Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
21.11.2026 | 15:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 22-ին պաշտոնապես կհայտարարվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի մեկնարկը։ Նրա խոսքով՝ նախագծի կարևոր բաղադրիչներից է լինելու նաև էլեկտրաէներգիայի տարանցումը՝ Հայաստանի էներգետիկ ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին կապակցելու միջոցով։
Այս մասին Փաշինյանն ասել է Digitec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի և համաժողովի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ «Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով բաց քննարկման ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ էներգետիկ վերափոխումը կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։ Նա նշել է, որ վերականգնվող էներգետիկայի, հատկապես արևային էներգիայի զարգացման շնորհիվ Հայաստանը վերջին տարիներին կարողացել է էապես փոխել իր էներգետիկ հնարավորությունները։
Փաշինյանի խոսքով՝ այժմ անհրաժեշտ է զարգացնել էներգիայի կուտակման հզորությունները, քանի որ առանց դրանց արևային էներգետիկայի արդյունավետությունը զգալիորեն նվազում է։ Նա նաև նշել է, որ Հայաստանը պատրաստվում է կառուցել նոր ատոմակայան և շարունակելու է զարգացնել էներգիայի տարբեր աղբյուրները։
«Վաղը մենք պաշտոնապես ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը կազդարարենք, և այս ծրագրի շատ կարևոր մաս է էլեկտրաէներգիայի տարանցումը։ Հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ։ Մենք արդեն կապակցված ենք Իրանի, Վրաստանի հետ և ներդրումներ ենք անում, որպեսզի էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա»,- ասել է Փաշինյանը։
Նա այս գործընթացը որակել է որպես կարևոր վերափոխում՝ ընդգծելով, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դառնում է իրականություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը 63 կողմ և 32 դեմ ձայներով վավերացրել էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Նոյեմբերի 12-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։

