Ենթադրում եմ` տիկին Հակոբյանի ելույթին եք հղում անում. խցանումները կապ չունեն շինթույլտվությունների հետ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.11.2026 | 12:59Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն ամփոփեց մայրաքաղաքի քաղաքաշինության, խցանումների, հանրային տրանսպորտի և օդի աղտոտվածության շուրջ ծավալված բուռն քննարկումները՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ և խնդրի լուծման առաջիկա քայլերը։
Արձագանքելով ավագանու անդամ Արամ Թորոսյանի և մյուս գործընկերների դիտարկումներին՝ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ բազմաբնակարան շենքերի և բնակելի համալիրների ռեկորդային՝ 108 շինարարական թույլտվություն տրվել է 2021 թվականին, և այսօր շահագործման են հանձնվում հենց այդ տարիներին թույլատրված շենքերը։
Քաղաքապետի խոսքով՝ դրանից հետո նման ծավալի թույլտվություններ չեն տրվել, և համեմատության համար՝ 2025 թվականին տրվել է ընդամենը 37 թույլտվություն։ Ավինյանը շեշտեց, որ սա մեղադրանք չէ, քանի որ շինարարությունն «ածանցյալ ոլորտ» է, որը սպասարկում է տնտեսական աճն ու պահանջարկը․ «Շենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում այդ խցանումները։ Հայաստանի Հանրապետությունում ունենք տնտեսական աճ, ֆինանսական ներհոսքեր, մարդիկ ունեն ավել հնարավորություն և գնում են ավտոմեքենա»։
Անդրադառնալով կառավարության ու խորհրդարանի ներկայացուցիչների և սոցցանցերում հնչող քննադատական հայտարարություններին՝ քաղաքապետը նշեց, որ թեմայի շուրջ կա բնական նյարդ, որն ինքն էլ ունի, և կարևոր է արձանագրել խնդիրը՝ փաստահեն լուծումների անցնելու համար։
Տիգրան Ավինյանը նշեց, որ խնդիրը կազմված է երեք հիմնական բաղադրիչից՝ մարդատար ավտոմեքենաների քանակի աճ, վարելու մշակույթ և հանրային տրանսպորտին արտոնություն տալու անհրաժեշտություն։ Նրա խոսքով՝ առաջիկայում հանրային քննարկման կդրվեն փաստացի լուծումների տարբերակները։
«Ամբողջապես առանձնացնել ավտոբուսների համար նախատեսված գծերը։ Մտցնել հստակ և առողջապահական հիմքով սահմանափակումներ մարդատար ավտոմեքենաների համար՝ շեշտելով, որ դա բացարձակապես կապ չունի մարզերից կամ Երևանից լինելու հետ, այլ վերաբերում է քաղաքում մեքենաների քանակի նվազեցմանը։ Գործադրել շարունակական մեխանիզմներ երթևեկության վրա ազդող խախտումները նվազեցնելու համար․ այդ նպատակով քաղաքապետարանն արդեն նոր տեսախցիկների միջոցով տվյալներ է հավաքագրում և ուղարկում»,- մանրամասնեց Ավինյանը։
Խոսելով ենթակառուցվածքների մասին՝ քաղաքապետը հիշեցրեց, որ այս պահին ընթանում են Արշակունյաց-Իսակով ճանապարհի, Նորագավիթի էստակադայի և այլ հատվածների շինարարական աշխատանքները։ Այդուհանդերձ, նա վստահեցրեց, որ միայն տեղային ենթակառուցվածքային լուծումները չեն վերացնի խցանումները․ առանց սահմանափակումների, առանձնացված գծերի և խիստ տուգանքների՝ նոր կառուցված ճանապարհները կարճ ժամանակ անց կրկին կհայտնվեն խցանումների մեջ։ Որպես օրինակ՝ Ավինյանը վկայակոչեց Փարիզի, Տոկիոյի և Լոնդոնի փորձը՝ նշելով, որ Լոնդոնի քաղաքապետը ևս սուր քննադատության էր ենթարկվում առողջապահական հիմքով սահմանափակումներ մտցնելիս։
Քաղաքապետն անդրադարձավ նաև բնապահպանական և առողջապահական գործոններին։ Նրա խոսքով՝ PM2.5 և PM10 փոշու մասնիկները մեծամասամբ բնակլիմայական բնույթ ունեն (նոյեմբերի վերջին մթնոլորտի ստորին շերտն իջնում է 1000 մետրից 250 մետրի, ինչի պատճառով փոշու ցուցանիշներով Երևանը համադրելի է Փոքր Վեդիի ու Արտաշատի հետ)։ Սակայն, ըստ Ավինյանի, կա շատ կոնկրետ աղտոտիչ՝ ազոտի երկօքսիդը, որի մակարդակը Երևանում տարեցտարի առաջանցիկ տեմպերով աճում է հենց մեքենաների պատճառով։ Ավինյանն ընդգծեց, որ դա ուղիղ կապված է թոքային և շնչառական հիվանդությունների հետ, և ամենավտանգավորն այն է, որ այդ խնդիրներն առաջին հերթին հարվածում են երեխաներին։
Ավինյանը հակադարձեց նաև Արամ Թորոսյանի այն դիտարկմանը, թե իշխանությունը չի ցանկացել բաց քննարկումներ․ քաղաքապետի խոսքով՝ նախկին 2-3 հանդիպումները ոչ թե լուծումներ գտնելու, այլ քաղաքական դիվիդենտներ քաղելու մասին էին, և ինքը պատրաստ է ընդունել միայն փաստահեն առաջարկներ՝ առանց քաղաքական ենթատեքստերի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

