Կարեն Գրիգորյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
Քաղաքականություն
26.11.2026 | 16:50
ՀՀ նախագահը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Կարեն Գրիգորյանին ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։
Ազատման պատճառները հրամանագրում չեն նշվում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։
Հիշեցնենք՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Զինված ուժերում կադրային փոփոխություն է լինելու։ Սակայն վարչապետը չէր հստակեցրել, թե ինչ հիմքով է նախագահին միջնորդել պաշտոնից ազատել ԳՇ պետի տեղակալին։
Կարեն Գրիգորյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի փետրվարի 14-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը։

