Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ

Լուրեր

20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
Բոլորը

Եվրոպացի առաջնորդները վճռականորեն մերժել են 1945 թվականի Յալթայի կոնֆերանսի ձևաչափը վերականգնելու ցանկացած փորձ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ավարտելու և եվրոպական մայրցամաքը ազդեցության գոտիների բաժանելու համար: Այս մասին գրում է Euronews-ը։

Նշվում է, որ տարաձայնությունները հրապարակային են դարձել հինգշաբթի Բեռլինում կայացած «Կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ։ Այն միավորում է Կիևի դաշնակիցներին և անցկացվել է Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախագահությամբ։ Բեռլինյան հանդիպումը կայացել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացրել են պատմական եռակողմ հանդիպում, որն անվանել են «Յալթա 2»։ Թրամփը, Պուտինը և Սին քննարկել են Ուկրաինայի հարցը, սակայն նրանց համատեղ հայտարարության մեջ Ուկրաինան հիշատակված չէ։

«Յալթայի ձևաչափը խաղաղություն չի բերի։ Յալթայում Եվրոպան բաժանել են, մասնատել։ Մենք թույլ չենք տա, որ նման բան կրկնվի»,- հայտարարել է Մերցը։

Նա բանակցություններին մասնակցած ավելի քան 40 պատվիրակություններին նվիրել է Բեռլինի պատի մի կտոր, որը, նրա խոսքով, խորհրդանշում է այն, ինչ մարմնավորում էր Յալթան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ Շենժենում Թրամփի, Պուտինի և Սիի ստորագրած չորս կետից բաղկացած հայտարարությունը չի կրկնում 1945 թվականի համաժողովի արդյունքները, որը հիմք դրեց շուրջ քառասուն տարի տևած Սառը պատերազմին։

«Չեմ կարծում, որ սա նշանակում է աշխարհի վերաձևավորում։ Եթե կա մեկ առանցքային գործոն Եվրոպայի և նրա անվտանգության վերաձևավորման համար, ապա դա այսօր Բեռլինում կայացած հանդիպումն է»,- ասել է նա։

Մակրոնն ընդգծել է, որ պատերազմն ավարտելու շուրջ բանակցությունները պետք է անցկացվեն մեկ սեղանի շուրջ՝ Ուկրաինայի, Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ․ «Եվրոպացիները որոշում են կայացրել։ Նրանք վճռել են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիր։ Եվրոպան քննարկումների առարկա չէ, այլ պետությունների միավորում, որոնք ցանկանում են կառուցել սեփական ապագան»։

Մակրոնի դիրքորոշմանը միացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը՝ հայտարարելով, որ «Ուկրաինայի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվի առանց Ուկրաինայի մասնակցության, և եվրոպական անվտանգության հարցերով ոչ մի որոշում չի ընդունվի առանց Եվրոպայի ներկայացվածության»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բեռլինում կայացած հանդիպումը վկայում է Ռուսաստանի՝ եվրոպացի դաշնակիցների միջև պառակտում սերմանելու փորձերի ձախողման մասին։ Չորս առաջնորդները համաձայնել են, որ ժամանակն է, որպեսզի Եվրոպան անցնի Ռուսաստանի հետ անմիջական բանակցությունների։ Սա բանակցային գործընթացում մինչ այժմ չիրականացված քայլ կլինի։

Հաջորդ բանակցային փուլի համար Եվրոպան ձևավորել է յոթ ներկայացուցիչներից բաղկացած միասնական խումբ՝ ներառելով Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Իտալիան, ինչպես նաև ԵՄ կառույցներն ու ՆԱՏՕ-ն։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, որոնք Բեռլին էին ժամանել հանդիպմանը մասնակցելու համար, նույնպես կոչ են արել Ռուսաստանին՝ թույլ տալ Եվրոպայի մասնակցությունը բանակցություններին։

«Մենք կարծում ենք, որ Եվրոպայի ներկայությունը բանակցային սեղանին չափազանց կարևոր է այս պատերազմն արդարացի, երկարաժամկետ և կայուն ձևով ավարտելու համար։ Եվ ռուսները պատրաստ են վստահել մեր այս համոզմունքին»,- եզրափակիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Քուշները։

Ելույթ ունենալով Չինաստանի Շենժեն քաղաքում՝ Պուտինը հայտարարել է, որ դիվանագիտական խողովակներով առաջարկել է եվրոպացիներին ժամանել Մոսկվա և ներկայացնել իրենց դիրքորոշումները, որից հետո Կրեմլը «որոշում կկայացնի Ուկրաինայի հետ երկխոսությունը շարունակելու վերաբերյալ»։ Պուտինը նաև նշել է, որ «տարօրինակ կլիներ քննարկել Եվրոպայի անվտանգությունն առանց հենց Եվրոպայի»՝ նկատի ունենալով մայրցամաքում անվտանգության ճարտարապետության վերակառուցման վերաբերյալ Մոսկվայի պահանջները, որոնք Մակրոնը որակել է որպես «մաքսիմալիստական»։

Մերցը հայտարարել է, որ եվրոպական անվտանգության հարցերի քննարկումը կսկսվի միայն Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո։ Նրա խոսքով՝ պատերազմից տուժած երկրի անվտանգության ապագա երաշխիքներն անխուսափելիորեն «հետևանքներ» կունենան տրանսատլանտյան դաշինքի համար։

Մշակվող անվտանգության երաշխիքների թվում է դրույթ, որը նախատեսում է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով սահմանված՝ կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի կիրառումը, եթե Ռուսաստանը կրկին հարձակվի Ուկրաինայի վրա։ Մեկ այլ հնարավոր երաշխիք կարող է լինել Եվրոպայի ղեկավարությամբ խաղաղապահ առաքելության տեղակայումը, ինչին, Պուտինի խոսքով, ինքը ոչ մի պարագայում թույլ չի տա համաձայնել։

«ԱՄՆ-ի տեսանկյունից՝ 5-րդ հոդվածին համարժեք անվտանգության երաշխիքների տրամադրումն իսկապես շատ լուրջ քայլ է։ Կարծում եմ՝ նախագահ Թրամփը բաց  է քննարկել դրա համար,սակայն, բնականաբար, այն պետք է համապատասխանի նաև Ամերիկայի շահերին»,- ասել է Քուշները։

Քուշները հաստատել է, որ Բեռլինում փակ քննարկումների ժամանակ Թրամփը հեռախոսով կապ է հաստատել ինքնաթիռից և դիմել հանդիպման մասնակիցներին։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թրամփը թերահավատություն է հայտնել Ուկրաինային Եվրոպայի կողմից ցուցաբերվող ռազմական աջակցության վերաբերյալ։

Այնուամենայնիվ, առաջնորդները, կարծես, մնացել են անսասան և պայմանավորվել են շարունակել Ուկրաինային տրամադրվող օգնությունն առանց կրճատումների՝ բանակցային սեղանի շուրջ Կիևի դիրքերն ամրապնդելու նպատակով։

«Հուսով եմ՝ այս ուղերձը շատ հստակ կլսվի Մոսկվայում։ Որքան ժամանակ էլ պահանջվի, մենք Ուկրաինայի կողքին կլինենք և չենք նահանջի։ Մեր աջակցությունն անսասան կլինի։ Եվ սա մեր գլխավոր ընդհանուր զենքն է»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի