ԵՄ առաջնորդները Բրյուսելում քննարկում են կառույցի յոթնամյա բյուջեն և Ուկրաինային օգնությունը
Քաղաքականություն
26.11.2026 | 18:29
Բրյուսելում անցկացվում է ԵՄ կարևորագույն գագաթնաժողովը, որի ընթացքում միության առաջնորդները քննարկում են հաջորդ բյուջեի չափը և Ուկրաինային հետագա աջակցության հարցը։ Նրանք պետք է սահմանեն առաջիկա յոթ տարիների համար դաշինքի առաջնահերթությունները՝ պաշտպանությունից և մրցունակությունից մինչև գյուղատնտեսություն և տարածաշրջանային ֆինանսավորում, գրում է Euronews-ը։
Օրակարգում երկու առաջարկ կա։ Առաջինը, որը ներկայացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, նախատեսում է գրեթե 1,7 տրիլիոն եվրոյի չափով յոթնամյա բյուջե։ Որոշ առաջնորդների կարծիքով՝ այն չափազանց մեծ է, իսկ մյուսների կարծիքով՝ չափազանց փոքր։
Երկրորդ առաջարկը ներկայացրել է Եվրահանձնաժողովը։ Այն նախատեսում է Ուկրաինային 45 մլրդ եվրոյի վարկի տրամադրում, որը ֆինանսավորվելու է համատեղ պարտքի հաշվին։ Երեք երկիր՝ Սլովակիան, Չեխիան և Հունգարիան, չեն ցանկանում մասնակցել այդ վարկի տրամադրմանը, ինչը դժգոհություն է առաջացնում Կիևին աջակցող բազմաթիվ երկրների շրջանում։
Թեև բյուջեն և վարկը տեխնիկապես առանձին հարցեր են, քաղաքական առումով դրանք փոխկապակցվել են՝ ստեղծելով պոտենցիալ պայթյունավտանգ իրավիճակ։ Ի վերջո, երկու դեպքում էլ խոսքը ֆինանսական միջոցների մասին է։
«Հիմա ժամանակն է, որ այս քննարկմանը մասնակցող բոլոր առաջնորդները բաց մտքով և կառուցողական մոտեցմամբ՝ փոխզիջման ոգով մասնակցեն դրան, քանի որ մենք պետք է մինչև այս տարվա վերջ հաստատենք բյուջեն»,- հայտարարել է Կոշտան։
Քննարկվելու է նաև, թե ով կփոխարինի Քրիստին Լագարդին Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Իսպանացի թեկնածու Պաբլո Էռնանդես դե Կոսը Նիդերլանդների ներկայացուցիչ Կլաս Նոտի հետ մրցապայքարում առաջ է անցել, և շատերը հենց նրան են կանխատեսում այդ պաշտոնում։
Իր հերթին Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ Հռոմը կտրականապես դեմ է ԵՄ բյուջեի վերաբերյալ ներկայիս փոխզիջումային ծրագրերին՝ հավելելով, որ մոտ ապագայում համաձայնության հասնելու հարցում լավատես չէ։
«Մենք այս խնդրի լուծումից լուսային տարիներով հեռու ենք, և ես սա ասում եմ նաև՝ ժամկետները հստակեցնելու համար։ Կա ընդհանուր ձգտում՝ մինչև դեկտեմբերի վերջ լուծում գտնել, բայց ես թույլ չեմ տա, որ ժամկետներն ուղղորդեն այս հարցը։ Ես ժամանակային սահմանափակում չունեմ։ Ես ունեմ հստակ պայմաններ։ Երբ համաձայնությունը լինի այնպիսին, որը ես կհամարեմ վավեր և արդարացի Իտալիայի համար, այդ ժամանակ էլ կստորագրեմ այն»,- ասել է նա։
Մելոնին հավելել է, որ Իտալիան ցանկանում է բյուջեի ընդհանուր վերանայում և վերաբաշխում՝ ինչպես ԵՄ համընդհանուր նոր հարկերի մասով, որոնք անհամաչափորեն են ազդում երկրի վրա, այնպես էլ ավանդական առաջնահերթությունների՝ գյուղատնտեսության և համախմբման հիմնադրամների ֆինանսավորման կրճատումների հարցում։
Նա նաև նախազգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմը չպետք է տարածվի Միջերկրական ծովի վրա։ Այս հայտարարությունը հաջորդել է Լիբիայում ուկրաինական ուժերի կողմից ռուսական երկու նավերի խոցմանը, ինչը Հռոմում մտահոգություններ է առաջացրել, որ դա կարող է հանգեցնել Հյուսիսային Աֆրիկայի այդ երկրում իրավիճակի սրման։
«Պատերազմը չպետք է և չի կարող տարածվել Միջերկրական ծովի վրա։ Այս հարցում պետք է շատ հստակ դիրքորոշում ունենանք։ Մենք պետք է նույնքան հստակ լինենք, որքան վերջին օրերին եղել ենք մեր ուկրաինացի բարեկամների հետ, և նույնքան հստակ պետք է լինենք նաև մեր գործընկերների հետ»,- ասել է Մելոնին։
Իտալիայի վարչապետը կրկին հաստատել է իր կառավարության աջակցությունն Ուկրաինայի ռազմական գործողություններին և հրաժարվել այս միջադեպը կապել Կիևի ֆինանսավորման հարցի հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

