Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ
Քաղաքականություն
17.11.2026 | 13:07
Ռուսական զորքերը նոյեմբերի լույս 17-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային։ Կիևը երկու անգամ ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման։ Հարվածների թիրախ են դարձել նաև Զապորոժիեն, Խարկովը, Չեռնովցին, Դնեպրոպետրովսկի և Չերկասիի մարզերը, գրում է Current time-ը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Դնեպր գետի վրայով անցնող Հյուսիսային և Հարավային կամուրջներին հարվածների մասին։ Երկու կամուրջներով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
AIRmonitor մոնիթորինգային ալիքը հայտնել է նաև Ռուսանովսկի կամրջի վնասման մասին։ Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Հարձակման հետևանքով վնասվել են կրիտիկական ենթակառուցվածքային օբյեկտներ։ Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի շրջաններում ջրամատակարարման և ջեռուցման խափանումներ են գրանցվել։
Չերկասի մարզում ռուսական զորքերը բալիստիկ հրթիռային հարված են հասցրել Սմելա քաղաքին։ Նախնական տվյալներով՝ երեք մարդ վնասվածքներ է ստացել, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցը։
Զապորոժիեում հարվածի տակ է հայտնվել արդյունաբերական ենթակառուցվածքի օբյեկտ։ Կան տուժածներ։ Փլատակների տակից դուրս է բերվել 51-ամյա տեղի բնակչուհի։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։
Դնեպրոպետրովսկի մարզը ենթարկվել է գրեթե 20 հարձակման, որոնք ընդգրկել են վեց շրջան։ Դնեպրում վնասվել են ձեռնարկություն, տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ և մասնավոր տուն։ Ձեռնարկությունների և ավտոտրանսպորտի վնասման մասին հաղորդվում է նաև Պավլոգրադում և Տրոիցկիում։ Մարզային իշխանությունների տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 12 անօդաչու թռչող սարք։
Խարկովում ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Խոլոդնոգորսկի շրջանին։ Հաղորդվում է նաև Շևչենկովսկի շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման և տուժածների մասին։ Չեռնովցիում քաղաքի մի հատված մնացել է առանց էլեկտրականության, դադարեցվել է տրոլեյբուսների երթևեկությունը։ Քաղաքապետ Ռոման Կլիչուկի խոսքով՝ տուժածներ չկան։
Դնեպրոպետրովսկի մարզում թիրախավորվել են Մակարովի անվան «Հարավային մեքենաշինական գործարան» պետական ձեռնարկությունը, պինդ հրթիռային վառելիքի և վառոդի արտադրության ձեռնարկությունը, ինչպես նաև էլեկտրական ենթակայանը։
Խարկովի մարզում հարված է հասցվել «Խարկովսկայա» թիվ 5 ջերմաէլեկտրակենտրոնին, իսկ Օդեսայի մարզում՝ Իզմայիլի նավահանգստային ենթակառուցվածքին և բեռնատար նավի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

