Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
Քաղաքականություն
11.11.2026 | 14:09
Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինային։ Զապորոժիեի մարզին հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Նրա խոսքով՝ ստացվել է 159 հաղորդում ենթակառուցվածքային օբյեկտների, բնակելի շենքերի և ավտոմեքենաների վնասման մասին, գրում է Current time-ը։
Եվս մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել Խերսոնի մարզում, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները հարվածել են մարզի կրիտիկական նշանակության և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև բնակելի թաղամասերին։ Մասնավորապես, վնասվել են վեց բազմաբնակարան և երեք առանձնատուն, տնտեսական շինություն և սուպերմարկետ։
Խարկովում Ռուսաստանի հարվածի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Գիշերը հարվածի տակ է հայտնվել քաղաքի Սալտովսկի շրջանը։ Հրթիռի հարվածներից մեկի հետևանքով ավտոտնակների կոոպերատիվի տարածքում հրդեհ է բռնկվել․ այրվել է 38 ավտոտնակ և 15 ավտոմեքենա։ Վնասվել են նաև բազմահարկ բնակելի շենքեր։
Կրիվոյ Ռոգում ռուսական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցրել կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների օբյեկտներին։ Առավոտյան քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին գրում է Կրիվոյ Ռոգի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։ Հարվածներից հետո էլեկտրամատակարարման խափանումներ են սկսվել նաև Չերկասիի մարզի Ուման քաղաքի շրջանում, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցը։
Չեռնիգովում ռուսական հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ավտոկայանատեղիում։ Պայթյունի ալիքից վնասվել են բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

