Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.11.2026 | 09:56ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Այս մասին նա հայտարարել է Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) կայացած հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին և Եվրամիության հետ համագործակցության խորացմանը։
Փաշինյանը նշել է, որ նոյեմբերին այցելել է Ֆրանսիա և Բրյուսել, այժմ էլ գտնվում է Իռլանդիայում՝ ընդգծելով, որ եվրոպական ուղղությամբ ակտիվ շփումներին զուգահեռ շարունակվում է նաև երկխոսությունը Ռուսաստանի հետ։
Վարչապետի խոսքով՝ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին ինքը կայցելի Ռուսաստան՝ բանակցություններ անցկացնելու նպատակով։ Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարեկամական մթնոլորտը։
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին՝ Փաշինյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքականության նպատակը ԵՏՄ-ի հետ հարաբերություններում խնդիրներ ստեղծելը չէ։ Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը երկրի համար այլընտրանքների ձևավորումն է։
Վարչապետը հիշեցրել է, որ երկար ժամանակ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, գերիշխել է այն ընկալումը, թե Հայաստանը չունի այլընտրանք։ Ըստ նրա՝ ներկայում Հայաստանի քաղաքականությունն ուղղված է այդ իրավիճակի փոփոխությանը։
Միաժամանակ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը չի ձգտում վատթարացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
«Մեր նպատակը չէ խաթարել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ․ մենք չենք ուզում խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար»,- հայտարարել է վարչապետը։
Խոսելով Եվրամիության հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանը կարևորել է վիզաների ազատականացման շուրջ ընթացող բանակցությունները, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը և եվրոպական աջակցությունը խաղաղության գործընթացին։
Նա ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում էական փոփոխություններ են տեղի ունեցել, և համագործակցության խորացման ուղղությամբ արդեն իսկ արձանագրվել են բազմաթիվ ձեռքբերումներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

