ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
Քաղաքականություն
08.11.2026 | 15:18
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության՝ էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածների հետևանքով։ Այս մասին կիրակի՝ նոյեմբերի 8-ին, հայտնել են ԴՏԷԿ էներգետիկ ընկերությունը և մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանջան։
ԴՏԷԿ-ի տվյալներով՝ էլեկտրամատակարարման ընդհատումները գրանցվել են Պավլոգրադի, Սամարի, Կամենսկի և Դնեպրի շրջաններում, ինչպես նաև Դնեպր քաղաքում։
Գանջան հայտնել է, որ հիվանդանոցներն ու կենսական նշանակության ենթակառուցվածքներն անցել են գեներատորներով ինքնավար էլեկտրամատակարարման։ Վթարային բրիգադները սկսել են էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները, սակայն շարունակվող ռուսական հրետակոծությունները խոչընդոտում են դրանց իրականացմանը։
Նոյեմբերի 7-ին Դնեպր քաղաքի էներգետիկ օբյեկտների դեմ հերթական հարձակումներից հետո ավելի քան 60 հազար սպառող զրկվել է էլեկտրամատակարարումից, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավարը։
Նրա խոսքով՝ վերանորոգման բրիգադները կկարողանան սկսել վնասված օբյեկտների վերականգնման աշխատանքները, երբ իրավիճակը թույլ տա ապահովել աշխատակիցների անվտանգությունը։
Նոյեմբերի 8-ի գիշերը Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը Դնեպրոպետրովսկի մարզի երկնքում խոցել են ռուսական 13 անօդաչու թռչող սարք, հայտնել է Գանջան։
Միաժամանակ, ռուսական զորքերը մարզի չորս շրջանների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով ավելի քան տասը հարված են հասցրել։ Դնեպրի և Կամենսկի շրջաններում արձանագրվել են ենթակառուցվածքային օբյեկտների վնասներ։
Նիկոպոլի շրջանում ռուսական ուժերը հարձակվել են շրջկենտրոնի և Պոկրովսկի համայնքի վրա։ Հարվածների հետևանքով վնասվել է բազմաբնակարան բնակելի շենք։
Եվս մեկ առանձնատուն վնասվել է Սինելնիկովոյի շրջանի Դուբովիկովսկի համայնքում, որտեղ նաև հրդեհ է բռնկվել։

