Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին 23.11.2026
Քաղաքականություն
23.11.2026 | 18:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացումը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքը, տնտեսական դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև նոր Սահմանադրության նախագիծն ու TRIPP նախագծի մեկնարկին հաջորդող աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
«Քննարկվել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին և գործընթացի առաջմղման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը միտված քայլերին:
Վարչապետն ընդգծել է ԵՄ աջակցությունը մեր երկրում իրականացավող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև անդրադարձել նոր Սահմանադրության նախագծին:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորություններին, տարածաշրջանային փոխգործակցության խթանմանը, TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին և հետագա աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին»,- ասվում է հաղորդագրությունում։

