Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու պայմանը
Քաղաքականություն
23.11.2026 | 15:44
Ոչ միջուկային միջոցների զանգվածային կիրառումը, որը կարող է տարբեր բնույթի աղետների հանգեցնել, կարող է հիմք դառնալ Ռուսաստանի կողմից կանխարգելիչ միջուկային հարվածի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ «Պետական ինքնիշխանությունը և միջուկային զենքը․ ազգային անվտանգության ապահովման միջազգային իրավական ասպեկտները» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է «Մոսկվայի միջազգային իրավունքի ամսագրում», գրում է ՏԱՍՍ-ը։
Նա հիշեցրել է՝ Ռուսաստանի միջուկային դոկտրինում նշվում է, որ «հակառակորդի կողմից Ռուսաստանի Դաշնության համար ռազմական սպառնալիքների ստեղծումը, այդ թվում՝ օդատիեզերական հարձակման ոչ միջուկային միջոցների զանգվածային կիրառման միջոցով, որոնք կարող են հանգեցնել տեխնածին, բնապահպանական կամ սոցիալական աղետների, ըստ էության, նշանակում է կանխարգելիչ միջուկային հարվածի կիրառման հարցի գործնական հարթություն տեղափոխում»։
«Այլ կերպ ասած՝ (պետական միջուկային քաղաքականության) հիմունքներով փաստացի թույլատրվում է կանխարգելիչ միջուկային հարվածի իրականացումը, երբ վտանգի տակ է դրվում մեր պետության գոյությունը կամ մեր երկրին անընդունելի վնաս է հասցվում»,- ամփոփել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության համաձայն՝ երեք երկրների ղեկավարները վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

