Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Քաղաքականություն
09.11.2026 | 13:31
Նոյեմբերի 7-ի երեկոյան Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած Միխալ Օքսինսկին մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնել է Մալոպոլսկի վոյևոդության ոստիկանությունը, գրում է Current time-ը։ Մալոպոլսկի վոյևոդության ղեկավար Քշիշտոֆ Կլենչարը հայտնել է, որ տղամարդու վիճակը հենց սկզբից ծայրահեղ ծանր է եղել, և նա առնվազն երեք վիրահատության է ենթարկվել։
«Չնայած նրա կատարած ծանր հանցագործությանը՝ պայքար էր տարվում մարդու կյանքի համար»,- TVN24-ին ասել է նա։
Կրակովում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել էր վեց մարդ՝ Լեհաստանի չորս քաղաքացի (61, 47 և 53 տարեկան երեք կին, ինչպես նաև մոտ 50 տարեկան տղամարդ), Մեծ Բրիտանիայի 32-ամյա քաղաքացի և Ավստրիայի 51-ամյա քաղաքացի։
Հաղորդվում էր, որ վիրավորվել է 16 մարդ, որոնց թվում եղել են Ավստրիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։ Կլենչարի խոսքով՝ վիրավորներից 14-ի վիճակը գնահատվում է կայուն։ Հրաձիգին ձերբակալելու գործողությանը մասնակցած ոստիկաններից մեկը ծանր վիճակում է․ նա դուրս է բերվել կոմայից։ Ոստիկանության երկրորդ աշխատակիցը նույնպես գտնվում է Կրակովի հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է կայուն։
Միխալ Օքսինսկին 24 տարեկան էր։ Զոհված վեց անձանցից երեքը նրա ծնողներն ու քույրն էին։ Նրանց մարմինները հայտնաբերվել են հրաձգությունից և կրակողին ձերբակալելուց հետո՝ Օստրովեց-Սվենտոկշիսկի քաղաքի տներից մեկում։
Նշվում է, որ Օքսինսկին նախկինում դատված չի եղել։ Ունեցել է հրազեն պահելու թույլտվություն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

