Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
Քաղաքականություն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանի իշխանությունները, դատելով ամենից, ավելի ու ավելի են գիտակցում, որ առանց եվրոպացիների մասնակցության անհնար է բանակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտի շուրջ։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նոյեմբերի 12-ին Իռլանդիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, գրում է DW-ն։
«Առաջին հերթին՝ սա լավ նորություն է»,- հայտարարել է նա։
Գերմանիայի կառավարության ղեկավարը հավելել է, որ ժամանակը ցույց կտա՝ արդյոք այդ տրամադրվածությունը կպահպանվի։
«Դա մեծապես կախված կլինի առաջիկա օրերին կայանալիք բանակցություններից»,- նշել է Մերցը։
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն ավելի կարևոր է, քան Ուկրաինայի շուրջ բանակցություններում եվրոպական թեկնածու ընտրելը։
Նա կարևոր է համարել այն փաստը, որ ռուսական կողմը ցանկանում է մասնակցել քննարկումներին։ Իր հերթին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ ԵՄ-ն նախ պետք է մշակի Ուկրաինայում խաղաղության բանակցությունների հստակ տեսլականը, ապա քննարկի ԵՄ-ի հնարավոր թեկնածուներին։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելը համաեվրոպական պարտավորություն է։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային հղած նամակում նշել էր, որ ԵՄ բոլոր երկրների մասնակցությունը Կիևի ֆինանսական կարիքների բավարարմանը անհրաժեշտ պայման է 2028-2034 թվականների ԵՄ բյուջեի շուրջ բանակցությունների առաջընթացի համար։
Այս պահանջին արդեն իսկ դեմ են արտահայտվել Սլովակիայի և Չեխիայի վարչապետներ Ռոբերտ Ֆիցոն և Անդրեյ Բաբիշը։ Ակնկալվում է, որ Իռլանդիայում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցները նոյեմբերի 13-ի նիստում կքննարկեն Ուկրաինայի ֆինանսավորման հարցը։
Մինչ այդ, նոյեմբերի 12-ին Մոսկվա են ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

