Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
Քաղաքականություն
11.11.2026 | 20:47
Արևմտյան երկները «որս են հայտարարել» ՌԴ քաղաքացիների նկատմամբ։ Հայաստանը բացառություն չէ երրորդ երկրների պահանջով ՌԴ քաղաքացիների ձերբակալության հետ կապված։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ամիսներ առաջ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հեռախոսազրույցի մասին հարցին, որի ընթացքում քննարկվել էր, որ Ռուսաստանից Հայաստան այցելող քաղաքացիներին կարող են հորդորել զերծ մնալ երկիր այցելելուց, եթե այնտեղ շարունակվեն Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները։
Զախարովան նշել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի։ Ըստ նրա՝ Ռուսաստանի քաղաքացիներին ներկայացվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ կապ չունեն։
Մոսկվան դեռևս անցյալ տարի հայ գործընկերներին առաջարկել էր խնդրի իրավական կարգավորման տարբերակ՝ համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել, հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։
«Միևնույն ժամանակ, Երևանի քննարկմանը ներկայացված նախագիծը հաշվի էր առնում նաև հայկական կողմի ցանկությունները։ Այնուամենայնիվ, մինչ օրս մենք որևէ բովանդակային արձագանք չենք ստացել։ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ։ Հետևաբար, մենք շարունակելու ենք այս հարցը պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր գործադրել նրանց ազատ արձակելու համար»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

