Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
Քաղաքականություն
19.11.2026 | 13:46
ԱՄՆ պատերազմի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին նոյեմբերի 17-ին վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի 37-րդ նիստը («Ռամշտայնի» ձևաչափ), որն անցկացվել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա քննադատել է Կիևին Ռուսաստանի տարածքի խորքին հարվածներ հասցնելու համար, գրում է The Telegraph-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Քոլբին նախատել է Կիևին այդ հարձակումների համար՝ հայտարարելով, որ դրանք ռազմական նշանակալի արժեք չունեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Միաժամանակ, նշվում է, որ ամերիկացի պաշտոնյան հեռացել է մինչև Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվգենի Խմարայի գաղտնի զեկույցը։
Քոլբիի պահվածքը լրատվամիջոցի գերմանացի աղբյուրների շրջանում մտավախություններ է առաջացրել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փաստացի անցել է Ռուսաստանի կողմը՝ հակադրվելով Ուկրաինային և նրա եվրոպացի աջակիցներին։
Բացի այդ, The Telegraph-ի հաղորդմամբ՝ նրա հայտարարությունը տարակուսանք է առաջացրել հանդիպմանը ներկա գերմանացի, բրիտանացի և եվրոպական այլ պաշտոնյաների շրջանում, քանի որ նրանք կարծում են, որ նման հարվածները ռազմական տեսանկյունից արդյունավետ են և ապակայունացնում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանությունը։ Մինչև նիստի ավարտը Վաշինգտոնը ներկայացրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
Նշվել է, թե Քոլբին ստիպված է եղել հեռանալ հանդիպումից, որպեսզի հասցնի մեկնել մոտակա օդանավակայանից։ Հանդիպումը լքելուց հետո նա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի նախասրահում ճեպազրույց է անցկացրել, որից հետո ուղևորվել է օդանավակայան։
Նոյեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ համանախագահելու է Բեռլինում «կամավորների կոալիցիայի» հանդիպումը։ Շուրջ երկու տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, հիմնականում՝ եվրոպական երկրներից, քննարկելու են Կիևին հետագա աջակցության հարցը։ Հանդիպման նպատակներից է նաև պատերազմի ավարտից հետո երկրի վերականգնման ծրագրերի քննարկումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

