Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
09.11.2026 | 13:43Արցախից տեղահանվածների բնակապահովման ծրագրի շրջանակում փոքր կազմով ընտանիքների համար աջակցության չափերն ավելացվել են, իսկ բնակարան ձեռք բերելու ծրագրից դուրս մնացած որոշ ընտանիքների համար նախատեսվել է երկարաժամկետ վարձավճարի փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Ղարագյոզյանի խոսքով՝ շահառուների հիմնական դժգոհություններից մեկը աջակցության չափն էր, հատկապես փոքր կազմով ընտանիքների դեպքում։ Այդ պատճառով տարեսկզբին փոփոխություն է կատարվել։
«Եթե նախկինում Երևանամերձ բնակավայրերում ևս 3 միլիոն դրամ էր մեկ անձի հաշվով աջակցությունը, ապա այսօր Երևանամերձ մարզային բնակավայրերում ևս 4 միլիոն դրամ է»,- նշեց նա։
Շահառուների մյուս հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ անշարժ գույքի շուկայի գնաճը։ Ղարագյոզյանի խոսքով՝ վերջին շրջանում նկատվում է որոշակի կայունացում։
Նրա խոսքով՝ այս պահին բնակապահովման ծրագրի շրջանակում էական խոչընդոտներ չկան ինչպես հավաստագրերի ստացման, այնպես էլ իրացման գործընթացում։ Քաղաքացիություն ստանալու ժամկետների երկարաձգման հետ կապված խնդիրները փորձում են լուծել ընտանիքի անդամների միավորման միջոցով։
Ծրագրին միացել է 8 ֆինանսական կազմակերպություն։ Պաշտոնյայի խոսքով՝ 100 տոկոս սուբսիդավորվող վարկերի դեպքում բանկերը վարկունակության վերլուծություն և վարկային պատմության ուսումնասիրություն չեն իրականացնում։
«Նույնիսկ դասակարգված վարկեր ու ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող մեր հայրենակիցները կարող են 100% սուբսիդավորման դեպքում իրացնել հավաստագրերը»,- ընդգծեց նա։
2026 թվականի հուլիսից մեկնարկել է փոքր կազմով ընտանիքների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը։ Այն նախատեսված է 1-3 անդամ ունեցող այն տեղահանված ընտանիքների համար, որոնք չեն օգտվել բնակապահովման ծրագրից կամ չեն իրացրել հավաստագիրը։
Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնց անդամները 60 և ավելի տարեկան են, ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության ծանր կամ խոր աստիճանի սահմանափակում։
«Այս ընտանիքներին նախատեսում ենք երկարաժամկետ վարձավճարի հատուցման ծրագիր, որը տրամադրվելու է 10 տարի ժամկետով, և տեղահանված յուրաքանչյուր անդամի հաշվով նախատեսում ենք 40,000-ական դրամ որպես վարձավճարի հատուցում»,- նշեց աշխատանքի և բարեկեցության նախարարության ընտանիքի սոցիալական գնահատման և հրատապ սոցիալական աջակցության քաղաքականության բաժնի պետ Էդգար Բզնունին։
Ծրագրից օգտվելու համար ընտանիքները պետք է նաև հաշվառված լինեն սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

