Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
Քաղաքականություն
16.11.2026 | 21:47
«Проект»-ի պարզել է, որ ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտված հինգ անձանցից երեքը վաղաժամկետ ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում, փոխանցում է Meduza-ն։
Խոսքը Զաուր Դադաևի մասին է, որին ճանաչել են որպես սպանության անմիջական կատարող, ինչպես նաև Անզոր և Շադիդ Գուբաշև եղբայրների։ 2017 թվականին նրանք դատապարտվել էին, համապատասխանաբար, 20, 19 և 16 տարվա ազատազրկման։ Նրանց ազատ արձակման մասին «Проект»-ին հայտնել է աղբյուրը։ Լրատվամիջոցը պետական տվյալների բազաների արտահոսքերում հայտնաբերել է այդ տեղեկությունը հաստատող անուղղակի ապացույցներ։
Դադաևը, որի ազատազրկման ժամկետը, նույնիսկ պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում, պետք է ավարտվեր միայն 2028 թվականին, գաղութից դուրս է եկել 2024 թվականի հոկտեմբերին։ «Проект»-ի տեղեկություններով՝ նրա ազատ արձակումը կարող էր երեխայի ծննդյան կապակցությամբ արված նվեր լինել։ Ազատազրկման ընթացքում Դադաևն ամուսնացել էր Ռամզան Կադիրովի աշխատակազմի աշխատակցուհու հետ։ Դադաևը բնակություն է հաստատել Գրոզնիից 80 կիլոմետր հեռավորության վրա և մարել բանկի նկատմամբ ունեցած 1,2 միլիոն ռուբլու պարտքը։
Ըստ հետաքննության՝ Գուբաշև եղբայրները նույնպես ազատ արձակվելուց հետո ամուսնացել են։ Նրանք ապրում են Գրոզնիի բնակելի թաղամասերից մեկում և ծրագրում են տներ կառուցել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ երեքին էլ ազատ են արձակել «հանգիստ կյանքով ապրելու» պայմանով։
Մարդասպանների խմբի մեկ այլ անդամ՝ Թեմիրլան Էսկերխանովը, ազատ է արձակվել 2024 թվականին՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելուց հետո։ Հինգերորդ դատապարտյալը՝ Համզատ Բախաևը, ազատազրվել էր 11 տարի ժամկետով և արդեն կրել է պատիժը։
«Проект»-ը նաև ընդգծում է, որ Բորիս Նեմցովի սպանության ենթադրյալ կազմակերպիչներն ու պատվիրատուներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել։ Խոսքը ոչ միայն ազդեցիկ պաշտոնյաների՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի և Գերեմեևների ընտանիքի անդամների մասին է։ «Проект»-ի հաղորդմամբ՝ Ռուսլան Գերեմեևի վարորդ Ռուսլան Մուխուդինովը, որին նախաքննական մարմինները պաշտոնապես համարում են Նեմցովի սպանության պատվիրատուն, ամենայն հավանականությամբ, այս ամբողջ ընթացքում նույնպես ապրել է Չեչնիայում։ 2015 թվականից նա հետախուզման մեջ է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

