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու մեղադրանքներով։

Ըստ մեղադրանքի՝ Ուզունյանը 2007 և 2014 թվականներին երկու տարբեր գործերով ստացել էր ընդհանուր առմամբ 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի կաշառք։

Որպես մեղադրյալ ներգրավվելուց ժամեր անց Ուզունյանը լքել էր Հայաստանը։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, իսկ 2020 թվականի հունիսին քրեական գործի վարույթը կասեցվել էր՝ նրա գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։

Եվգենյա Համբարձումյան