Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»

Լուրեր

13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
Բոլորը

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այսօր նախազգուշացրել է, որ Եվրոպան չպետք է ընկնի Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարցում Ռուսաստանի «ծուղակները»՝ նշելով, որ առաջնահերթությունը պետք է լինի հրադադարի հաստատումը, այլ ոչ թե անվտանգության ավելի լայն հարցերի շուրջ բանակցությունները, գրում է AFP-ը։

ԱՄՆ բանագնացները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել էին, որ Եվրոպան կմասնակցի հետագա բանակցություններին։ Սակայն Կրեմլը, ըստ երևույթին, կասեցրել է այդ ծրագիրը՝ հայտարարելով, որ դեռևս որևէ որոշում չի կայացվել։

Ամիսներ շարունակ բանակցություններին մասնակցելուն ձգտելուց հետո Եվրոպան այժմ փորձում է որոշել, թե ով պետք է ներկայացնի եվրոպական կողմը և ինչ հարցեր է պատրաստ քննարկել Կրեմլի հետ։ Մոսկվան առաջ է մղում Եվրոպայի անվտանգության ավելի լայն ճարտարապետության շուրջ բանակցություններ սկսելու գաղափարը՝ որպես ցանկացած բանակցային գործընթացի բաղադրիչ և, ըստ երևույթին, կրկին շրջանառության մեջ է դնում ՆԱՏՕ-ի ազդեցությունը հետ մղելու իր կոշտ պահանջները։

«Նախ՝ մենք հրադադարի կարիք ունենք։ Եթե սկսենք քննարկել այն հարցերը, որոնք Ռուսաստանն առաջ է քաշում անվտանգության ճարտարապետության վերաբերյալ, ապա իրականում կհայտնվենք այն ծուղակներում, որոնք Ռուսաստանը պատրաստում է մեզ համար։ Դրանով մենք ուշադրությունը կշեղենք այն հանգամանքից, որ հրադադար դեռևս չկա»,- Դուբլինում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Կալլասը։

ԱՄՆ նախագահի բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ Եվրոպայի ներգրավումը «հնարավորություն կտա անդրադառնալու հետպատերազմյան եվրոպական անվտանգության ավելի լայն պայմանավորվածություններին»։

Այս նոր նախաձեռնությունը մտահոգություն է առաջացրել Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների շրջանում, որոնք վաղուց մերժում են մայրցամաքի անվտանգության համակարգը վերափոխելու Կրեմլի ձգտումները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պնդել է, որ «ինքնին հասկանալի է, որ Եվրոպան պետք է մասնակցի խաղաղ բանակցություններին՝ մեր շահերը պաշտպանելու, ինչպես նաև Ուկրաինային աջակցելու համար»։

Միաժամանակ, հնչում են կոչեր՝ հնարավորինս շուտ որոշելու, թե ով է ներկայացնելու Եվրոպան։ Նախատեսվում է, որ ԵՄ առաջնորդները Դուբլինում կքննարկեն այդ հարցը։

«Այս հարցը պետք է լուծվի։ Իմ կարծիքով՝ վերջնական որոշումը պետք է կայացվի առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում»,- հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը։

Այս շաբաթ Աբու Դաբիում կայացած բանակցությունների շրջանակում, դրանց հիմնական քննարկումներին զուգահեռ, ներկա են եղել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, ինչպես նաև ԵՄ կառույցների ներկայացուցիչները։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նման առանցքային դերակատարները պաշտպանել են այդ ձևաչափի պահպանումը՝ նվազեցնելով մեկ միասնական ներկայացուցչի նշանակման անհրաժեշտության կարևորությունը։ Մյուսները կողմ են արտահայտվել ԵՄ պայմանագրերով սահմանված կարգին հետևելուն և միությունը ներկայացնելու լիազորությունը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին վերապահելուն։ Իր հերթին, Կալլասը Եվրոպային կոչ է արել չխորանալ այս քննարկումների մեջ, այլ կենտրոնանալ այն հարցերի բովանդակության վրա, թե ինչի է ցանկանում հասնել։ Էստոնիայի նախկին վարչապետը, որը հայտնի է Ռուսաստանի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ, հայտարարել է, որ Ռուսաստանի գործը չէ՝ որոշել, թե ով պետք է ներկայացնի Եվրոպան։

«Նրանք չեն ցանկանում, որ իրենց դիմաց ուժեղ կողմ լինի, քանի որ ցանկանում են առաջ մղել իրենց առավելագույն պահանջները»,- ասել է նա։

Որպես ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար, որին ընտրել են անդամ երկրների առաջնորդները, Կալլասն իրեն ներկայացրել է որպես այդ դերի տրամաբանական թեկնածու։

«Ես գիտեմ, որ ռուսները չեն ցանկանում ինձ, բայց արդյո՞ք մենք իրավունք ունենք որոշելու, թե ով պետք է ներկայացնի Ռուսաստանը։ Ո՛չ, չունենք»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի