Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
Քաղաքականություն
20.11.2026 | 11:59
Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Ուկրաինայի հետ սահմանակից Լեհաստանի երկու շրջաններում ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի տարածքին հասցված զանգվածային հարվածի ֆոնին օդային տագնապ է հայտարարվել։ Լեհաստանի զինվորականները հայտնել են երկրի օդային տարածք անհայտ օբյեկտների հնարավոր ներխուժման մասին։ Լյուբլինում միացվել են տագնապի ազդանշանները, իսկ Ժեշուվի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, գրում է The Insider-ը։
Տեղական ժամանակով 3:00-ի սահմաններում Լեհաստանի կառավարության անվտանգության կենտրոնը (RCB) Լյուբլինի և Անդրկարպատի բնակիչներին օդային հարձակման վտանգի մասին նախազգուշացումներ է ուղարկել։ Ծանուցումներ են ստացել, մասնավորապես, Լյուբլինի, Խելմի, Զամոշչի և Ժեշուվի բնակիչները։
«Ուշադրությո՛ւն։ Ուշադրությո՛ւն։ Օդային հարձակման վտանգ կա։ Գտեք անվտանգ վայր։ Հետևեք ծառայությունների ցուցումներին։ Սպասեք հետագա հաղորդագրություններին»,- ասվել է RCB-ի ծանուցումներում։
Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը օդ է բարձրացրել ռազմական ավիացիան, ինչպես նաև մարտական պատրաստության վիճակի է բերել ցամաքային ՀՕՊ համակարգերն ու ռադիոտեղորոշիչ հետախուզության միջոցները։ Տեղական ժամանակով 7:00-ի սահմաններում փակվել է Ժեշուվի օդանավակայանը, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից շուրջ 70 կմ հեռավորության վրա։
Նույն գիշերը Ռուսաստանը թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Լվովի, Անդրկարպատյան և Իվանո-Ֆրանկիվսկի մարզերում էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածների պատճառով էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են իրականացվել։ Քաղաքում հրդեհներ են բռնկվել, վնասվել են ենթակառուցվածքներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

