ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
Հասարակություն
18.11.2026 | 10:22
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը՝ նվիրված երեխաներին առնչվող գործերի պատասխանատու լուսաբանմանը։ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Լիլիթ Աղաջանյանն անդրադարձել է հանրային հնչեղություն ունեցող դեպքերը լուսաբանելիս երեխայի լավագույն շահի ապահովմանը, անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների հրապարակման ռիսկերին և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման անհրաժեշտությանը։
ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թթ. ծրագրի ներքո իրականացվող «Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» և «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրերի շրջանակում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր երեխաներին առնչվող գործերի վերաբերյալ պատասխանատու լուսաբանմանը և լրագրողական ձեռնարկի մշակմանը։
Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանն անդրադարձել է, մասնավորապես, հանրային հնչեղություն ստացած հարցերի լուսաբանման ընթացքում երեխայի լավագույն շահի ապահովմանը և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանմանը, երեխայի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների հրապարակման խնդրին, նման տեղեկությունների տարածման նկատմամբ զգայուն մոտեցման անհրաժեշտությանը, ինչպես նաև այս ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնված խնդիրներին։

