Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Բոլորը

«Նուբարաշեն»-ի բանտ տեղափոխվելու 20-րդ օրը նախնական տվյալներով ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46-ամյա Արսեն Գևորգյանը։

«Հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել, այսինքն՝ ինքնազգացողության վատացում անձը չի ունեցել։ Այսօր առավոտյան շուտ բողոքել է ինքնազգացողությունից, ժամը 07:55-ի շրջանում բուժակը այցելել է և զննություն է կատարել, հետո՝ կարճ չանցած, շտապօգնություն է կանչվել, որից հետո արձանագրվել է սրտի կանգ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Որ Գևորգյանը գանգատներ չի ունեցել, հայտարարում է ոչ միայն Քրեակատարողական ծառայությունը, այլև «Ուժեղ Հայաստան»-ից նրա կուսակից Տիգրան Աբրահամյանը․ «Իմ տեղեկություններով՝ չուներ, ողջ և առողջ էր։ Առողջական որևէ խնդիր, գանգատ, իմ տեղեկություններով, չի ունեցել։ Այս կարված, շինծու քրեական գործի շրջանակներում կալանավորումները լավ բանի չեն բերում»։

Արսեն Գևորգյանը մեղադրյալի աթոռին էր հայտնվել և կալանավորվել Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ։ Ստեփանավանը համայնքներից միակն էր, որտեղ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տեղական իշխանություն ձևավորելու հայտ էր ներկայացրել։ Հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնի նկարահանված տեսանյութ հրապարակեց, որում, ըստ կառույցի, պատկերված էր կուսակցության Ստեփանավանի գրասենյակն ու «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն։

Ըստ Կոմիտեի՝ Գևորգյանն ընտրությանը մասնակցելու և այդ քաղաքական ուժի օգտին քվեարկելու պայմանով մի քանի տասնյակ ընտրողների ընտրակաշառք է տվել։ Մինչ տեսանյութի տարածումը՝ վաղ առավոտից «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի գրասենյակում խուզարկություններ էին իրականացվել, ձերբակալվել էր 14 անձ։

Այդ օրվա գործողություններն «Ուժեղ Հայաստան»-ը քաղաքական հետապնդում է որակում, իսկ այսօրվա՝ իրենց գործընկերոջ մահը՝ Փաշինյանի իշխանության քաղաքական հետապնդումների հետևանք։

«Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունն էլ այսօրվա իշխանություններն են կրում՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասում է Տիգրան Աբրահամյանը։

Այնինչ, կառավարության ներկայացուցիչ Սրբուհի Գալյանն այստեղ իրենց բաժին պատասխանատվությունը չի տեսնում․ ««Ուժեղ Հայաստան»-ը մեղադրո՞ւմ է, ո՞ւմ է մեղադրում, իշխանություններին մարդկանց կալանավորելո՞ւ մեջ։ Կարծում եմ, որ պետությունը միշտ պետք է պատշաճ արձագանք տա կատարված արարքներին կամ ենթադրյալ կատարված արարքներին, և սա պետության գործառույթն է՝ հետևել հանցագործություններին ու դրանց բացահայտմանը»։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը մատնանշում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պահման վատ պայմանները՝ չբացառելով, որ տեղի ունեցածում կարող է դա ևս իր դերակատարումն ունենալ։

«Խցային պայմաններում գտնվելիս և՛ սթրեսային իրավիճակը, և՛ բանտային պայմանները նպաստում են, որպեսզի նյարդային, հոգեբանական և արյունատար համակարգի հետ կապված խնդիրները սրվեն։ Եվ դա նորություն չեմ ասում, բանտային կալանքը ունենում է իր ազդեցությունը մարդու առողջական իրավիճակի վրա»,- ասում է Հովհաննիսյանը։

Եվ մինչ Սրբուհի Գալյանը հայտարարում է, որ կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում, իրավապաշտպան համայնքը և ընդդիմությունը հակադարձում են՝ կալանքը կիրառվում է որպես պատժիչ միջոց։

«Կալանքը, որպես խափանման միջոց, ի սկզբանե իրավական պետության համար ծնվել է որպես կանխարգելիչ միջոց, որպես խափանման միջոցներից ամենածանրը՝ նախաքննության ընթացքում որոշակի հանցագործություններ կանխարգելելու համար։ Մեր երկրում, հետպատերազմյան Հայաստանում, կալանքը դարձավ պատժիչ մահակ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների համար»,- նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Տարեսկզբից մինչ օրս սա բանտերում գրանցված մահվան 4-րդ դեպքն է։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, բայց այսպիսի գործերի քննությունն էական արդյունք չի ունենում։

«Հանրությունը որևէ վարույթով չի ունեցել մահվան դեպքերով ամբողջական քննության հանրությանը ներկայացնելու օրինակ, թե հատկապես ո՞ր փուլում է տեղի ունենում անձի կյանքի իրավունքի խախտման հետ կապված խնդիրը, ո՞ր աշխատողն է պատասխանատու, և արդյո՞ք բավարար միջոցներ կիրառել է տվյալ հիմնարկը՝ պահպանելու համար մարդու կյանքի իրավունքը, դա հիմնարար իրավունքներից մեկն է»,- ընդգծում է Զարուհի Հովհաննիսյանը։

Պատասխանատուներ և պատասխանատվություններ կլինե՞ն, այս մասին դեռ վաղ է խոսել։ Մինչ այդ ՄԻՊ-ն իր սեփական ուսումնասիրությունն է սկսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան