«Կոնֆլիկտի տրամաբանությունն է ստեղծել գեներալ մանվելներ, դոդիգագոներ, կալուգացի սամոներ, ռոբերտքոչարյաններ, սերժսարգսյաններ և միշիկներ». Փաշինյանը՝ նոր Սահմանադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
23.11.2026 | 10:55Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առիթով հանդես է եկել ուղերձով՝ ներկայացնելով Չորրորդ Հանրապետության հիմնադրման իր հայեցակարգը։ Վարչապետն անդրադարձավ Երրորդ Հանրապետության ձևավորման հիմքերին, Անկախության հռչակագրին, խաղաղության օրակարգին և ընդդիմության հետ սահմանադրական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ քաղաքական համաձայնության հնարավորությանը։
Խոսելով Երրորդ Հանրապետության ձևավորման մասին՝ Փաշինյանը պնդեց, որ այն ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգության, ազատության և բարեկեցության ապահովման, այլ հակամարտության տրամաբանությամբ։ Նրա գնահատմամբ՝ հենց այդ մոտեցումն է նպաստել նախկին քաղաքական և տնտեսական համակարգի ձևավորմանը։
«Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը ապահովելու… այլ հակամարտության նպատակով: Հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկրում ստեղծել է գեներալ Մանվելներ, Դոդի Գագոներ, կալուգացի Սամոներ, Ռոբերտ Քոչարյաններ, Սերժ Սարգսյաններ և Միշիկներ, որոնց գործն ու առաքելությունը եղել է մեկը՝ մեծ Հայաստանի մասին ճոռոմաբանությունների ներքո թալանել, թալանել, թալանել»,- հայտարարեց վարչապետը։
Փաշինյանն անդրադարձավ նաև դատական համակարգի գործունեությանը՝ նշելով, որ Հայաստանում արդարադատության նկատմամբ հանրային վստահության խնդիր կա։ Նա քննադատեց դատարանների գործունեությունը՝ պնդելով, որ գործող համակարգը հնարավորություն է տալիս կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց ազատության մեջ մնալ։
«Այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ: …Չգիտեմ, թե վաղը որ դատարանը ինչ որոշումով որ թալանչուն կամ կոռուպցիոներին ազատ կարձակի քրեաօլիգարխիկ արդարադատության համակարգի պատճառով… բազմաթիվ թալանչիներ ու մարդասպաններ վխտում են ազատության մեջ»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծին՝ վարչապետը նշեց, որ դրա 8-րդ հոդվածով արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է սահմանվում խաղաղության ապահովումը։ Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությամբ Հայաստանը պետք է հրաժարվի 1990 թվականի Անկախության հռչակագրի հիմքում, իր գնահատմամբ, դրված հակամարտության տրամաբանությունից։
«Սա, այո՛, հրաժարվում է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից: Երբեք ու երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար: Մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունը հողափոր խրամատից «Խաղաղության խաչմերուկ» դարձնելն է»,- հայտարարեց նա։
Վարչապետը խոսեց նաև Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մասին՝ պնդելով, որ այն կառուցված էր նույն հակամարտային տրամաբանությամբ և Հայաստանին հասցրել էր պետականության կորստի եզրին։ Փաշինյանը քննադատեց ընդդիմադիր ուժերին՝ նրանց մեղադրելով խաղաղության գործընթացը խոչընդոտելու մեջ։
«Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը հենց այս տրամաբանությամբ է կառուցվել, և այո՛, այդ հակամարտությունը մեզ հասցրեց պետականության կորստի եզրին: Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հենց սա է, որ ուզում է խափանել»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը կրկին անդրադարձավ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե անցկացնելու հարցին՝ առաջարկելով խորհրդարանական ընդդիմությանը տրամադրել դրա նշանակման համար անհրաժեշտ վեց ձայնը։
Նա հայտարարեց, որ եթե հանրաքվեի ընթացքում քաղաքացիները մերժեն նոր Սահմանադրությունը, ինքը կհրաժարվի վարչապետի պաշտոնից, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններում այլևս չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։
«Քանի որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մանդատները վեցով պակաս են նոր Սահմանադրության հարցով հանրաքվե նշանակելու համար… առաջարկում եմ, որ ընդդիմությունը կողմ քվեարկի: Եթե ժողովուրդը դեմ քվեարկի Սահմանադրությանը… ես հրաժարական կտամ և կհեռանամ վարչապետի պաշտոնից։ Իսկ եթե դուք, այսինքն՝ ժողովուրդը, կողմ քվեարկի, ես հաջորդ ընտրություններում… այլևս չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու»,- հայտարարեց Փաշինյանը։
Ուղերձի ավարտին վարչապետը հույս հայտնեց, որ ընդդիմությունը չի խոչընդոտի սահմանադրական հանրաքվեի անցկացմանը՝ հնարավորություն տալով քաղաքացիներին որոշել երկրի հետագա սահմանադրական կարգը։
«Հույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից և չի փորձի խոչընդոտել Հայաստանի Հանրապետության տիրոջը, այսինքն՝ ժողովրդին»,- եզրափակեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

